ՄՈՒՇԵՂ ԱԴՈՆՑ-100

ՀՈԲԵԼՅԱՆ


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Համբարձումի Ադոնցի ծննդյան 100 ամյակին նվիրված գիտաժողով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Յու. Սուվարյանը: «Մ. Ադոնցի ներդրումը հայ տնտեսագիտական մտքի զարգացման գործում» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը: Մեծ գիտնականի, վառ անհատականության, բացառիկ դասախոսի, եզակի մարդու մասին իրենց հուշերը պատմեցին համալսարանի դասախոսները, նրա ձեռքի տակ գիտական բարձունքների հասած  նախկին ուսանողները, ընկերները:
Գիտաժողովին հրավիրված էր նաեւ «Որոտանի» խմբագիրը:

Մուշեղ Ադոնցը սերում է Ադոնցների հանրահայտ տոհմից: Հենց միայն Նիկողայոս Ադոնցը, ինչպես իրենց ելույթներում եւ գնահատականներում նշեցին բանախոսներից  շատերը, պատիվ կբերեր ցանկացած ազգի: Տոհմի պատվարժան եւ արժանավոր զավակներից է նաեւ Մուշեղ Ադոնցը, որը գրեթե նույն դերն է ունեցել հայ տնտեսագիտական մտքի զարգացման գործում: Տնտեսության զարգացման` նրա մշակած դրույթները կիրառվել են ոչ միայն Խորհրդային Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, այլեւ արդիական են այսօր՛  տարածքների համաչափ զարգացման կառավարական հայեցակարգում:
Մուշեղ Համբարձումի Ադոնցը ծնվել է 1910 թ.-ի մայիսի 16-ին Բաքվում: 1932 թ.-ին ավարտել է Երեւանի Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտը, 1948-ին` Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան: Նույն թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1948-1955 թ.թ.-ին Մ. Ադոնցը ղեկավարել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնը, 1955-58 թ.թ.-ին` ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի քաղաքատնտեսության սեկտորը: 1958թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1961թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1958-61 թ.թ.-ին  Ադոնցը եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար, 1962-66 թ.թ.-ին` ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1966-1989թ.թ.-ին` Տնտեսագիտության եւ պլանավորման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: Նա հեղինակ է ավելի քան 100 գիտական ուսումնասիրությունների, որոնցից արժեքավոր են հատկապես «Արեւելյան Հայաստանի տնտեսական զարգացումը 19-րդ դարում», «Սոցիալիստական հասարակարգի ազգային եկամուտը», «Հայաստանի ժողովրդական տնտեսությունը եւ հայ տնտեսագիտական միտքը 20-րդ դարի սկզբին», «Միջազգային կոոպերացիան եւ ագրոարդյունաբերական ինտեգրացիան» մենագրությունները:
Մ. Ադոնցը հայ առաջին տնտեսագետներից էր, որ անդրադարձել է ագրոարդյունաբերական ինտեգրացիայի եւ միջտնտեսային կոոպերացիայի խնդիրներին, ցույց տալով միջտնտեսային կապերի ընդլայնման, գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ու կառավարման հետագա կատարելագործման ուղիները:
1966թ. կեսերին կազմակերպվել է Հայկական ԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտը, որի առաջին տնօրենն է դարձել Մ. Ադոնցը` այն ղեկավարելով մինչեւ 1989 թ.-ը: Պատահական չէ, որ ինստիտուտը պարզապես անվանվեց «Ադոնցի ինստիտուտ»:
Նա եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, Երեւանի քաղաքային եւ շրջանային խորհուրդների պատգամավոր,  Երեւանի` Խորհրդայինի շրջկոմի պլենումի անդամ:
Պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, մեդալներով եւ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով:
Մ. Ադոնցը վախճանվել է 1994 թ.- ին Երեւանում:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *