Միգրացիան փոխեց իմ կյանքը

Ես Սոսեն եմ: Սովորում եմ Դարբասի միջնակարգ դպրոցի տասներկուերորդ դասարանում:Մեր դասարանոը բաղկացած է 6 հոգուց:Մեկ աղջիկ և հինգ տղա: Իսկ ինչու այդքան քիչ.այ հենց այստեղ է,որ պետք է ասեմ,որ միգրացիան ուղղակի,թե անուղղակի կապվեց իմ ճակատագրի հետ: Հիմա կզարմանաք, թե ինչու: Որովհետև թեպետ իմ ընտանիքը միգրացիայի չենթարկվեց,բայց ես այդ երևույթի շնորհիվ մենակ մնացի իմ դասարանում ` առանց ընկերուհու:Իմ վարքից և պահվածքից սկսեց բացակայել աղջկական սեթևեթանքն ու ինչու չէ` հեզությունը: Որովհետև ինձ հետ աղջկական հույզերն ու ապրումները կիսող չկա: Երբ նոր զգեստ եմ հագնում կամ սանրվածքս փոխում, ոչ մի նուրբ աչք չկա, որ ինձ հաճոյախոսի կամ նրբաճաշակությունս ու անճաշակությունս քննարկի:

Իսկ ինչու այդպես եղավ: Պատճառը երևի նորին մեծություն Միգրացիան է: Որ անկոչ հյուրի նման եկավ մեր գյուղ և դրա շնորհիվ փակվեցին մեր գյուղի շատ դռներ: Բայց իմ ծնողները չփորձեցին տեղափոխվել ուրիշ երկիր.հայրս գերադասեց մնալ գյուղում, հող մշակել և զբաղվել մանկավարժությամբ,իսկ մայրս էլ գերադասեց գյուղական դպրոցում մայրենի դասավանդել,քան օտար երկրում առևտուր անելով «կլորիկ» գումար վաստակել`

-Ես ապրում եմ դպրոցով, ես չեմ կարող առանց իմ մասնագիտության ապրել,- ասում էր նա և ավելացնում,- ավելի լավ է չոր հաց ու անարատ սնունդ ուտել, քան արտերկրում ամեն օր խորոված ճաշակել:

Այս հոգեբանությամբ էլ մենք մնացինք գյուղում,ապրեցինք տատիկիս հետ,ծնվեցին քույրս և եղբայրս: Մանկապարտեզում ինձ հասակակից ընկերուհիներ ունեի: Բայց նրանք գնացին Ռուսաստան,մի ընկերուհիս էլ գնաց շրջկենտրոն,որովհետև նրա մայրիկն ասում էր` իմ աղջիկը պետք է քաղաքում դպրոց գնա:

Ու այսպես ես մնացի մենակ: Հինգերորդ դասարանում հարևան գյուղից երկու աղջիկ եկան մեր դասարան,նրանցից մեկը ընդամենը երկու տարի սովորեց մեզ հետ,մայրը նրան տարավ Մոսկվա, և այդպես էլ ավարտվեց նրա դպրոցական կրթությունը: Հիմա նա Մոսկվայում թխվածքի արտադրամասում բավական գումար է վաստակում ու չի էլ մտածում տասներկուամյա կրթության մասին: Իսկ մյուս ընկերուհիս տեղափոխվեց Սիսիանի Ավագ դպրոց,որովհետև քաղաքի Ավագ դպրոց հաճախելը մի տեսակ պատվի հարց է դարձել:

Ու ես էլի մնացի մենակ, չգիտեմ արտագաղթի, նորաձևության, թե ուղղակի ճակատագրի հեգնանքով .

Ահա թե միգրացիան ինձ ինչ տվեց, իմ մենակությունը դասարանում, մեկ աղջիկ լինելու կարգավիճակը: Տղաների տոնն է, մեն-մենակ տորթ եմ թխում տանը և շնորհավորում նրանց: Իսկ իրենք, ինձ համար ոտքով հասնում են ջրջկենտրոն, մեծ ծաղկեփունջ ու փափուկ խազալիք գնում,որ նվիրեն աղջիկների տոնին:

Իսկ ամենահետաքրքիրը «Ոսկե աշունն» էր: Այդ տոնին մեր դասարանը Թումանյանի «Կիկոսի մահը»-ն էր ներկայացնում` ժամանակակից մոտեցմամբ: Ես դարձա հայրը, իսկ տղաները` աղջիկները: Նրանք հագել էին իրենց տատիկների խորհրդային ժամանակներին գնված զգեստները, և բոլորը ծիծաղից ուշագնաց էին լինում: Իսկ սյուժեն մեր դասարանի պատմությունն է: Հայրը աղջիկներին քաղաք է ուղարկում, և  ոչ մեկը նրանցից հետ չի գալիս. մեկը քաղաքում ավագ դպրոց է ընդունվում ու չի գալիս, միջնեկը գնում է Մոսկվա, ընդունվում թխվածքի արտադրամասում աշխատելու, գումար վաստակում ու չի գալիս, իսկ փոքրը` Սոսեն, գնում է քաղաք, բայց կարոտում է իրենց ծառի խնձորները, իրենց դասարանի տղաներին ու հետ է գալիս: Այսպես միգրացիա կոչվածը ներկա էր նաև աշնան հանդեսին:

Իմ կարծիքով միգրացիան դրական կողմեր էլ ունի. մարդը արտերկրում լավ է վաստակում, կարողանում է իր ընտանիքը լիարժեք պահել, սա միայն նյութական կողմն է, իսկ բարոյականը. մարդը նահանջում է, նահանջում գիտությամբ, հոգով, բարքերով և անգամ` լեզվով: Սա է տագնապը: Հիշում եմ` մի հաղորդման ժամանակ  Շիրազի տղան ասաց, որ եթե իր հայրը կենդանի լիներ ու տեսներ մեր ժամանակների ահագնացող արտագաղթը, նրա սիրտը չէր դիմանա:

Թող այս սահմանադրական նոր բարեփոխումները բեկում մտցնեն մեր երկրի տնտեսական կյանքում, տա Աստված, որ Հայաստանում կյանքը այնքան լավանա, որ բոլոր միգրանտները վերադառնան հայրենիք, որ մարդը ապրի լիարժեք կյանքով, որ ոչ մի երեխա չկարոտի իր ծնողներին: Թող խաղաղությունը և երջանկությունը իշխեն մեր երկրում: Ու թող եղիցի լույս:

Սոսե Զաքարյան, Սյունիքի մարզի Դարբասի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարան

2 մեկնաբանություն Միգրացիան փոխեց իմ կյանքը հոդվածին

  1. Liana Gevorgyan says:

    es sireci qez u qo patmutyun@,

  2. Լյուբա says:

    Սյունաց գեղեցկուհի ,ցանկանում եմ քո հասակակիցների հետ Հայաստանը այնպիսին դարձնեք,որ բոլորը հետ վերադառնան իրենց հայրենիք:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *