ՄՈՐ ՀԱՄԱՐ ՏՈՆԸ ԱՅՆ Է, ԵՐԲ ԻՐ ԵՐԵԽԱՆ ՔԱՂՑԱԾ ՉԷ…

Թվում է` 38 երկար ու ձիգ տարիներ դպրոցում աշխատելը պիտի նվազեցներ սերը դպրոցի հանդեպ: Թվում է`տարիներ ի վեր «երթեւեկող ուսուցչի» կարգավիճակը պիտի դժգոհության երանգներ մտցներ տրամադրության եւ աշխատաոճի մեջ: Թվում է` սերնդի` ուսման նկատմամբ թուլացող հետաքրքրությունը եւ տարեցտարի դասասենյակներում աշակերտների թվի նվազումը պիտի հուսահատեցնեին Իշխանասարի դպրոցի ուսուցչուհի Անուշ Պողոսյանին… Բայց ուսուցչուհին նույն սիրով, նույն նվիրվածությամբ, նույն ջերմությամբ է խոսում դպրոցի, իր դասավանդած առարկայի` մաթեմատիկայի, իր աշակերտների, իր կոլեկտիվի, բարեհամբույր տնօրենի մասին: Ասում է` մարդը, մասնագետը պիտի աշխատի, իրացնի, բաշխի, տա այն գիտելիքները, որ ամբարել է, պիտի օգտակար եւ պիտանի լինի այն հասարակությանը եւ այն միջավայրին, որտեղ ապրում է, որի մի անդամն է, մի մասնիկը: Ասում է` խնդրաշատ, հոգսաշատ, մարդկային փոխհարաբերությունների եւ սոցիալական դժվարին մեր ժամանակներում այնքան էլ դյուրին չէ համատեղել լավ ուսուցիչ, լավ կին, լավ մայր լինելը, բայց ինքը փորձում է մեկը չզոհաբերել մյուսին եւ ներդաշնակ ապրել կնոջը վերապահված այդ բոլոր դերերը, հետո հավելում` իհարկե` միայն իր հանգստի հաշվին:

Չի առարկում, որ բոլոր հայ մայրերն ու հայ կանայք են այդպես մտածում, այդպես գործում, այդպես արժեւորում իրենց դերը եւ ընտանիքում, եւ աշխատավայրում, եւ հանրային կյանքում:

Ընդհանրապես` շատ է կարեւորում ուսուցչի, մոր, կնոջ դերը, գտնելով, որ նրանք հավասարակշռում են հասարակությանը, բարոյական, մարդկային, ազգային չափորոշիչներ են առաջադրում եւ իրենք էլ պահում-պահպանում դրանք, առաջնահերթ եւ գլխավոր դերը, իհարկե, վերապահելով տղամարդուն:

Չի ժխտում, որ իրեն համարել եւ համարում են շատ խստապահանջ ուսուցչուհի: «Լավ է, թե` ոչ, չգիտեմ, բայց այդ խստապահանջությունը աշակերտի օգտին է, հիմա, գուցե, չեն հասկանում, բայց տարիներ հետո են զգում արդյունքները, ես չեմ նեղսրտում` երբեմն չհասկացված լինելու համար, սակայն երբ իմ աշակերտները հասնում են որեւէ հաջողության, կայանում, դառնում լավ մասնագետ, ինձ հոգեպես բավարարված եմ զգում եւ որպես մանկավարժ, եւ որպես մարդ…»,- ասում է Անուշ Պողոսյանը եւ հավելում, որ տարիների ընթացքում, իհարկե, ավելի հանդուրժող է դարձել, գուցե` մի քիչ ներողամիտ` ծույլ ու սովորել չսիրող աշակերտների հանդեպ, բայց պահանջկոտությունը բնավորություն է, էություն, որը հնարավոր չէ փոխել: Բծախնդիր է շրջապատի նկատմամբ, մարդկային հարաբերություններում եւ այն ամենի հանդեպ, ինչը իրեն հուզում եւ մտահոգում է:

Որպես ճշմարիտ ուսուցիչ, նեղսրտում է, որ ուսման նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, բայց հետո գտնում է դրա արդարացումը` ասելով` հիմա երեխաների հետաքրքրությունների շրջանակը ավելի մեծ է, ինֆորմացիայի աղբյուրները` շատ…

Խորը գիտելիքներից առաջ` կարեւորում է առողջ հոգով եւ առողջ մարմնով սերունդ ունենալը: «Ինձ անասելի վշտացնում է, երբ դպրոցում տեսնում եմ քաղցած աշակերտ, պատռված կոշիկով կամ` հնամաշ հագուստով երեխա: Իսկ որ կոշիկ չունենալու պատճառով աշակերտը կարող է դպրոց չգալ, ինձ մինչեւ հոգու խորքը ցավացնում է: Գյուղում դա ավելի ակնհայտ է: Չեմ ասի, թե ծնողները ծույլ են, չեն աշխատում, ուղղակի ծայրը ծայրին չեն հասցնում,- ասում է ուսուցչուհին ու հավելում,- ավելի լավ է աշակերտը չկարողանա թվաբանական այս կամ այն գործողությունը կատարել, մաթեմատիկական խնդիրը լուծել, բայց լինի առողջ, որ կարողանա սահման պահել, երկիր պահել, պատերազմ հաղթել»:  

Շատ բաներ կան, որի հետ անհաշտ է: Մտահոգ է, որ մարդիկ մեծ դժվարությամբ են հայթայթում իրենց օրվա հացը, իր գոյությունը մի կերպ պահող հասարկության մեջ առողջ սերունդ դժվար է մեծանում: «Երեխան որ գալիս է դպրոց, պիտի մտածեմ` տեսնես ինչ է կերել այսօր, ու այս միտքը կարող է օրերով հետապնդել ինձ»:

Խոսելով տոների, կանանց միամսյակի, կնոջ նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին, ասում է, որ մեզանում այն ավելի շատ ձեւակնություն է: Կինը, ուսուցչուհին պիտի տոնը հոգում զգա, իր աշակերտին կիսաքաղց ու անկոշիկ չտեսնի: Կնոջ, մոր, ուսուցչուհու համար դա կլինի տոն: Տոնը այն կլինի, երբ ամեն ոք չմտածի միայն իր մասին, չապրի «ինձնից հետո թեկուզ` ջրհեղեղ» մտածողությամբ… «Եթե մայրը մտածում է իր երեխային ինչպես կերակրելու մասին, տոնի մասին մտածելու եւ տոնը զգալու զգացողություն չի մնում… մոր, կնոջ համար տոն է, երբ իր երեխան քաղցած չէ, մրսած չէ, պաշտպանված է»…

Բոլոր մայրերի, բոլոր կանանց նման ինքն էլ ցանկություններ, անշուշտ, շատ ունի, բայց, բոլոր մայրերի նման, ամենամեծ ցանկությունը խաղաղ ու անամպ երկինքն է եւ մոր չոր աչքը… Համոզված է, որ միամսյակներն էլ կանցնեն, տարիներն էլ, իսկ մոր, կնոջ, ուսուցչի դերը նույնն է, ինչ եղել է, կա, կլինի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *