Մտահոգություն…

Սահյանաշունչ Սիսիանս քիչ էր տխրադեմ, աշնան անձրևն ու պաղ օդն էլ իրենց «հանդուգն» կերպարի մեջ աներեր են։ Քայլում եմ թաց խաշամի վրայով `մի քիչ հանգիստ, մի քիչ նեղացած աշխարհից, Աստծուց, ով մեզ է շնորհել այս փոքրիկ բնակատեղին, որը, նույնիսկ, տաքից էլ չի ընդարձակվում, ցրտից էլ սաստիկ կծկվում է…
Ամենուր լռություն, ամեն տեղ շռայլ անզորություն, մարդկանց անբովանդակ ու շտապող հայացքներ, անտարբեր ու անավյուն երիտասարդներ։ Արմատացած մարդկային հոգսը պարուրել է ամպոտ երկինքը, և նրանից հետ չի մնում հոնքերը կիտած, մշուշոտ աշունը։ Բնական գույների խաղն է դրսում միայն, կողքից էլ` սոսափ ու շրշյուն, սարերին էլ` մի քիչ ձյուն։ Մի տեսակ խեղճացել է Սիսիանը, և այն «սև» շղարշը, որից կառչել ենք, կուզեմ առհավետ պատռվի և ջրվեժի պես շաչենք ու շառաչենք։
Մի պտղունց արև եմ ուզում, աշխուժություն ու կենսական էներգիա, որը չկա ու չկա, բայց ուզում եմ, անպատճառ, փնտրել, գտնել մարդկանց աչքերում։
Ասում են` մանկան ճիչով է տունն օրհնվում, նմանապես ` բնությունը, բայց հազարավոր ճիչերի։
Սիրենք, հոգ տանենք, սատարենք այն, ինչը մերն է, քանզի ժամանակը անգթորեն առաջ է վազում, իսկ մենք դեռ կախված ենք սլաքից և չգիտենք էլ, թե ինչ ենք ուզում։ Հա ~, մոռացա ասել ամենակարևորը, մի քիչ էլ հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ…

Asya Hovasapyan-ի ֆեյսբուքյան գրառումը

28.10.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *