ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԹՎԻ ԵՏԵՎՈՒՄ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է…

Նոր սկսված տարում Սիսիանի տարածաշրջանում արդեն գրանցվել է 10 ծնունդ եւ 3 մահ: Այս վիճակագրությունը կարծես գալիս է ասելու, որ տարին բարի է սկսվել, որ 10 ընտանիքում նոր տարվա հետ նոր ուրախություն ու բերկրանք է մտել: Մյուս կողմից՝ այս ծնունդները տվյալ ընտանիքների ուրախությունը լինելուց զատ՝ նորածինների թիվ են ավելացրել նաեւ … ազգամատյանում:

Զրուցում ենք ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ Սիսիանի տարածքի բաժնի պետ Լիանա Վասիլյանի հետ:

Տիկին Վասիլյանը նշում է, որ 2016 թվականին Սիսիանի տարաշրջանում գրանցվել է 322 ծնունդ, որը 3-ով պակաս է նախորդ տարվանից: Բայց եւ ուրախությամբ հավելում, որ նախորդ տարվա համեմատ 2016-ին 28-ով ավելացել է ամուսնությունների թիվը (201): 2016-ին, ի համեմատ 2015-ի, 10-ով պակասել է ամուսնալուծությունների թիվը: 2016-ին 51-ով ավելացել է մահացածների թիվը, որի մեջ են, ցավոք, ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված մեր ազատամարտիկները:

«Այս թվերը սոսկ վիճակագրություն չեն, յուրաքանչյուր թվի ետեւում ճակատագիր է»,-ասում է Լիանա Վասիլյանն ու ավելացնում, որ քաղկացության ակտերի գրառման ընթացքում նաեւ որոշակի եզրահանգում է կատարել: «Մահացածները հիմնականում տարեցներ են, չնայած ցավով պիտի նշեմ, որ մահը երիտասարդացել է: Ավելացել են սրտի իշեմիկ հիանդություններով, սիրտ-թոքային անբավարարությամբ, օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի հետեւանքով եւ ավտովթարներից մահացածությունների թիվը: Ամենամտահոգիչն այն է, որ 2016-ին Սիսիանի տարածշրջանում արձանագրվեց ինքնասպանության մի քանի դեպք, ինչը ինքնին ծանր իրողություն է»: Ի պատասխան որոնք են դրանց պատճառները մեր հարցմանը՝ Լիանա Վասիլյանը դա հիմանականում պայմանավորեց մարդկանց սոցիալական վիճակով, առողջական խնդիրներով, ովքեր իրավիճակից դուրս գալու ելքը համարել են սեփական կյանքին վերջ տալը:

ՔԿԱԳ-ի աշխատանքը թեեւ ծանրաբեռնվածության առումով համեմատելի չէ նախկին տարիների հետ՝ պայմանավորված երկրի ընդհանուր դեմոգրաֆիական վիճակով, բայց բավականաչափ ավելացել են բաժնի գործառույթները (քաղաքացիների կողմից կրկնօրինակ վկայականների, քաղկացության ակտերի առկայության կամ բացակայության մասին տեղեկանքների, ինչպես նաեւ քաղկացության ակտերի գրառումներում ուղղումներ կատարելու աշխատանքները, ինչը օրենքի պահանջ է): 2016 թվականին վերականգնվել է 231 նման փաստաթուղթ: «Անում ենք ամեն հնարավորը՝ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի արդյունավետ կազամկերպելու համար, որին մեծապես նպաստում է ներդրված էլեկտրոնային համակարգը»,-ասում է Լիանա Վասիլյանը:

«Քաղկացության ակտերում ծննդյան, ամուսնության գրառումներ կատարելիս իմ տրամադրությունն էլ է բարձրանում, վատ գրառում կատարելիս քաղաքացիների հետ ապրում եմ նրանց վիշտը, ցավը: Այլ կերպ հնարավոր չէ: Առավել ծանր եմ տանում ամուսնալուծություններ գրանցելը, քանի որ ինքս մեծացել եմ նման ընտանիքում, եւ ամեն անգամ վերապրում եմ ամուսնալուծված ընտանքում մեծացած երեխայի հոգեվիճակը: Դրա համար ինքս էլ ամեն հնարավորն եմ անում՝ համոզել, ետ պահել ընտանիքներին ամուսնալուծվելու որոշումից՝ հանուն երեխաների: Բայց… յուրաքանչյուրն ինքն է իր որոշման տերը»,-ասում է տիկին Լիանան եւ հույս հայտնում, որ 2017-ին ավելի շատ ուրախացնող, լավ տրամադրություն հաղորդող քաղկացության գրառումներ կկատարի, ինչն էլ, գուցե, մի սրտաչափ ավելացնի այս դժվարին ու բարդ աշխարհի սերն ու բարին…

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *