ՄԻՊ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԵՎ ԶԼՄ-Ն ՇԱՏ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆ

-Պարո՛ն Եղիազարյան, ապրիլ ամսին Սիսիանի տարածաշրջանում նույնպես բացվեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որի ներկայացուցիչը Դուք եք: Գործունեության այս ամիսների ընթացքում արդարացա՞ն տարածաշրջանում գրասենյակ ունենալու անհրաժեշտության մասին Ձեր հիմնավորումները:
-Գրասենյակի գործունեության սկիզբը համընկավ շատ կարեւոր քաղաքական գործընթացի` ԱԺ ընտրությունների ժամանակաշրջանի հետ, եւ այդ ընթացքում էր, որ կարողացանք նաեւ ՄԻՊ-ի գրասենյակի` դիտորդական առաքելությունը իրականացնել` փորձելով պայքարել ընտրական իրավունքների խախտումների դեմ: Մեր` դիտորդական առաքելությամբ զբաղվելու հանգամանքն էր, որ շատերին ետ էր պահում ընտրությունների շրջանում ամենաթողությամբ զբաղվելու, ընտրությունները իրենց ուզած` անպատժելիության  ճանապարհով տանելու գործելաոճից:
-Դա անհարկի միջամտություն չէ՞ր քաղաքական գործընթացներին:
-Բոլորովին, որովհետեւ մենք միջամտում էինք միայն ու միայն մեզ դիմելուց հետո, այն էլ` գրավոր խնդրանքով: Ու ասեմ, որ այն բավականին դրական արդյունքներ ունեցավ մի քանի առումով: Նախ` շատերը հասկացան, որ ընտրությունները միայն իրենց ուզած եղանակով ու իրենց մտածած ճանապարհով տանելու ցանկությունը դեռեւս քիչ է, քանի որ կան դրան խստագույնս հետեւող աչքեր, մյուս կողմից` բարձրացավ մարդկանց վստահությունը ՄԻՊ-ի գրասենյակի գործունեության հանդեպ, եւ շատերը սկսեցին դիմել իրենց իրավունքները պաշտպանելու հարցերով:
-Դժվարություններ կա՞յին:
-Այո՛, կային, քանի որ մեր ակտիվ գործունեությունը ոմանց շատ էր կաշկանդում, եւ նրանք ամեն կերպ փորձում էին վարկաբեկել մեր աշխատանքը` ընդհուպ անանուն զանգ հղելով ՄԻՊ-ի գրասենյակ` իբրեւ մեր` կոնկրետ կուսակցության պաշտպանելու, կամ` կոնկրետ թեկնածուի խանգարելու մասին: Ասեմ, որ այդ անանուն զանգահարողները ինձ համար հայտնի անձինք են, քաջատեղյակ եմ այդ օրերին եւ Գորիսում եւ Սիսիանում ծավալված բոլոր խոսակցություններին եւ մինչեւ վերջ հետեւողականորեն հետամուտ եմ լինելու նրանց` այդ օրերի գործողություններին հրապարակավ պատասխանելու:
-Քաղաքական նոր գործընթացներում` ՏԻՄ ընտրություններում նույնպե՞ս դերակատարում կունենա ՄԻՊ-ի տարածաշրջանային գրասենյակը:2012_115
-Անպայմա՛ն: Ընտրողի իրավունքի պաշտպանությունը նույնպես մարդու իրավունքի պաշտպանություն է:
Ասեմ, որ հատկապես գյուղական համայնքներում են անասելի շատ քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը: Այստեղ հատկապես շատ անելիք ունենի ՄԻՊ-ի գրասենյանկի ներկայացուցիչը:
-Առավելապես ի՞նչ հարցերով են դիմում Ձեր գրասենյակ:
-Ամենատարբեր, սկսած` կենցաղային, ընդհուպ, ասենք, ծառահատման, մինչեւ` գրանցումների, համայնքապետերի անօրինական որոշուների եւ հրամանների: Այստեղ էլ մեծ անելիք կա: Տեսնես երբեւէ որեւէ մեկը ծանոթացել, կարդացե՞լ է մեր որոշ համայնքապետերի տված հրամաններին, կարգադրություններին, որոշումներին: Ողբերգություն է, կատարյալ անտեղյակություն ու անտարբերություն:
-Պնդո՞ւմ  եք, որ տարածաշրջաններում նման գրասենյակների գործունեությունը անհրաժեշտություն էր:
-Այո՛: Եվ ուզում եմ նաեւ շնորհակալությու հայտնել «Որոտան» թերթին, որ մեր գործունեության մասին իրազեկել է մեր բնակչությանը, ովքեր գիտեն մեր տեղը, ծանոթ են մեր գործունեությանը: Այն հարցերը, որ հնարավոր էր տեղում լուծել, լուծել ենք, մնացած դեպքերում միջնորդել ենք` դիմել մարդու իրավունքների պաշտպանին եւ օգնել այնտեղ լուծել իրենց հարցերը:
Մենք եւ ԶԼՄ-ն շատ անելիք ունենք` միշտ մարդկանց կողքին լինելու, նրանց իրավունքներին իրազեկելու եւ  պաշտպանելու առումով:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *