ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Սիսիանի համայնքի ավագանու որոշմամբ 2016 թ. դեկտեմբերի 19-ին Էմմա Հովսեփյանը նշանակվել է համայնքային ենթակայության թիվ 3 նախակրթարանի տնօրեն: Թվում է՝ արտառոց ոչինչ չկա այս նշանակման մեջ: Ըստ էության, սակայն, Էմմա Հովսեփյանը, նույն աշխատանքը կորցնելուց 7 տարի անց, կրկին ստանձնել է նույն մանկապարտեզի տնօրենի պաշտոնը:

«30 տարի աշխատել եմ համակարգում, 1982 թվականից՝ այս նույն մանկապարտեզում, ընդ որում՝ միակ մասնագիտական կրթությամբ վարիչն էի, բայց 2009-ի դեկտեմբերի 16-ին, իմ համոզմամբ՝ անհիմն, իրենց կարծիքով՝ հիմնավորված, ՏԻՄ ինչ-ինչ օրենքներ վկայակոչելով, նախկին համայնքապետը ինձ ազատել է աշխատանքից: Հիմնական պատճառն այն էր, որ ես չեմ ցանկացել տեղափոխվել ուրիշ մանկապարտեզ, եւ նա, առանց իմ կարծիքը հաշվի առնելու, դադարեցրել է իմ աշխատանքային պայմանագիրը, ու այսպիսի անհամոզիչ հանգամանքներում զրկվել եմ աշխատանքից: Դա անօրինական քայլ էր իմ նկատմամբ»,-ասում է Էմմա Հովսեփյանը:

Ի պատասխան ինչու դատական կարգով չի փորձել վերականգնել աշխատանքը հարցադրմանը տիկին Հովսեփյանը նշում է, որ բազմիցս դիմել է մեր երկրի իշխանություններին, մարզպետարան, ազգային ժողով, նախագահին, վարչապետին, ովքեր բոլոր գրությունները վերահասցեագրել են նույն քաղաքապետին, ով անօրինականության հեղինակն էր: Ստեղծվել էր մի շրջապտույտ, որից, սակայն, խնդիրը չլուծվեց: Ասում է, որ ժամանակային առումով չի հասցրել դիմել դատարան, նաեւ՝ հարկ չի համարել, բայց… սխալվել է: «Եթե դատի տայի, անպայման դատը կշահեի: Նախկին քաղաքապետը խաբխբում էր, ասում էր՝ կնշանակեմ, խաբում էր՝ ժամանակ շահելու համար, ու ժամանակը ի վնաս ինձ եղավ, դատարան դիմելու ժամկետները սպառվեցին: Դատարան չդիմելու իմ սխալը շատ թանկ է նստել ինձ վրա՝ 7 տարվա գործազրկություն, նյարդեր, ջանքեր, արդարության վերականգնման համար չդադարող պայքար: Բայց նաեւ չեմ դադարել հավատալ, որ օրերից մի օր նա, խղճի մտոք, կվերանայի իր նախկին սխալը, սակայն»…

Յոթ տարի հետո նախկին աշխատանքին վերադառնալը համարում է արդարության վերականգնում: «Ավագանու նիստի ժամանակ Սիսիանի նոր քաղաքապետը ներկայացրեց իմ թեկնածությունը նախակրթարանի տնօրենի թափուր պաշտոնի համար: Ես ոչ միայն շոյված էի, ոչ միայն հուզված, հենց նիստի ժամանակ ասել եմ, որ դա իմ բարոյական հաղթանակն է, որ արդարությունը վերականգնվեց: Շատ թեկնածուների մեջ համայնքապետը հարմար է գտել իմ թեկնածությունը, ես շատ պարտավորված եմ, ավելի զգաստ, ավելի զգոն պիտի աշխատեմ, որովհետեւ ինձ վրա կրկնակի պատասխանատվություն եմ զգում արդարացնելու վստահությունը»,-ասում է տիկին Հովսեփյանը:

Ավելի զգոն եւ ավելի լավ աշխատելու համար արժե մարդուն աշխատանքից ազատել եւ նորի՞ց նշանակել հարցին Էմմա Հովեփյանը պատասխանում է ասելով՝ «Ոչ, եթե այդքան տարիների ընդհատումից հետո համայնքի ղեկավարը հարմար է գտել իմ թեկնածությունը, իմ պատասխանատվությունն ավելի է մեծացել, թեեւ նախկինում էլ եղել եմ պատասխանատու եւ հետեւողական»:

Խոսելով երկար ժամանակ համարգում չլինելով աշխատանքային ռիթմից դուրս մնալու մասին՝ նախակրթարանի տնօրենը նշեց, որ երբեք իրեն դուրս չի դրել այն աշխարհից, որն իրենն է: «Դա եղել է իմ մասնագիտությունը, իմ էությունը: Ամեն րոպե եւ հոգեպես եւ մտովի մանկապարտեզում եմ եղել: Ֆիզիկապես այստեղ չլինելը չի պակասեցրել իմ գիտելիքները, չի նվազեցրել իմ փորձը: Հետեւել եմ, կարդացել եմ, գրականությունն եմ թերթել, ինտերնետից եմ օգտվել, նախադպրոցական հաստատության հետ կապված ինչ ինֆորմացիա եղել է, բաց չեմ թողել: Դա ինձ միշտ է հետաքրքրել»:

-Սա … առաջ դեպի անցյալ է՞,- հարցնում ենք Էմմա Հովսեփյանին:

-Ոչ, սա առաջ դեպի առաջ է: Ես դեռ ասելիք, անելիք ունեմ համակարգում: Պիտի առաջ նայել, ետ նայել չկա: Այդ էջը ծալում եմ, առաջ եմ նայում, որ արդարացնեմ վստահությունը: Կրկին վստահելը կրկնակի պատասխանատվություն է: Անկախ նրանից, թե ինչքան կաշխատեմ այստեղ, սա արդարության վերականգնում էր, հաղթանակ էր նրա նկատմամբ, ով իմ հանդեպ այդպես անարդարացի էր վարվել:

«Որոտան»

 

 

2 մեկնաբանություն ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ հոդվածին

  1. Արա says:

    Բյուջեաթալան, հանցագործ, ստախոս ու խաբեբա աղասու հերթական զոհը 7 տարի անց նշանակվեց նույն պաշտոնին: Շնորհավորում եմ տիկին Էմմային, շնորհավորում եմ նաև քաղաքապետին, ճիշտ որոշում կայացնելու համար: Հուսով եմ, կարճ ժամանակում այդ ստահակի բոլոր ապօրինությունները ջրի երես դուրս կգան:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *