ՄՈՒՐԱԴ ՀԱՍՐԱԹՅԱՆ-75

ՀՈԲԵԼՅԱՆ


Լրացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, մեր նշանավոր հայրենակից Մուրադ Մորուսի Հասրաթյանի ծննդյան 75 ամյակը: Գնահատելով նրա անուրանալի ներդրումը եւ մեծ վաստակն ու ավանդը հայ ճարտարապետության զարգացման գործում, անվանի ճարտարապետի հոբելյանը պատշաճին եւ ըստ արժանվույնս նշվեց ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում` կազմակերպված ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների ու ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ:
Գիտության, կրթության, արվեստի, մշակույթի եւ այլ ոլորտների նշանավոր գործիչների մասնակցությամբ ընթացող հոբելյանական հանդիսության ժամանակ ողջույնի, մեծարման ու գնահատանքի խոսքեր ասացին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր արվեստագետ, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Արարատ Աղասյանը, ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը եւ այլ պատվարժան այրեր ու գործընկերներ:
Ծննդյան 75 ամյակի առթիվ Մուրադ Հասրաթյանին հանձնվեց ՀՀ գիտության եւ կրթության նախարարության «Ոսկե մեդալ», ՀՃՄ եւ այլ կազմակերպությունների պատվոգրեր:
Չնայած իր պատկառելի ներդրումներին հայ ճարտարապետության զարգացման գործում եւ առաջացած տարիքին` Մուրադ Հասրաթյանն այսօր էլ շարունակում է իր բեղուն գործունեությունը, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում, Գեղարվեստի պետական ակադեմիայում, ճարտարապետության եւ շինարարության համալսարանում եւ զբաղվում գիտական գործունեությամբ:
Գիտնականի, մտավորականի, արվեստագետի, հայ մարդու` նրա առինքնող նկարագիրը ուսանելի ու բաց դասագիրք է, որից, իրավամբ, միշտ կարելի է դասեր քաղել եւ ներշնչվել:

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀԿ նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *