ՄՇՏԱՊԵՍ ՇՏԱՊՈՂ ՈՒ ԲԱԶՄԱԶԲԱՂ ԹԱՄԱՐԱՆ

Թամարա Գևորգյանին բոլորն են ճանաչում  Շամբում եւ հարևան գյուղերում:  Զբաղվում է գյուղատնտեսությամբ, աշխատեցնում երկու արտադրամաս, մեկ խանութ: «Միլիոնները, հարստությունը չեն կարեւորը, այլ`առողջությունն ու  խելացի երեխաներ ունենալը: Մարդ երջանիկ է իր զավակներով, քանի որ ազգին, հասարակությանը պիտանի մարդ է պարգեւում: Ես այդպես եմ կարծում »,- ասում է Թամարան եւ ափսոսում, որ միայն մեկ դուստր ունի:

Ծնվել, մեծացել է Սիսիանում, Երևան քաղաքում հաշվապահություն սովորել, բայց վստահեցնում է, որ ինքը սիրում է գյուղը. «Քաղաքում մարդիկ մշտապես սթրեսի վտանգի մեջ են: Դա նրանից է, որ  չեն շփվում կամ` քիչ են շփվում իրար հետ, չեն կիսվում: Հնարավոր է`  նեղված ժամանակ մեկը չլինի` հետը խոսի, սփոփի: Գյուղում շփման դաշտը շատ լայն  է»: Ասում է, որ գոհ է և՛գյուղից, և՛ գյուղի ժողովրդից: Մարդկանց թվում է, թե քաղաքում բախտ են բաժանում:  Գերադասում է գյուղում իր հողակտորը մշակել, քան…: «Կարկանդակներն իմ հողամասից ստացած կարտոֆիլով եմ պատրաստում: Շամբում առաջին լոբին ես եմ ունենում: Բայց գյուղացին շատ է չարչարվում, արդյունքն էլ` քիչ է»:
Թամարան Շամբում կարծես «հեղաշրջում է արել» եւ ապացուցել, որ կարելի է նաեւ գյուղում ապրել եւ … արտադրություն հիմնել: Մշտազբաղ ու մշտապես շտապող կինը Շամբում հացի արտադրամաս է ստեղծել  2008 թվականին: Ունի երկու աշխատող: Թխում են հաց, կարկանդակ, հոթ-դոգ, խաչապուրի, տարբեր տեսակների խմորեղեն, պատրաստում կոտլետի, կոլոլակի, խինկալիի կիսաֆաբրիկատներ, խմորեղենի շերտեր: «Խմորն անձամբ եմ անում, ուրիշի չեմ վստահում, որովհետև խմորից է կախված հացի «ճակատագիրը»: Արտադրանքը վաճառում են իրենց խանութում: Կանխիկ` հազվադեպ, հիմնականում` պարտքով: Հարկային դաշտում գրանցված է, խնդիրներ չունի: Շատ կանայք են ուզում, թեկուզ, մեկ ամիս իր մոտ աշխատել` գոնե` էլեկտրաէներգիայի վարձը հանելու համար: «Ես էլ ընդառաջում եմ, – ասում է Թամարան: – Հատկապես` ամռանը աշխատողների կարիք շատ ենք ունենում: Լինում է, որ ստիպված գիշերն ենք աշխատում, երբ հարսանիքի և այլ արարողությունների համար պատվերներ ենք ունենում: Աշխատող մարդն ամեն ինչ էլ անում է: Որտեղ էլ որ ուզես` աշխատանք կա», – անկեղծանում է նա:
Գտնում է, որ որեւէ ավելացած սննդամթերք չպիտի դեն նետել կամ` թափել: Ամեն մթերք պիտանի է ինչոր-որ բան պատրաստելու համար: Եվ նա նաեւ պահածոներ է պատրաստում, կոնֆիտյուրներ, ըմպելիքներ, հյութեր, կոնյակ: Իսկ գազավորված ըմելիք գնում է միայն ամանորյա սեղանի համար, ինչպես ինքն է ասում, մտածելով, որ հյուրերի մեջ կարող է մարդիկ լինեն, ովքեր դա կնախընտրեն:
ԱՍԴ (ակցիա սովի դեմ) կազմակերպության եւ զբաղվածության տարածքային կենտրոնի աջակցությամբ դեռեւս 2007 թ.-ին կարի արտադրամաս է հիմնել Շամբում եւ  ասեղնագործություն է սովորեցնում գյուղի վեց աղջիկների ու նախատեսում է  երկուսին ընդունել աշխատանքի: Պատրաստում են  ամառային զգեստներ, տոնական հագուստ, սպիտակեղեն, ներքնազգեստներ ու գիշերազգեստներ, խանձարուրի շորեր, նույնիսկ` բազմոցի եւ մեքենայի նստարանների պաստառներ: Վերանորոգման աշխատանքներ էլ են կատարում: «Ունիվերսալ արտադրամաս է, -կես լուրջ-կես կատակ ասում է Թամարան ու ավելացնում, – գյուղում ում ինչ անհրաժեշտ է լինում, մեզ մոտ են պատվիրում: Նոյեմբերին Գորիսում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ժամանակ մեր բոլոր ասեղնագործ աշխատանքները վաճառել ենք», – պատմում է միայն սեփական ջանասիրությամբ ու համառությամբ արդյունքների հասած գործարար կինը:
Իրենց իրականացրած ծրագրերի մեջ Թամարան առավելություն է տալիս բակային ճամբարին և այդ մասին ոգևորությամբ մանրամասնում է. «2010 թվականի ամռանը «Վորլդ Վիժն» կազմակերպությունից խնդրել եմ 45 շապիկ ( նվերների համար),  ավել, գուաշ, գունավոր կավիճներ: Երեխաների շնորհիվ ամբողջ ամառ Շամբը մաքրության մեջ էր: Մտադիր ենք այս տարի էլ կազմակերպել բակային ճամբար: Գյուղն այնքան մաքուր էր, իսկ գյուղի ժողովուրդը տաքերն ընկնելուն պես հիմնականում դրսում է լինում: «Մեր ամենահաջողված ծրագրն է, եւ ես բավարարաված եմ: Շամբ եկած ամերիկացի կամավոր Ջեսին այդ ժամանակ ասաց. «Ես իմ կյանքում այդպիսի բան չեմ տեսել»: Դրանից հետո ինձ առաջարկեց  դասընթաց կազմակերպել երեխաների համար, որի դիմաց «Խաղաղության Կորպուսը» հատկացրեց աշխատանքային անհրաժեշտ պարագաներ, որ երեխաներին սովորեցնեմ արդուկել, կտրել, կարել, հնացած սվիտրներներից ու ժիլետներից, շրջազգեստներից գոգնոցներ եւ պիտանի  այլ բաներ պատրաստել: «Վատ տարիներին  մեր ընտանիքը այդպես ենք պահել: Կյանք է, ինչեր ասես` կարող են պատահել: Երեխաներ են, ինչպես սովորեցրեցիր, այդպես էլ գնալու է: Մայրս կար ու ձև անող է եղել ու ինձ նա է սովորեցրել: Աղջիկներ են, հարս գնալիս իրենց էլ պետք կգա»:
Հաշվապահի կրթությամբ կինը չի ափսոսում, որ իր մասնագիտությամբ չի աշխատում, եւ շատ է սիրում է այն աշխատանքը, ինչը հիմա է անում:
Ի տարբերություն երևանաբնակ իր հարազատների, գյուղում բնակվող Թամարան ժամանակ է գտնում նաեւ միակ դստերը` 13-ամյա Դիանային սահադաշտ, պատկերասրահ, դելֆինարիում, Արամ Խաչատրյանի անվան համերգասահ տանել Երեւնում: Գյուղում, հաստատ, դա չի կարող…

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *