Միրգը կերա, միրգը գնաց, իսկ իմ սիրուն գիրքը մնաց…

Գրքի նկատմամբ սերը հազարամյակներից է սերնդե-սերունդ փոխանցվել եւ հասել մեր օրերը: Ու բնավ պատահական չէ, որ գաղթի եւ կոտորածի ճանապարհին հայ մայրը, իր զավակի պես գրկած, հայ գիրքն ու մագաղաթն է փրկել «մորթվելուց»: Գրքին եւ դպրությանը նվիրված տոներն ու տոնակատարություններն էլ են ավանդաբար փոխանցվել դարերի միջով եւ հասել մեր օրերը: Այդ կապը անքակտելի պահելու, ավանդույթները շարունակելու նպատակով է, որ մեզանում սկիզբ է առել մեկ ուրիշ՝ գիրք նվիելու գեղեցիկ երեւույթը, ինչը, բնականորեն, պիտի համընկներ Ամենայն Հայոց Բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, քանի որ հենց «Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»:

Եվ ահա մեզանում, քանի տարի է արդեն, փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Սիսիանի՝ Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի գրադարանում այսօր նշեցին գիրք նվիրելու օրը՝ մեկ անգամ եւս այն զուգորդելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ:

Խոսելով գիրք նվիրելու՝ ձեւավորվող եւ արդեն ավանդույթ դարձող DSC05414երեւույթի մասին՝ կենտրոնի գրադարանավար Մարինե Մարտիրոսյանը նշեց, որ թեեւ ժամանակները տեխնիկական առաջընթացինն են, թեեւ սերնդին ավելի շատ գրավում եւ հրապուրում է էլեկտրոնային եղանակով ինֆորմացիա ստանալը, բայց գիրքը եղել է ու կա որպես դաստիարակության, աշխարհայցքի, մտահորիզոնի ձեւավորման ու զարգացման կարեւորագույն աղբյուրը, եւ նրա դերն ու նշանակությունը երբեք չի նվազի: Գրադարանավարը նշեց, որ կենտրոնն ունի 3 հազարից ավելի կտոր գրականություն, ինչը համալրվում է հիմանակնում նվիրատվությունների եղանակով եւ վկայակոչեց վերջին՝ «Վիվա Սելի» կողմից ստացած նվիրատվությունը: «Որպես հոգեւոր պատգամ՝ գիրքը փոխանցվում է սերնդից սերունդ, եւ մեր խնդիրն է այդ պատգամը փոխանցելը»,-ասաց գրադարանավարը:

Կենտրոնի խմբակների սաները հնչեցրեցին գրքին նվիրված ասույթներ, իմաստասիրություններ, Թումանյանի քառյակներից, ապա ճաշակեցին «Գիրք-տորթը»: Բայց եւ չտրվեցին «տորթային» գայթակղությանը՝ «Միրգը կերա, միրգը գնաց, բայց իմ սիրուն գիրքը մնաց» համոզմունքով: Միջոցառման մասնակիցները գրքեր նվիրեցին թե կենտրոնի գրադարանին, թե՝ միմյանց: Կենտրոնի սաները Տերունական աղթոք հուշանվեր-գիրք նվիրեցին միջոցառմանը ներկա Սիսիանի համայնքապետին, ով իր հերթին պատրաստակամութուն հայտնեց գրադարանը համալրել պահանջված գրականությամբ:

Գայանե ՋԱՎԱԴՅԱՆ

Կենտրոնի սան

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *