ՆԱԽԱՄՈՒՏՔ՝ ԱՐԱ ԱԼՈՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Հիմա դժվար է զարմացնել բանաստեղծական տողով: Բայց՝ ինձ համար անակնկալ բացվեց նախ՝ Արա Ալոյանի բանաստեղծական էությունը, պոետիկ հոգին, նուրբ հոգեկան աշխարհը, հետո միայն՝ նույնքան նուրբ ու զգայուն տողը: Նման էին իրար: Իսկ թե ով էր ում սնում, ով էր ումից սկսվում, դժվար է ասել. Իրար ապրեցնում են, եւ՝ իրարով ապրում: Առաջին իսկ պահից սիրեցի Արային՝ բաց, հասկանալի, ու նույն կերպ՝ սիրեցի նրա՝ անակնկալ անցումներով պոեզիան: Նուրբ է Արայի բանաստեղծական ներաշխարհը, նուրբ ու արայական , եւ ինչ սիրուն է ասում՝
Մինչդեռ ես քեզ ապացուցում եմ
իմ արայական հարության առասպելը`
Շամիրամյան շրթնագրով…

Բայց նաեւ դժվար է մտնել նրա խորքերը. Ախր համակ հույզ է ու համակ զգացմունք, եւ դրանով՝ խոցելի, եւ դրանով՝ անխոց, եւ դրանով՝ անձնական, եւ դրանով՝ անանձնական: Հետո ասում ես՝ երանի, որ այսպես ու այսքան սիրել գիտի, հետո ասում ես՝ երանի, ով նրա սիրո աշխարհում է. Մաքուր է, զուլալ, վճիտ, կարոտաբաղձ, կարոտածիր.
ես լուսիններ եմ շոշափում ձեռքով,
սակայն հոգուս մեջ կարոտ եմ կոծում….

Կարոտ կոծող Արան, սակայն, նույնքան լուսածիր է, ում համար ապրելու եւ չապրելու միակ բանաձեւը սերն է, կյանքի սերը, մարդու սերը, աշխարհի սերը…
Երբ մահը գա, գուցե ես զբաղված լինեմ,
Չնկատեմ իրեն….ու նեղանա, գնա՜…

Արայի պոեզիայի՝ իմ ընկալման ամենակարեւոր ու ամենաբնորոշող երանգը, սակայն, ինքնազոհաբերումն ու ինքնաայրումն է՝ հանուն սիրո, սիրելիների, հանուն կյանքի, ապրելու… որովհետեւ իսկական եւ իրական սերը ինքնազոհաբերում է եւ ինքնաայրում, այլ կերպ չի լինում: Եւ նրա ամենասիրուն տողերը ահա փաստում են դա՝
Ես ամեն օր…մեռնում եմ քո կարոտից`
Երկարացնելով, սակայն, կյանքդ…իմ կարոտի հաշվին…
Առայժմ՝ այսքանը, որպես Արա Ալոյանի բանաստեղծական հետաքրքիր ու շատ ինքնատիպ աշխարհի նախամուտք:
Իսկ նրա սիրուն տողերը ավելին են, քան՝ որեւէ խոսք ու մեկնաբանություն:

Արեւհատ Ամիրյան

Ես ի՜նչ հանեմ բազում արտասանված խոսքից,
Բառարանից սիրո և սիրաբառ խորքից,
Որ չլինի եղած, հոմանիշվի որ Քեզ,
Որ չլինի արծաթ ու չլինի ոսկի,
Որ քո ճերմակ Գոյին Ձեռագրվի մաքուր,
Ասեղգործվի ծաղիկ ու անցավել հոգում,
Ես քեզ ինչպե՜ս, ինչպե՜ս սիրեմ այսօր,
Որ բացակաս չզգաս՝ ներկա ժամանակում։
Ես ի՜նչ շերտեմ ներսից և ինչ բերեմ՝ Ընծա,
Որ չլինի միայն նկար, բառեր ու Ձայն,
Ես քեզ սիրեմ այսօր՝ չօրալրվող սիրով,
Միայն թե ինձ սիրես, թեկուզ մեկ օր ցնծա՛մ։


Արի ու ետ տար
համբույներդ բոլոր,
դրանցից ծանրացել ու չի բացվում կոպս…

արի ու ե՜տ տար,
զրույցներդ երկար, հազարաթե՜լ՝
ասեղնագործելու ուրիշի բարձը,
որի հետ…ջահելանում ես կամ ծերանում գուցե…
Արի ու ասա, որ երջանիկ ես,
Արի ու տար դժբախտությունդ ինձնից…

Արի ու ետ տար,
մատնահետքերդ…մաշկիս տակ անցած,
դրանցից ծանրացել են ձեռքերս,
Եվ չեմ կարողանում նույնիսկ խաչակնքել՝
Արդեն քանի տարի…

Արի ու….արի….արի…..


դու ամեն օր…ապացուցում ես
մահկանացու լինելս
կամ կարողությունս մեռնելու,
Մինչդեռ ես քեզ ապացուցում եմ
իմ արայական հարության առասպելը`
Շամիրամյան շրթնագրով…
Ես ամեն օր…մեռնում եմ քո կարոտից`
Երկարացնելով, սակայն, կյանքդ…իմ կարոտի հաշվին…


Երբ մահը գա,
ես զբաղված լինեմ,
գուցե,
Սափրվելիս լինեմ, կամ ճաշելիս,
Կամ …մեռնելուց՝ թղթերին ճերմակ,
Գուցե ջահել լինեմ կամ էլ տկար ու ծեր
Կամ սիրելուց լինեմ կամ էլ անսեր,
մենա՜կ…

Երբ մահը գա, գուցե ես զբաղված լինեմ,
Չնկատեմ իրեն….ու նեղանա, գնա՜…


Բառերի վրայից ամեն օր,
Ես հանում եմ փոշին…բառերի,
Որ հասնեմ…բառերի արևին՝
Անբարբառ, հրակեզ՝ քամելով

Թանաքի ու գրի մեջ կարմիր-
Ճերմակին՝ մատներից ծորացած.
Ես մերժում եմ բառերը՝ մարմին,
Բառախաղ, բռնաբառ, ծերացա՜ծ:

Բառերի վրայից հանապազ
ես հանում եմ նստվածքը բառի,
որ տեսնեմ էությունն էլ, օ՜ պարզ,
Այս կյանքի…մահվան տոմս ապառիկ…


Երբ մերկանում ես,
Չեմ կարողանում զսպել ձեռքերիս նավարկությունը
քո ծով-մարմնին…

համբույրս ձուկ է`քո շրթունքների ակվարիումի մեջ,
և ձուկ են գուցե աչքերս`քո թաց աչքերի խորքում…
և աչքերն էլ քո դրախտագետ են`
սիրո հորձանքով…

Ուրեմն ասա, առանց եդեմի երջանիկ չե’նք մենք…
Դժոխքն էլ, հարկավ, կարող է լինել երջանիկների հանդիպատեղի…


Լուսինն այս գիշեր կրկին մերկացավ`
աչքերիս առջև տեսանվեց շքեղ,
պարգևեց սիրո հաճույքներ ու ցավ,
և փոխարինեց այսօր էլ նա քեզ:

Թե՛ այդ դու ես հենց լուսինն այս կրքոտ`
հավատարմության չափն ես իմ փորձում-
ես լուսիններ եմ շոշափում ձեռքով,
սակայն հոգուս մեջ կարոտ եմ կոծում….

27.04.2014

2 մեկնաբանություն ՆԱԽԱՄՈՒՏՔ՝ ԱՐԱ ԱԼՈՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ հոդվածին

  1. Արա ջան ես քեզ շնորհավորում ամբողջ սրտով:Քո նմանները մեզ պետք են:Քեզ նորանոր ստեղծագործ հաջողություններ,առողջություն եւ փակիր խնդրեմ այն բացը,որ ցավուք շրջապատել է մեզ:Հարգանքներս

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *