Նամակ՝ նոր ժամանակների հերոս Թոմ Քաթինային

tom_catena5

Ողջույն քեզ, Աստվա՛ծ, Ողջույն քեզ, Արև՛…

Եվ շնորհակալ եմ, որ դուք կաք այսօր, և կամ ես, և բոլոր մարդիկ: Այո՛, արև՛: Ձեզ՝ սիրելի Թոմ Քաթինա, արև եմ կոչում, արև,  քանզի Դուք եք հեռավոր Սուդանի լազուր, բայց միևնույն ժամանակ ռմբակոծություններից բոցավառվող, հրակարմիր երկնքի միակ արևը: Դուք եք  ջանում Ձեր կենարար էներգիան անմնացորդ տալ  կարիքավոր բնակիչներին:

Արև, որ արյունաթաթախ, խավարչտին օրվա մեջ հույս ու հավատ է բոցավառում, սեր է ցողում ամենուր ու ամենքի վրա: Դու՛ք եք լուսավորում պատերազմից տառապող մարդկանց կյանքը, բուժում նրանց վերքերն ու հույսով ցողում խուճապահար մարդկանց հոգիները: Դուք, սիրելի՛ Թոմ Քաթինա, Ձեր աստվածահաճո, մարդանվեր գործով կոչ եք անում մոլորակի  մարդկությանը: Դուք Ձեր սուրբ գործի շնորհիվ Ձեր մեջ ամփոփում եք հազարավոր բժիշկների և կամավոր մարդկանց ցանկությունները, կամքն ու նպատակները, մարդկանց, ովքեր կցանկանային լինել Ձեր կողքին գոնե մեկ ակնթարթ, կիսել Ձեր հույզերն ու ապրումները:

Ձեր մարդկային համեստ կաղապարում ամփոփված է առյուծաձև, հզոր կամքի տեր մի այր, որն իր կյանքի (գուցե, ամենաիմաստալից) ութ տարիները նվիրաբերել է օգնություն թախանձող ժողովրդին՝ բժշկելով նրանց: Եվ մի՞թե օրհնյալ չէ Բարձրյալի կողմից նման անձնվեր գործը: Դուք փառքով եք սնում բոլորի վիրավոր հոգիները: Գիտե՞ք՝ մինչ գրիչը ձեռքս առնելը բավական երկար ժամանակ ստիպված էի ինձ կարգի հրավիրել. արտասվում էի, և հիմա էլ արցունքների հեղձուկը խեղդում է կոկորդս:

Խոնարհվում եմ Ձեր գործի առջև: Ո՛չ ես և ո՛չ ոք այնքան ուժեղ չէ, որ անի այն, կամ գոնե կեսը, ինչ Դուք եք անում:

Ստիպված եմ խոստովանել, որ մինչև ձեր հաղորդագրության դիտումը ես երբեք չեմ պատկերացրել , որ կարող է լինել մի վայր, որտեղի հազարավոր բնակիչներ կարիք կունենան գոնե մեկ, մեկ բարերար բժշկի օգնության: Կամ չե՞մ ուզել ինձ ցավ պատճառել և մտածել նման լուրջ խնդիրների մասին: Մեղավոր եմ…

Անհոգ թվացող այդ երեխաների արցունքախառն աչքերում որքա՜ն թախանձանք կար, բարություն, ջերմություն: Եվ Դուք այդտեղ մեկտեղված բոլորի փոխարեն օգնում եք նրանց, երկրորդ եւ երրորդ անգամ ծնունդ տալիս միեւնույն մարդուն. դրանով ավելի մոտենալով կատարելության՝ անմահանում եք: Անմահանում մարդկության պատմության մեջ, մարդկանց երախտագիտությամբ լի սրտերում: Այսպիսով, Դուք արարում եք Ձեր կենդանի անձեռակերտ հուշարձանը…

Ես Ձեզ նմանեցնում եմ այն բժշկին, ով անշահախնդրորեն փրկեց իմ կյանքը շատ տարիներ առաջ: Երբ ես այրվել էի եռացող ջրում և անհույս պառկած էի հիվանդանոցի մահճակալին, ինչ-որ լուսավոր մեկը, ինքնամոռաց իրեն այս ու այն կողմ նետելով, պայքարում էր իմ կյանքի համար: Ես վեց տարեկան էի. կյանքի գինն էլ չգիտեի. միայն ապրել էի ուզում: Հույս չէին տվել լիարժեք կազդուրվելու, բայց պայքարում էր իմ բարի ու լուսավոր բժիշկը: Գիտե՞ք՝ կիսաանգիտակից վիճակում ես ասացի, որ նրան երբեք չեմ մոռանա: Իրավ, պատասխանը չեմ հիշում, դա արդեն այդքան էլ կարևոր չէ: Շատ տարիներ են անցել, և կհարցնեք Դուք, թե ո՞ րը եղավ իմ մանկական սրտին հաճո շնորհակալությունը: Ես նրան նվիրված բանաստեղծություն գրեցի. մանկական անմեղ սիրով լի բանաստեղծություն:

Նա նորից ինձ կյանքի կոչեց… Շնորհակալ եմ…

Շնորհակալ եմ և ձեզ, որ մեր մեջ կան Ձեզ նման բարի և անշահախնդիր մարդիկ: Որքա՜ն կարևոր եք Դուք մարդկության համար … Շնորհակալ եմ և խոնարհվում եմ Ձեր և Ձեր գործի առջև: Սրանք պարզապես բառակույտեր չեն, այլ ի խորոց սրտի խոսք՝ ուղղված Ձեզ:

Սիրով ու հարգանքով՝ Ձեզնով հիացող, հասարակ մահկանացու՝  Անահիտ Մարգարյան

Սիսիան

 

806 դիտում

Մեկ Արձագանքման Նամակ՝ նոր ժամանակների հերոս Թոմ Քաթինային համար

  1. Ruzan -ը գրել է:

    Sirum em qez xelaci Anahits

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *