ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐԺԵՔ Է

Ձեռքիս տակ են Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի տնօրինության ջանքերով եւ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ տպագրված դիտարժան եւ ճաշակով ձեւավորված, հետաքրքիր եւ պերճախոս 2 փոքրիկ բուկլետ-գրքույկ` «Քարադարան» ու «Գորգեր եւ ձեռագործ» անվանումներով: Հենց միայն այս փոքրիկ տպագիր բուկլետ-գրքույկները բավարար են մեծ հետաքրքրություն առաջացնելու մշակութային այն օջախի նկատմամբ, որտեղ հանգրվանել, պահվում եւ ապրում են մեր ազգային մշակութային արժեքները, որոնք այդ պատմությունը կտակում են գալիք սերնդին` ապահովաբար անցյալը ներկա դարձնելով, պատմությունը` ներկա առօրյա:
Ինչպես հավաստիացնում է թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը, սա միայն սկիզբն է այն մեծ ծրագրերի եւ գաղափարների, որ մտադիր են իրականացնել: Թանգարանում պահվող մշակութային հարուստ, արժեքավոր, բազմադարյա եւ ինքնատիպ նյութը անսպառ աղբյուր է` այդօրինակ հրապարակումներ հրամցնելու հանրությանը, ցուցանմուշները «խոսեցնելու», «կենդանացնելու», եւ, թանգարանի ցուցասրահներից ու պատերից «դուրս հանելով», հասանելի ու մատչելի դարձնելու նաեւ նրանց համար, ովքեր ավելի քիչ են թանգարան այցելում, բայց իրավունք ունեն տեղյակ լինել իրենց բնօրրանի պատմությանը, հաղորդակից լինել ազգային մշակույթին եւ մշակույթն իբրեւ ընկալում, գաղափար, կենսաձեւ, մտածողություն գիտակցելու:
Նմանօրինակ բուկլետ-գրքույկներ կտպագրվեն թանգարանի բրոնզեդարյան հարուստ նյութի, արհեստների եւ փայտի փորագրության, միայն Սիսիանի թանգարանում նշվող «Հացի տոնի» եւ այլ թեմաներով, կտպագրվի «Սիսիանի պատմության թանգարան» գիտահանրամատչելի ստվարածավալ գիրքը, դասական եւ ժամանակակից նշանավոր պատմաբանների` Սիսիանին նվիրված հոդվածների եւ հրապարակումների ժողովածուները:
Թանգարանն, ինչ խոսք, կենդանի օրգանիզմ է, կենդանի միջավայր, ուր կողք-կողքի ապրում, շնչում եւ ներդաշնակորեն համադրվում են հազարամյակների հեռուն եւ մեր երեկը: Ամենահին ցուցանմուշները, որ նախամարդու աշխատանքային առաջին գործիքներն են, պեղված Զորաց Քարերի տարածքից, մ.թ.ա. 3 հազարամյա պատմություն ունեն, որ համերաշխ  ու տարրաձույլ «ապրում են»  արցախյան ազատամարտի մասին պատմող նորօրյա պատմության հետ:
Թերեւս` քչերը, այդ թվում` թանգարանի նախանձախնդիր հիմնադիր-նվիրյալներն էին, որ դեռեւս 1989-ին գիտակցում, կարեւորում, արժեւորում էին մշակութային նմանօրինակ օջախի անհրաժեշտությունը պատմական հարուստ կենսագրություն ունեցող եւ հնագիտական եզակի ժառանգություն թողած տարածքի` Սիսիանի համար, եւ… չէին սխալվել: Պատկերացրեք, հապա, սիսիանյան մշակութային դաշտն ու միջավայրը որքան աղքատիկ, «համր» ու որքան անվկա կլիներ, եթե մերօրյա խանութաշինության, սպասարկման օբյեկտների եւ սպառողական միջավայրի մեջ չլիներ այն օջախը, որը թանգարան է կոչվում եւ արդեն 22 տարվա իր գոյությամբ փորձում է չխամրեցնել սիսիանյան մշակութային ընկալումը, հոգեբանությունը, որոշակի բարձր մակարդակի հասցրած նշաձողը, որը, ցավոք, երբեմն, հացի խնդրի մեր օրերում, իջնում-հասնում է կենցաղային մակարդակի` դառնալով նաեւ քաղաքականության եւ քաղաքականացված շոուների միջոց, ինչի նկատմամբ անհաշտ է նաեւ թանգարանի տնօրենը: «Ես այս գործի վրա դրել եմ իմ կյանքը: Այն, ինչ արվել է, 22 տարվա արյուն-քրտինքի արդյունքն է,- ասում է Ծովինար Պետրոսյանը եւ հավելում,- ես համոզված եմ, որ պրոֆեսիոնալ նկարիչը, արվեստագետը, մշակույթի մարդը, պարզապես, երբ մտնի թանգարան, վստահ է լինելու, որ պրոֆեսիոնալ գործ է տեսնելու: Իսկ մշակույթի մարդն ուզում է լինել այն միջավայրում, որտեղ իրեն հոգեպես բավարարված պիտի զգա: 22 տարվա ընթացքում ստեղծել ենք մի թանգարան, որը թեեւ մեծ չէ, բայց` հարուստ է ազգային արժեքներով եւ ունի մշակույթի այն բոլոր նիշերը, որ պարտադրում է իսկական մշակույթը»:2010_100
Թանգարանի տնօրենը այցելուների թվի շատ ու քչով չի չափում թանգարանի կենսունակությունը, այլ` մշակութային մարդու` մշակույթին հաղորդակից լինելու չափանիշով: «Մենք այսօր աշխարհին մշակույթից բացի տալիք ոչինչ չունենք, գուցե կյանքը փոխվի, եւ, ինչպես ասում են, ժամանակակից տեխնոլոգիաների երկիր դառնանք, բայց այսօր եթե զբոսաշրջիկը Սիսիան է գալիս, մեր մշակույթը սիրելով է գալիս, ոչ թե` մեր կյանքը սիրելով: Ջրիմուռներից փտախտացած Որոտանը միայն հերիք է (մեջբերումըը  2010-ի հուլիսին թանգարանին նվիրած  ֆրանսահայ գրող Դընի Դոնիկյանի գրքից է.-խմբ.),  որ զբոսաշրջիկը Սիսիան չգա, բայց նա գալիս է, քանի որ այստեղ է նաեւ Զորաց Քարերը, Ուղտասարը, Գոդեձորը… »:
Ծովինար Պետրոսյանը կարծում է, որ  մշակույթին նվիրվելն ու մշակույթ պահելն այսօր քաջություն է, որը մեծ ինքնաայրում է պահանջում, որը քամում եւ սպառում է իր նվիրյալին, եւ` ծնվում է մեծ սիրուց ու ցավից, այլ կերպ` մշակույթը կամ լինում է այն, ինչ որ կա, կամ` չի լինում: «Մեր` սիսիանյան մշակույթը քամվելով չի ստեղծվում: Արժե հիշել Դավինչիի խոսքերը` իմ բոլոր գործերը իմ արյունով եմ նկարել»,- ավելացնում է նա:
Եթե մշակութային այս կամ այն միջոցառումը մարդուն չի բարձրացնում, չի վեհացնում, չի ազնվացնում, հոգու եւ հոգեւորի տոն չի դառնում, ուրեմն` իզուր է: Իսկ արդեն 6-րդ տարին թանգարանում նշվող սիսիանյան «Հացի տոնը» բարձրացրե՞ց հացի հարգը, առօրյա հացի խնդիր լուծող սիսիանցի մշակն ու մշակույթի մարդը բարձրացա՞ն հոգով մեր հարցադրմանը թանգարանի տնօրենը յուրատիպ պատասխան տվեց, ասելով` «Հայոց մեջ հացը միշտ էլ դժվար է ստեղծվել, դրա համար էլ մենք ապրել ենք ոչ միայն հացիվ: Մեր պատմության մեջ եթե միայն հացի խնդիր դնեինք, չէինք լինի: Իսկ Սյունիքը, որ ոտատակ էր, բնակչության հիմնական ժամանակը պատերազմի վրա էր անցնում: Բայց եթե 6-7 հազար տարի առաջ ժայռագիր ենք ստեղծել, նշանակում է նաեւ` հավատալիք ենք ունեցել, այսինքն` հոգեւոր կյանք: Արդեն 6-րդ տարին է` միայն Սիսիանի պատմության թանգարանում է նշվում «Հացի տոնը», որը նրա հեղինակային իրավունքն է: «Հացի տոնը» ոչ թե հաց ուտելու տոն է, այլ` հոգեւոր-մշակույթը փոխանցելու տոն: Մենք սրանով տոնի գաղափարը սերնդին փոխանցելու խնդիր ենք դնում, ոչ թե` հացկերույթի: Չես կարող ամեն օր հաց ուտող մարդուն  զարմացնել հացի տոնով, մեր նպատակը հացը ճիշտ ներկայացնելու, հացի գործածությունը, մշակույթը եւ մշակությունը ճիշտ ներկայացնելու մեջ է, որ հացն ավելի ոգեղեն երեւա եւ ընկալվի, եւ հացի պաշտամունքը հոգեւոր մի նոր մակարդակի բարձրանա: Խորագիրը` «Աստվածս` ցորենին ասեմ» սահյանական տողն ընտրեցինք, որը հացի պաշտամունքի մոնումենտալ օրինակ է մի ժողովրդի համար, որն ապրել ու մաքառել է ոչ միայն հացիվ»:
«Պիտի հավատամ իմաստուն հասկին,
Որ մեռնելով է աշխարհը պահում»
Համո Սահյան
Եւ, երեւի, այդ հոգեւորն է նախաստեղծ, որ դարերի հոլովույթում դիմանում-դիմակայում է` նաեւ` ցավը իբրեւ հաց ողջունելով, անգամ` Քրիստոսի մարմինն իբրեւ հաց ընդունելով, Ցորյանն իբրեւ կենսասկզբի սերմ գիտակցելով եւ ՍԵՐՄԸ իբրեւ հարատեւումի խորհրդանիշ երկրպագելով: «Եւ դառնամ դարձյալ հասկին աղոթեմ»  (Համո Սահյան):
Տնօրենը թանգարանը համեմատում է Աստծո տան` եկեղեցու հետ, ուր մարդիկ գնում են խնկարկելու եւ աղոթելու, թանգարանի պարագայում` նաեւ խոնարհվելու  ազգի հանճարի, արարող ու արարիչ ձիրքի` ոգեղեն ու առարկայական մշակութային արժեքների առջեւ, որն այսօր մեզ ավելի շատ է աշխարհին ճանաչելի դարձնում: Եւ այդ արժեքներին հաղորդակից լինելու համար է, որ աշխարհի ամենատարբեր ծայրերից այստեղ մարդիկ են գալիս` մարդկության մանկության ժամանակներում ստեղծված նախաստեծին հաղորդակցվելու: «Սիսիան են գալիս ոչ թե սովորական տուրիստներ, այլ` գիտության մարդիկ,- ասում է Ծ. Պետրոսյանը եւ հավելում,- եթե մարդու ուղեղը չի տանում, հոգին տանում է դեպի նախաստեղծ պարզը»:
Գիտակցաբար այս հոդվածում չենք խոսում թանգարանային հիմնախնդիրների, շենքի, Քարադարանի հիմնանորոգման հույժ անհրաժեշտության, ներսի եւ դրսի ցուցանմուշները ըստ արժանվույն ցուցադրելու կարեւորության, շենքի օդա-ջերմային ժամանակակից ռեժիմների պահպանման, մշակութային արժեքները ոչ թե մասնավոր, այլ` պետական թանգարանում ցուցադրելու եւ այլ հարցերի մասին, քանի որ, ըստ տնօրենի, դրանք նաեւ կառավարության ուշադրության կենտրոնում են եւ առաջիկա պետական ծրագրերի մեջ ներառված, կարեւորը, ինչպես հավաստիացնում է թանգարանի տնօրենը, մշակութային ժառանգության եւ մշակույթի փոխանցման գիտակցումն է, որը նույնպես արժեք է, իսկ թանգարանը, որպես մշակութային օջախ, դրա կրողներից մեկն է: «Թանգարանը մեր ժողովրդի անձնագիրն է, արյունն է, պատմությունն է, հիշողությունն է, արձանն է, ապագան է, ամեն ինչն է, օրգանիզմ է, եթե մեկ օր նրա դուռը փակես, կյանքն այստեղ կանգ կառնի: Իսկ մենք դրա իրավունքը չունենք: Թանգարանը այս քաղաքի մշակութային կյանքի մի մասնիկն է: Եթե մեր միջոցառումներից թեկուզ 3 հոգի հոգեպես բավարարված հեռանա, ես կհամարեմ, որ 3 մոմ վառեցի մեր մշակույթի ճանապարհին»:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *