ՆԱ ԱՊՐԵՑ ՈՐՊԵՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԵՎ ԶՈՀՎԵՑ ՈՐՊԵՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Արդեն ավանդական է դարձել մեզանում, որ Հանրապետության տոնին` Մայիսի 28-ին նշվում է նաեւ արցախյան ազատամարտի նահատակ, լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած մայոր Վուրգ Արշակի Ոսկանյանի ծննդյան օրը: Նշվում է նրա նահատակության օրից ի վեր, նշվելու է այնքան, քանի դեռ անկախությունը, հայրենիքը, հայրենասիրությունը նույնացվում, համահնչվում ու զուգադրվում են այն մարտիրոսների անունների հետ, որոնց արյամբ թանկացավ, հարստացավ, ազնվացավ, աստվածացավ հող-հայրենին:
Այս ընկալումով, այս պատասխանատվությամբ ու պարտավորվածությամբ էր նաեւ ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի խորհուրդը նշում թե՛ Հանրապետության օրը, թե՛ մշտամեծար հրամանատար Վուրգ Ոսկանյանի ծննդյան 70 ամյակը, քանի որ, ոչ պատահական զուգադիպությամբ, իհարկե, անկախության, ազատության սիմվոլ Վուրգ Ոսկանյանը ծնվել է հենց մայիսի 28-ին:
Զոհվածների Պանթեոնի հաղթարձանին ծաղիկներ դնելու, Մայիսի 28-ի օրվա առթիվ նահատակների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու, հրամանատար Վուրգին տված հավատարմության ավանդական երդումից հետո տոնակատարությունը շարունակվեց քաղաքային մշակույթի կենտրոնում:
Ողջունելով ներկաներին, մարտական ընկերներին եւ շնորհավորելով հրամանատար Վուրգի ծննդյան 70 ամյակը` ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի խորհրդի նախագահ Արայիկ Վարդանյանը մասնավորաբար նշեց. «Այսօր Վուրգ Ոսկանյանը 70 տարեկան է, եւ մենք հավաքվել ենք այստեղ իր հրամանով: Կարծում եմ` Հրամանատարի մասին պետք է խոսենք ներկա ժամանակով, որովհետեւ նա միշտ մեզ հետ է, մեր կողքին: Մեզանից յուրաքանչյուրը ցանկացած իրավիճակում մտածում է, թե ինչ կաներ կամ կասեր հրամանատարը: Նրա 70-ամյա հոբելյանը մեկ անգամ եւս առիթ դարձնենք` Վուրգի մասին անկեղծորեն ասելու այն ամենը, ինչ մտածում եւ զգում ենք: Վստահ եմ` ինչքան էլ որ լավ խոսքեր հնչեն, ավելորդ չեն լինի, իսկ մենք չենք ամաչի մեր ասած խոսքերից:2011_53
Վուրգը իսկական հրամանատար էր. նա գնաց պաշտպանելու հայրենի սահմանները եւ բոլորին, իսկ ինքը մնաց միայնակ ու անպաշտպան:
Կարծում եմ` աստված այդպիսին էլ ստեղծել էր նրան: Նա ապրեց որպես հրամանատար, զոհվեց ինչպես հրամանատար:
Իսկ մենք պետք է այնպես ապրենք, որ այն հողը, որին թափվել է Վուրգ Ոսկանյանի արյունը, չափսոսա մեզ իր վրա պահելու համար, եւ երբ հանդիպենք հրամանատարին, չամաչենք նրա աչքերի մեջ նայելիս: Ծնունդդ շնորհավոր, Հրամանատար: Ես կարծում եմ` մենք դեռ կհանդիպենք»:
Վուրգ Ոսկանյանի մարտական ու մաքառումի դժվարին ճանապարհը կիսած զինակից ընկերը` Աշոտ Մինասյանը, շնորհակալություն հայտնելով ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի խորհրդին` Հանրապետության օրվա գեղեցիկ տոնակատարությունը Վուրգ Ոսկանյանին ձոնելու համար, պատահական չհամարեց Հանրապետության տոնի եւ Վուրգի ծննդյան օրվա զուգադիպությունը, եւ որքան լակոնիկ, նույնքան` տիպիկ բանաձեւեց Վուրգ Ոսկանյանի իր ընկալումը. «Վուրգը անհատ է, Վուրգը` զինվոր է, Վուրգը ուսուցիչ է, Վուրգը` հրամանատար է, Վուրգը` սիմվոլ է»:
«Ղարաբաղյան շարժումը սկսվեց իրենով եւ շարունակվեց իրենով»,- այսպես ներկայացրեց հրամանատար Վուրգին մարտական մյուս ընկերը` Մկրտիչ Դիլանյանը, շեշտելով նաեւ, որ դրանից առաջ էլ նա հասցրել էր հայրենասիրության «թույնով վարակել» մի ողջ սերնդի, որի ցանած սերմերն այսօր էլ կենսունակ են ու պտղաբեր:
Աղիտուի դպրոցի տնօրեն Սուրիկ Բլբուլյանը, ով երկար տարիներ աշխատել է Վուրգ Ոսկանյանի հետ, արժեւորելով, կարեւորելով զինվոր, զինղեկ, հրամանատար Վուրգին, պակաս ինքնատիպ չհամարեց նրա` արցախյան պատերազմից առաջ ապրած կյանքի կենսափիլիսոփայությունը նույնպես, ինչը դարձյալ մի ողջ սերնդի դաստիարակության հայրենասիրության, հայրենագիտության վառ օրինակ էր` սկսած 60-ական թ.թ.-ի ազգային խմորումներից: Ափսոսանք հայտնեց միայն, որ այդպես էլ չի հավաքվում, ամբողջացվում այն ամենը, ինչը կապված է Վուրգի հետ, մարդ, ով ապրեց բոլորի համար, բացի` իրենից:
Հայրենասերի, հրամանատարի նրա բարձր որակների մասին խոսելով` մարտական ընկերը` Ֆելիքս Գրիգորյանը հուզմունքով հիշեց երիտասարդական այն օրերը, երբ այս նույն դահլիճի նույն բեմում իրենք ներկայացումներ էին խաղում, մեկը` սովետական, մյուսը` գերմանական զինվորի դերում: Ու անգամ ներկայացման մեջ Վուրգն իրեն այնպես էր պահում, ինչպես հետագայում` պատերազմի ժամանակ: «Թեեւ իմ հրամանատարն էր, բայց ինձ ասում էր` կամանդիր, եթե այս կռիվը չլիներ, մենք պիտի միշտ ախոյաններ լինեինք»:
Ուսուցչի, մանկավարժի, հայրենասիրության սերմնացանի, հայ մարդուն հայեցի դաստիարակելու նրա բացառիկ որակների մասին խոսեց նախկին սաներից Հասմիկ Խաչատրյանը:
Իր հեղինակած երգը հրամանատարի ծննդյան օրվան նվիրեց Գագիկ Մեսրոպյանը:
Վուրգ Ոսկանյանի ծննդյան 70 ամյակին եւ Հանրապետության օրվան նվիրված հանդիսությունը, ինչպես նշեց Արայիկ Վարդանյանը, հավուր պատշաճին կազմակերպելու համար իրենց մեծ աջակցություն էին ցույց տվել քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցը, մասնավորաբար` ուսուցչուհի Գայանե Դավթյանը, Սիսիանի  զորամասը, պատանի եկմականները, համայնքային մշակույթի օջախների ստեղծագործական խմբերը: «Մեր նպատակը բոլոր հնարավոր ուժերը հավաքել, համախմբելն է: Մեր բոլոր նահատակներն են արժանի մեծարման եւ գնահատման: Սա միայն սկիզբն է, եւ պատահական չէ, որ Հրամանատարից ենք սկսում: Աշխարհի բոլոր բանակների զինվորները նույնն են, հրամանատարներն են տարբեր: Իսկ Վուրգը Հրամանատար էր»:
Տոնական առիթները, հիրավի, մեկ անգամ եւս հնարավորություն են ընձեռնում հիշելու, խոնարհվելու, խնկարկելու բոլոր նրանց, ովքեր նվիրյալ են, ովքեր զինվոր են ու հրամանատար:
Հանրապետության տոնն էլ նման առիթ էր ասելու, որ` հողը հայրենիք է դարձել ոչ միայն նահատակների արյունով, այլեւ` երկիրը պահողների անձնուրացությամբ: Ուստի երկրի սահմանների պաշտպանության եւ արցախյան ազատամարտում ներդրած ավանդի ու մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար մի խումբ ազատամարտիկներ պարգեւատրվեցին ՀՀ եւ ԼՂՀ մեդալներով ու շքանշաններով:
Հանդիսությունը տոն էր թե՛ բոցաշունչ հրամանատարի, թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար, խոնարհումի տուրք էր բոլոր նրանց, ում կամքով ու ջանքով կռվել է մեծ հաղթանակը: Այն նաեւ մեծ խորհուրդ էր ու մեծ պատգամ:
Վուրգ Ոսկանյանը հիմա նաեւ մեծ հայրենասերի, հրամանատարի, նահատակի սիմվոլ է, հայրենասիրության, հայրենապաշտության, հավաքական մտքի, հավաքական ուժի սիմվոլ: Ու որպես այդօրինակ սիմվոլ էլ մարտական ընկերոջ` Աշոտ Մինասյանի նախաձեռնությամբ քանդակի տեսք ու կերպարանքով պիտի հառնի Սիսիանի զինկոմիսարիատին հարակից այն հրապարակում, որ իր անունով կոչվել 2010 թ.-ին: Նրա քարեղեն կերպարը քանդակելու պատվական գործը վստահվել է հանրաճանաչ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, ով նրա մեջ արդեն գտել է հրամանատարի, զինակրի, գաղափարակրի, հողի եւ հայրենիքի ժառանգությունը կրողի եւ փոխանցողի նրա` ոգեղեն կերպը: Եվ, ինչպես հավաստիացնում են քանդակի նախաձեռնողները, այն սիսիանյան մերօրյա պատմության էջերը կզարդարի ՀՀ անկախության 20 ամյակին` սեպտեմբերի 21-ին: Ու արդեն քարեղեն կերպարով Հրամանատար Վուրգը կգնա հավերժորեն միանալու այն լուսապսակ հերոսներին, որոնց համար «մահը հաղթանակ է ու հարություն է միաժամանակ»:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *