ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Կյանքից հեռացած մարդու անունը քաղաքական նպատակներով շահարկելու շուրջ

«Սիսիանի ձայն» թերթի 2008թ-ի հունիսի 18-ի թիվ 6 (116) համարում Սիսիան քաղաքի բնակիչ Լյուդմիլա Խուդավերդյանի անունով տպագրվել է մի հրապարակում` «Կյանքից հեռացած ամուսնուս անունը քաղաքական նպատակներով մի՛ շահարկեք» վերնագրով` «կյանքից հեռացած ամուսնու անունը չշահարկելու» հորդորն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղելով, ամենայն հավանականությամբ, Արեւհատ Ամիրյանին, որովհետեւ ուրիշ անուն այդտեղ չի շոշափվում:
Եթե ենթադրենք, որ դա «Որոտան» թերթի 2008թ-ի հունիսի 10-ի թիվ 6-7(97-98) համարում տպագրված «Սիսիանին… խաղատունն էր պակաս» հոդվածի պատասխանն է, («Որոտանը» տպագրվել էր 10 օր առաջ), ուր խոսվում էր Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 1-ին հարկն օտարելու և քաղաքագլխի որդու կողմից խաղատուն, զվարճանքի կենտրոն կառուցելու մասին, ապա այդ ենթադրյալ «պատասխան» կոչված հրապարակումից որեւէ կերպ չի երեւում, թե մեր գրած «անստույգ» կամ «հանգուցյալ մարդու անունը շահարկող» ո՞ր միտքն է սգակիր կնոջը «ստիպել» վիշտը մի կողմ թողած` ձեռքը մեկնել խոսափողին եւ զանգահարել «Ս.Ձ.»-ի խմբագրություն` բողոքելու Ա. Ամիրյանից, մանավանդ որ` մեր հրապարակման մեջ որեւէ ձեւով, որեւէ կերպ, որեւէ ակնարկով չի շոշափվել նրա հանգուցյալ ամուսնու անունը` այն էլ` «քաղաքական» կամ որեւէ այլ նպատակով: Մեր հրապարակման մեջ անհրաժեշտաբար նշվել է միայն, որ տարածքն օտարելուց առաջ այն ՄՊՍԿ-ի հետ կնքած վարձակալության պայմանագրով օգտագործել է Սերյոժա Սարգսյանը, սակայն առողջության վատթարացման պատճառով և վարձավճարները մուծել չկարողանալու հետևանքով` 2008-ի հունվարին դադարեցրել է իր պայմանագիրը` թողնելով միայն 17 մ2 վարձակալումը: Ահա ամբողջը: Թե փաստի ընդամենը այս սոսկական արձանագրման մեջ որտեղ եւ ինչպես են «քաղաքական նպատակներով շահարկվել» հանգուցյալ մարդու անունը` տեղիք տալով ամուսնու քառասունքը դեռեւս չբոլորած Լյուդմիլա Խուդավերդյանի զայրույթին ու վրդովմունքին, ինքներդ եզրակացրեք:
Իհարկե, կարելի էր այս անգամ էլ, ինչպես` միշտ, արհամարհել ծնված օրվանից «ձախության մանկական հիվանդությամբ տառապող» թերթին, չիջնել մի մակարդակի, որը չափանիշ ու չափորոշիչ է միայն նրան: Բայց… հարկ ենք համարում հիշեցնել, որ հիշյալ թերթը դեռեւս դատարանում խնդիրներ ունի նմանատիպ մի գործի համար:
Նշված թերթերի նշված համարների տպագրության ամիս-ամսաթվից նույնպես հստակ երևում է («Որոտան»-հունիսի 10, «Սիսիանի ձայն» -հունիսի 18), եւ մանկամիտն անգամ դա կարող է զգալ ու տեսնել, թե «կյանքից հեռացած մարդու անունը քաղաքական նպատակներով ով է շահարկում»:
Եթե ՄՊՍԿ-ի շենքի 1-ին հարկի օտարմամբ, համայնքային սեփականության փոշիացմամբ կամ ջրի գնով ծախծխմամբ, քաղաքապետի որդու կողմից սիսիանյան համայնքային կյանքում «խաղատան ներդրմամբ» Լավրենտ Սարգսյանի ընկնող քաղաքական վարկանիշը նշանակում է հանգուցյալ մարդու` Սերյոժա Սարգսյանի անունը քաղաքական նպատակներով շահարկել, մեզ համար հանելուկ է մնում: «Մեզ ոչ ոք չի ստիպել վարձակալած տարածքն ազատել…Մենք ընտանիքով որոշել էինք տարածքը հանձնել, որը եւ արել ենք, կրկնում եմ` ինքնակամ: Ես չգիտեմ, թե ինչ նպատակ ունի Արեւհատ Ամիրյանը, բայց խնդրում եմ վերջերս կյանքից հեռացած իմ ամուսնու` Սերյոժայի անունը քաղաքական նպատակներով չշահարկել: Մի՞թե այս աշխարհում այլեւս սրբություն գոյություն չունի» ,- շատ պաթետիկ ու շատ հուզված հարցնում է Լյուդմիլա Խուդավերդյանը «Ս. ձ.»-ում` մեղադրելով Ա. Ամիրյանին չգիտես ինչի համար: Ինքնախոստովանանքի այս տողերը մղում են ենթադրելու, որ, իրականում, հենց ստիպողաբար էլ ազատել են տվել տարածքը, սակայն  նախկին վարձակալի մահը «ծանր է նստել» նրանց խղճին, եւ մահացածի կնոջ բերանով ու նրա անունով «թողություն են խնդրում» նրանից, բայց` փորձելով ուրիշի դարձնել քավության նոխազ, ինչը եւ նրանց չի հաջողվել:
Ըստ էության, այդ հրապարակման նպատակն ընդամենը այրի մի կնոջից 22.500 դրամանոց նախընտրական շնորհակալություն կորզելն էր Լավրենտ Սարգսյանի քաղաքական ընկած իմիջը բարձրացնելու համար, «տարածքի համար նախատեսված վերջին 2 ամսվա վարձավճարների մարման հարցում իրենց աջակից լինելու համար Լյուդմիլա Խուդավերդյանին` Լավրենտ Սարգսյանին անչափ շնորհակալություն հայտնել տալով» («Ս. ձ.» 18 հունիսի, թիվ 6(116)): Բայց այստեղ էլ որքան ծիծաղելի, նույնքան պրիմիտիվ է «շնորհակալություն կորզելու» այդ ձեւը Լ. Սարգսյանի օգտին այն պարագայում, որ իրականում, եթե կա այդ շնորհակալությունը, ապա հասցեատերը ոչ միայն նա է, նաեւ` ՄՊՍԿ-ն: Մյուս կողմից` եթե դա ազնիվ մղումներով է արվում, շատ ավելի պարկեշտ ու բարոյական կլիներ դժվարության մեջ հայտնված կնոջն օգնելու մասին համեստորեն լռելը, քան` 22.500 դրամանոց «բարությունը» թմբկահարելը` վշտի ու սգի հաշվին` «քաղաքական աչոկ» հավաքելու համար:
Անազնվության դեմ իրենց մարտական ոգին այս անգամ էլ ցույց տվեցին ՄՊՍԿ-ի կոլեկտիվի անդամները` գտնելով, որ եթե պարտքը մարվել է, ապա միայն ՄՊՍԿ-ի հաշվին, եւ դրանից ոչ թե Լավրենտ Սարգսյանի գրպանից է գումար պակասել, այլ` պարզապես ՄՊՍԿ-ի հաշվեկշռին չի՛ ավելացել «հարգված եւ մարված» գումարը:
Կենտրոնի տնօրեն Հենրիկ Մարտիրոսյանը մեզ ներկայացրեց 2008թ-ի ապրիլի 22-ին Սիսիանի քաղաքապետին գրած իրենց գրությունը, որով խնդրում էր ՄՊՍԿ-ի` քաղաքապետարանին տրված ամսական հաշվետվություններում եւ տարեկան հաշվեկշռում արտացոլված` Սերյոժա Սարգսյանի 2 ամսվա վարձակալության պարտքը կազմակերպության հաշվեկշռից հանելու թույլտվություն: Հ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի թույլտվությամբ այդ գումարը հանվել է կազմակերպության հաշվեկշռից` հավելելով. «Եթե նրանք կարող էին հանել, թող հանեին, իմ գրությո՞ւնն ինչի էր պետք»:
Ա. Ամիրյանին «քաղաքական նպատակներով հանգուցյալ մարդու անունը շահարկելում» «մեղադրելու» «Ս. ձ.»-ի խեղճուկրակ այս հրապարակումից  ավելի շատ ՄՊՍԿ-ի կոլեկտիվի անդամներն էին վրդովվել: Հրավիրել են կոլեկտիվի ժողով` պարզելու, թե ով է իրականում շահարկում իրենց նախկին աշխատակցի անունը, այո՛, հիմա արդեն` քաղաքակա՛ն նպատակներով:
Մենք եւս այս «հանելուկը» մեկնելու համար զրուցեցինք Լ. Խուդավերդյանի հետ: Ահա թե ինչ ասաց նա մեզ` «Ս. ձ.»-ում տպագրված իր հեղինակած հոդվածը կարդալուց հետո. «Ոչ թե ես եմ զանգահարել իրենց և բողոքել Արեւհատ Ամիրյանից, այլ` Սրբուհի Գրիգորյանն է զանգահարել ինձ և մի քանի հարցադրում կատարել, որին ես պատասխանել եմ այնպես, ինչպես կա, այսինքն` ամուսինս ոչ թե ստիպողաբար, այլ` ինքնակամ է հանձնել տարածքը: Ինչ վերաբերում է վերջին 2 ամսվա մեր վարձավճարների մարման հարցում Լավրենտ Սարգսյանի` մեզ աջակից լինելուն, ես ասել եմ` եթե նա այդպիսի բան է արել, մենք շնորհակալ ենք»: Լյուդմիլա Խուդավերդյանն ասաց, որ բնավ չի պատկերացրել, թե ինչու է Սրբուհի Գրիգորյանը զանգահարել իրեն, որովհետև նա նախապես չի տեղեկացրել իր զանգի նպատակը: Այս բացատրությունն, իհարկե, խնդիրը չի հստակեցրել եւ հարկ էր, որ Լյուդմիլա Խուդավերդյանը հերքում պահանջեր թերթից այս բանսարկության եւ սրանով ի՛ր անունը շահարկելու, ի՛ր արժանապատվությունը վիրավորելու համար: Սակայն նա, խորապես վիրավորված, բացատրեց, որ իր վիշտն իրեն հերիք է, ամոթանք  տվեց նրան, ով իրոք զբաղված է ուրիշների անունները շահարկելով: Հետո, իհարկե, իմացանք, որ զանգահարել է Սրբուհի Գրիգորյանին, ամոթանք տվել երիտասարդ աղջկան չարամտության համար, վկայակոչել ոչ թե իր, այլ` Սրբուհու` իրեն զանգելը և մեղադրել նրան իր ամուսնու հիշատակն այդպես անազնիվ ձեւով վիրավորելու համար:
Իհարկե` Ս. Գրիգորյանի «անմնացորդ ջանքերով» ոչ միայն չի փրկվել Լավրենտ Սարգսյանի ընկած քաղաքական հեղինակությունը, այլեւ` լրագրողն ավելի է նսեմացրել ու գցել այն` «քաղաքական շնորհակալություն կորզելու» պրիմիտիվ ձեւով եւ մեզ նման անդրադարձ կատարելու հնարավորություն ընձեռնելով:
Պարզ է, անշուշտ, ինչ է կատարվում: Առաջիկայում համայնքապետի ընտրություններ են, եւ լավրենտյան փլված թիմի (իր լրատվական գործիքներով հանդերձ) ամենամեծ մտավախություններից մեկը «Որոտանում» տպագրված եւ տպագրվելիք հրապարակումներն են, որով ջրի երես է ելնում «Սիսիանը ոտատակ տալու», այն  անվանարկելու, համայնքային սեփականությունը ծախծխելու հաշվին սեփական գրպանը լցնելու լավրենտյան գործունեության միայն չնչին մասը: Նրա լրատվական սպասարկուներն ու նրան վերստին քաղաքապետի պաշտոնում տեսնել ցանկացող «շփոթվածները», որ Սիսիանի անունն ու հեղինակությունը զոհաբերում են միայն սեփական փորահացին, չհասկացա՞ն, որ Սիսիանը ծաղրել-ծանակելու, դրանով նաեւ` հենց իրենց նսեմացնել-նվաստացնելու լիմիտը վաղուց, շա՛տ վաղուց սպառվել է, եւ զուր են փորձում «ծափահարելով փառաբանել» հնությունից ժանգոտածներին` Սիսիանը մղելով միջնադար:
Հակված չենք որեւէ մեկին հավատալ-չհավատալ, մեղադրել-չմեղադրել: Ամենքի խիղճը եւ մեղքը` իր վիզը, բայց «էժանագին շնորհակալություններով» ձեռքը փրփուրներին գցած «խեղդվող» քաղաքագլուխն ու նրա համհարզ-հաճկատարներն իրո՞ք չհամոզվեցին, որ «Որոտանն» անխոցելի է միայն իր ճշմարիտ գրչով, եւ իրենց պրիմիտիվ, հնամաշ, տափակ, ողորմելի, բազմիցս փորձված ու ձախողված մեթոդներն անզոր են նրա ու նրա խմբագրի դեմ:
Այս «տխուր զվարճապատումից» ո՛վ շահեց, ո՛վ տուժեց, ինքներդ դատեք, բայց ո՛չ երբեք «Որոտանը» կամ Ա. Ամիրյանը, որոնք նախապես թիրախ էին ընտրված: Մնացյալ իրական տուժողների ջանքով վերստին ու կրկին իրականում տուժեց միայն սիսիանյան բարոյական նկարագիրը, Սիսիանը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *