Նամակ խմբագրությանը. ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

14725678_1848911798672443_9006550368927016602_n

Հայաստանում, երեւի, շատերը չգիտեն, որ Սիսիանի տարածաշրջանում կա Ախլաթյան անունով գյուղ: Այդ գյուղի դպրոցն ունի 139 տրվա պատմություն, որտեղ սովորել են շատ խելացի եւ տաղանդավոր մարդիկ: Դպրոցը տվել է հարյուրավոր ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, ակադեմիկոսներ: Իսկ ախլաթյանցի Հասրաթյանները, Ավչյանները, Եղյանները, Սիմոնյանները հայ իրականությանը տվել են մշակույթի, գիտության եւ արվեստի երեւելիներ: Ախլաթյանցիները հայրենասեր, խելացի, ազնիվ մարդիկ են, ասես հենց նրանց համար է ասվել՝ «քարից հաց քամող»:

Համակարգային փոփոխությունից հետո գյուղը շատ ծանր վիճակի մեջ հայտնվեց: Տնտեսության գյումեքենաներն ու գործիքները հայտնվեցին մի քանի անհատների ձեռքում, իսկ գյուղացիների հիմնական մասը հայտնվեց ծայրահեղ աղքատության մեջ:

Ախլաթյանում վերջին անգամ եղել էի 4 տարի առաջ, սակայն այսօր ես այն գտա շատ ավելի վատ վիճակում: Սիսիանից եկող ասֆալտապատ ճանապարհը կեսից վերջանում է, եւ մինչեւ գյուղ ու գյուղի մեջ սկսվում է դարուփոսերով ահավոր, ցեխոտ, թրիքածածկ ճանապարհն ու փողոցները, որոնք չունեն անգամ գիշերային լուսավորություն: Գյուղի կենտրոնը, որտեղ գտնվում է մշակույթի տունը, այժմ աղբանոց է հիշեցնում: Ախլաթյանում եւ հարեւան՝ Տոլորս, Բնունիս, Դաստակերտ բնակավայրերում չկա բնական գազ: Ամենուրեք միայն «տիրականորեն» դիզված են գարշահոտ աթարադեզերը: Ես շատ եմ շրջագայել թե արտասահմանում, թե՝ Հայաստանում, բայց այսպիսի ահավոր վիճակում գտնվող գյուղ ոչ մի տեղ չեմ տեսել: Թվում է՝ այս գյուղերի մասին մտածող ընդհանրապես չկա, նրանք ոչ մեկին պետք չեն: Ահա թե ինչու են երիտասարդները լքում իրենց հայրական տները եւ մեկնում արտերկիր, իսկ մեծահասակները համատարած գտնվում են խորը հիասթափության եւ դեպրեսիայի մեջ: Իսկ ինչքան տաղանդավոր, աշխատասեր երիտասարդներ են այժմ աշխատում օտար երկրներում՝ լցնելով նրանց բյուջեն: Ընտրությունից ընտրություն հայտնվում են պատգամավորության թեկնածուները, խոստումներ են տալիս եւ անհետանում: Դատարկվում են գյուղերը: Ո՞վ է մեղավոր… Այս հարցը ես ուղղում եմ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, տիկին Նաղդալյանին: Ո՞վ պետք է օգնի այս «քամուց քշվածներին», որոնք անզոր եւ հուսահատված՝ սպասում են հրաշքի, որ մի օր էլ իրենք կարող են ապրել նորմալ, քաղաքակիրթ մարդկանց պես, ունենան ապրելու տարրական պայմաններ, Սիսիանի հետ կապող օրը 2 անգամ աշխատող հանրային տրանսպորտային միջոց, բժիշկ-մասնագետները գոնե տարին մեկ անգամ այցելեն Ախլաթյան, գյուղն ունի ընդամենը մեկ բուժքույր, չկա դեղատուն, գործի մշակույթի տունը, որպեսզի երիտասարդները երեկոյան զբաղվելու բան ունենան… Մտածում եմ՝ մի՞թե երկրի ղեկավարությունը, պատգամավորները չգիտեն այսպիսի գյուղերի մասին: Ամեն երեկո ախլաթյանցիները նստում են իրենց դռան նստարաններին ու հաշվում, թե քանի երիտասարդ նորից լքեց հայրենի գյուղը: Ահա այսպես են ապրում Սիսիանի տարածաշրջանի Ախլաթյան եւ նրան հարեւան գյուղերի բնակիչները՝ «քամուց քշվածները»: Շատ դաժան է, բայց սա է իրականությունը…

Իզաբելա ՀԱՍՐԱԹՅԱՆ

ՊԱԾ պաշտոնաթող աշխատակից, մայոր

 

1,069 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *