ՄԻ ԳՆԱ, ՄԻ ԳՆԱ, ԼԻՍԿԱ ՋԱՆ

«Գորիսը լիսկաթափվում է» վերնագրով մեր հրապարակումը մեծ արձագանք է առաջացրել Գորիսում, շատերն են իրենց գոհունակությունը հայտնել և միաժամանակ տրամադրել նոր փաստեր, որոնք լույս են սփռում ոչ միայն Լիսկայի գործունեության, այլև այն անձերի վրա, որոնք չեն դադարում սին հույսեր փայփայել, թե իրենց հովանավորն ու պաշտպանը կարող է վերադառնալ:
Իսկ այս կլանն այսօր պատերազմ է հայտարարել իր կողմից քաջարանյան կոչվող կլանին, ինչը, բնականաբար, վերաբերում է Մաքսիմ ու Վահե Հակոբյաններին: Հետամանորյա ձախողված խնջույքը, պարզվում է, շատ է անհնագստացրել Լիսկայի մտերմագույն զինակիցներից մեկին՝ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին, որը ժամանակին հայտնի էր որպես հակալիսկայական, սակայն, ինչպես գորիսեցիներն են պնդում, Լիսկան կարողացավ փողով նրան գայթակղել, ոգևորել և իր մարդը դարձնել: Բայց միայն փողը չէր Սամվել Ալեքսանյանին պետք: Նրան անհրաժեշտ էր նաև Լիսկայի միջոցով իր որդուն՝ Կարեն Լազարյանին, որևէ պաշտոնով ապահովել:
Դե, Լիսկան էլ անաղուհաց մարդ չէր, տեսավ, որ Գորիսի պետական մանկավարժական քոլեջի տնօրենի պաշտոնը թափուր է, Կարեն Լազարյանին նշանակեց այդ պաշտոնին՝ իհարկե, տևական ժամանակ հանրությունից թաքցնելով այս նշանակումը, քանի որ միանգամից խախտվել էին պարտադիր համարվող մի շարք կետեր. Կարեն Լազարյանը չուներ մանկավարժական կրթություն, ինչը համարվում է անհրաժեշտ պայման տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար, մանկավարժական քոլեջը ՊՈԱԿ է, ինչն էլ նշանակում է, որ տնօրենը ոչ թե պետք է նշանակվեր, այլ՝ ընտրվեր: Բայց դե Լիսկայի համար օրենքներ գոյություն չունեին, մանավանդ իրեն ծառայող մարդկանց համար:
Եվ հիմա Սամվել Ալեքսանյանն իր թերթի էջերից ժողովրդական երգի բառերն է դարձնում սիրո վառ արտահայտություն՝ անընդհատ կանչելով. «Այն օրվանից, որ գնացիր, պարտեզս է ամայի»: Եթե լիսկայասերների հոգու պարտեզներն են ամայացել նրա հեռանալով, ապա, պարզվում է, շատ սյունեցիների համար ցնծության օրեր են եկել: Ոմանք արդեն ձեռքբերումների մասին են խոսում և մանավանդ այն մասին, որ Գորիսն աստիճանաբար ապաքրեականանում է, որ քաղաքում պակասել են իրենց շքեղ մեքենաներով երթևեկ անող լիսկայականները:

Մ. Լևոնյան
newsbook.am
21.01.2014

Մեկ Արձագանքման ՄԻ ԳՆԱ, ՄԻ ԳՆԱ, ԼԻՍԿԱ ՋԱՆ համար

  1. Անժելա says:

    Ամեն դեպքում թե ինչ կրթություն ունի Կարեն Լազարյանը?դա կարևոր չի,կարևորը ,որ նրա ղեկավարման տարիներից մինչ այսօր քոլեջը ունի վստահելի,քոլեջի կյանքով ապրող,քոլեջը դեպի զարգացում տանող տնօրեն,նրա համար թանկ է յուրաքանչյուր ուսանող:Նա քոլեջում և հայր է,և ընկեր և տնօրեն:Նա շատ կիրթ,խելացի,մարդկային բարձր որակներով,գեղեցիկ արժեքներով անձնավորություն է,ես ծնող եմ և միաժամանակ շատ գոհ եմ նրա խստապահանջությունից,պետք չէ մարդուն ճանաչել իր հորով կամ իրեն այդ պաշտոնում նշանակած մարդկանցով,հիմա գրեթե բոլոր տնօրեններն են նշանակվում:Այդ քոլեջում այսօր կրթական բարեփոխումներ են`շնորհիվ տնօրենի:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *