ՆԱՀԱՏԱԿ ԶԻՆՎՈՐԸ ԿԱՄՓՈՓՎԻ ԲՌՆԱԿՈԹԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Բռնակոթի մանկապարտեզում այսօր հրաժեշտի հանդես չարեցին: Վաղն էլ դպրոցում վերջին զանգի արարողությունը չեն անի: Վաղը հայրենիքի նահատակ զինվոր Արթուրին  պիտի հրաժեշտ տան, վերջին հրաժեշտը: Զինվոր, որ միայն 19 գարուն էր ապրել, ու գարնանն էլ ավարտեց իր երկրային կյանքը:

Մայիսի 20-ին, հերթափոխի ժամանակ, Արթուր Սեյրանի Օհանջանյանի՝ Հադրութի ինքնապաշտպանական դիքրերում խոշոր տրամաչափի հրազենից զոհվելու բոթը ջուր մաղեց գյուղի գլխին:

Իսկ զորացրվելուն մնացել էր ընդամենը յոթ ամիս:

Ինչպես տեղեկացանք, Օհանջանյանների ընտանիքը հինգ զինվոր է ճանապարհել բանակ, հինգն էլ՝ Արացախ, հինգն էլ՝ ինքնապաշտպանական դիրքեր:

Ցավոք, Արթուրը… չեկավ, բերեցին…

Հերթափոխն ավարտելուց հետո արձակուրդ պիտի գար…

Ավագ եղբայրը՝ Սեւակը պատմեց, որ երբ վիրավոր Արթուրին զորամասի հրամանատարը հարցրել է՝ ոնց ես, Արթուրն ասել է՝ լավ եմ: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո 25 րոպե նյունիսկ գիտակցությունն է տեղը եղել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մեր հարցին, թե որեւէ բան խոսե՞լ է, Սեւակն ասաց, որ այդ ընթացքում միայն «քֆրտել է թուրքի…»:

Արթուրը տան փոքրն էր՝ բոլոր փոքրերին վերապահված սիրո մեծ չափաբաժնով, դրա համար էր սգացող մայրը զինվոր որդուն Արթուրիկ դիմում:

Նրա մասին ջերմ ու գեղեցիկ խոսքեր ասաց Բռնակոթի համայնքի ղեկավար Ատոմ Առաքելյանը, նշելով, որ Արթուրը բացառիկ լավ երիտասարդ էր, ոչ մեկի խսքը չէր կոտրի, ականջաթեթեւ, աշխատասեր, հասնող, թե մեծերի, թե փոքրերի հետ հավասարապես ընկերություն էր անում, եւ ավելացրեց, որ գյուղը կանի ամեն ինչ՝ նահատակ զինվորին արժանավայել կերպով հայրենի հողում ամփոփելու համար:

Իսկ թե որտեղ կամփոփեն նահատակ զինվորի մարմինը մեր հարցին Արթուր Օհանջանյանի հորեղբայրը նշեց, որ թեպետ եւ իրենք նախընտրում են ընտանեկան գերեզմանոցը, բայց ամենայն հավանականությամբ կամփոփեն Բռնակոթի պանթեոնում, որտեղ ննջում են նաեւ արցախյան ազատամարտի նահատակներ Ահարոն Շահնազարյանը, Սամվել Խաչատրյանը, Վաչիկ Թանգյանը:

«Բռնակոթի պանթեոնում վեջին անգամ 20 տարի առաջ է զինվոր ամփոփվել,-ասաց Սեւակ Օհանջանյանը,- բոլոր համագյուղացիներն էլ են ուզում, որ Արթուրը ամփոփվի նրանց կողքին»:

Թեեւ դժվար է հաշտվել կորստի հետ, թեեւ դժվար է զավակ թաղելը, բայց իր վիշտը եւ կսկիծը իր ներսում ամփոփած զիվորի հայրը՝ Սեյրան Օհանջանյանը թեւաթափ՝ միայն մեկ բառ ասաց՝ «Ի՞նչ ասեմ… Ճակատագիր է…»:

Հարազատները տեղյակ չէին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի  N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։

…Որքա՜ն ծանր  է զինվորի մահը «խաղաղ» ժամանակներում…

 

«ՈՐՈՏԱՆ»

Մեկ Արձագանքման ՆԱՀԱՏԱԿ ԶԻՆՎՈՐԸ ԿԱՄՓՈՓՎԻ ԲՌՆԱԿՈԹԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ համար

  1. Հողը թեթև լինի քեզ վրա եղբայր ջան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *