ՆԱ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆԱԽ` ՄԱՐԴ Է, ՀԵՏՈ` ՀԻՎԱՆԴ

ՀՀ նախագահի` 2009 թ.-ի սեպտեմբերի 17-ի թիվ ՆՀ 233 Ա հրամանով ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի վարիչ Մարիա Պետրոսյանը պարգեւատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով:
Այս մեծ պարգեւին արժանանալուն թեեւ անմիջապես նախորդել էին Սիսիանի թիվ 4 մանկապարեզում բռնկված թունավորման աննախադեպ դեպքերը, այնուամենայնիվ, դա Մարիա Պետրոսյանի` ավելի քան 40-ամյա մասնագիտական գործունեության արդյունքն ու վաստակն է:

Արմատներով` բռնակոթցի, բայց` Երեւանում ծնված, մեծացած, կրթություն ստացած Մարիա Պետրոսյանի համար 1972 թվականը ճակատագրական է եղել: Բժշկական համալսարանն ավարտելուց հետո գործուղվել է Սիսիան: Աշխատանքային մկրտությունը սատացել է թաղային մանկաբույժ լինելուց, իսկ 1978 թ.- ից աշխատում է Սիսիանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժնում: Հետո` արմատներով սիսիանցի Մարիան, ճակատագրի ընտրությամբ, ինքն է արմատներ ձգել Սիսիանում` ստեղծելով սիսիանյան իր տունը, իր օջախը, իր ընտանիքը, վայելելով սիսիանցիների սերն ու համակրանքը, որն էլ դարձել է նրա աշխատանքի ամենամեծ խթանը, նրա ճանաչումի երաշխիքը:
Ասում է, որ դժվար, շատ դժվար է բժշկի աշխատանքը, գործ ունես մարդու կյանքի, ճակատագրի հետ, բայց երբեք զղջումի պահեր չի ապրել իր փխրուն ու կանացիորեն թույլ ուսերին այդ ծանր բեռը վերցնելու համար, որովհետեւ հետո, «երբ զգում ես, որ օգտակար ես եղել մարդկանց, որ նրանց վերադարձրել ես իրենց առողջությունը, որ քեզ հառած` աղերսանքով լի նրանց աչքերում հետո ուրախության ու բերկրանքի կայծեր ես զգացել, մոռացել ես բոլոր, բոլոր դժվարությունները, լարվածությունը, հոգնությունը, անհանգիստ ու տագնապալից գիշերները: Այ, այդ ժամանակ, հավատացեք, ես ինքս էլ եմ ինձանից գոհ լինում ու լինում եմ նաեւ… ուրախ»,- ավելացնում է բժշկուհի Մարիան:
Նրա հետ որքան էլ փորձում էինք այլ թեմաներից խոսել, այլ դեպքերից, զրույցը նորից գալիս-կապվում էր մանկապարտեզի երեխաների թունավորման լարված ու ծանր օրերին: Հետքերը դեռ թարմ էին:
«Մասսայական թունավորման դեպքեր էլի էին եղել,- ասում է Մարիա Պետրոսյանը,- բայց սա բացառիկ էր նաեւ նրանով, որ… երեխաներ էին, որոնք ոչինչ չէին հասկանում: Մեծի հետ ուրիշ է, նա գիտի իր գանգատները: Այդ ծանր փորձությունից պատվով դուրս գալուն օգնեց, անշուշտ, նաեւ իմ` մանկաբույժ լինելու հանգամանքը, իսկ ամենից շատ` մանկաբույժ Սուսաննա Հարությունյանի աչալրջությունը, ողջ բժշկական կոլեկտիվի լարված աշխատանքը:
Տագնապահարույց այդ օրերից հետո հիմա այն երազի պես է թվում. ո~նց արեցինք էդքանը, ո~նց կարողացանք, ո~նց դիմացանք,- ժպտում է մեղմ, ջերմ ժպիտով,- պիտի սիրես քո աշխատանքը, որ ամեն դժվարություն տանելի, հաղթահարելի ու հեշտ դառնա»,- ավելացնում է Մարիա Պետրոսյանը:
Նյութականացված, խաթարված մարդկային փոխհարաբերությունների մեր իրականության մեջ բժշկուհին ինչպես է կարողանում վստահելի հարաբերություններ ստեղծել հիվանդ այցելուի հետ մեր հարցին նորից մեղմ ժպտում է ու պատասխանում.«Ես հիվանդին չեմ դիտում որպես փող: Նա ինձ համար նախ` մարդ է, հետո` հիվանդ: Իմ պատիվը փողի հետ չեմ փոխի: Ճիշտ է, պետությունը բժշկին քիչ է վարձատրում, բայց դա պատճառ չէ, որ բժիշկ-հիվանդ փոխհարաբերության հիմքը փողը դառնա: Մանավանդ որ, գրեթե բոլոր հիվանդները հետո երախտահատույց ու շնորհակալ են լինում»:
«Գավառական փոքրիկ քաղաքի հիվանդանոցում աշխատելը դժվար է: Նյութատեխնիկական ժամանակակից սարքավորումների բացակայությունը փորձում ես քո գիտելիքներով լրացնել, անհարմարությունները` քո բարեհամբույր վերաբերմունքով. ի վերջո, հիվանդները ինչով են մեղավոր, որ չեն կարող Երեւան գնալ- բուժում ստանալ: Մյուս կողմից` գավառական փոքրիկ քաղաքում կարող ես շատ արագ թե՛ լավ համբավ ձեռք բերել, թե` հակառակը: Դրա համար նաեւ շնորհակալ եմ ճակատագրից, որ իմ հիվանդները բուժվելուց հետո էլ շարունակում են կապը պահպանել ինձ հետ: Փոքր քաղաքում բոլորն իրար լավ ճանաչում են, մեկը մեկի բարեկամն է, եւ հազիվ թե կեղծ հեղինակություն ստեղծես»:
Մեր զրույցին միացավ նաեւ մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը, որի մասին շռայլ խոսքեր ասաց բժշկուհի Մարիան` կարեւորելով նրա դերը եւ մասնագիտական հմտությունները թունավորված երեխաներին ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու գործում: «Մխիթար Հերացի» մեդալը բժշկուհի Մարիա Պետրոսյանը համարում է ոչ միային իրենը: «Այն կարող էր ստանալ նաեւ բժշկուհի Սուսաննան: Դա նաեւ Սիսիանի հիվանդանոցի հպարտությունն է, որովհետեւ իմ անվան կողքին նշվել է Սիսիանի բժշկական կենտրոնի անունը, որտեղ որ ես աշխատում եմ: Այս մեդալը ողջ կոլեկտիվինն է: Եթե նորից հնարավորություն տրվեր մասնագիտություն ընտրելու, ես նորից բժշկի մասնագիտությունը կընտրեի: Ես սիրում եմ իմ աշխատանքը»,- ավելացրեց Մարիա Պետրոսյանը` ջերմ ժպիտով ու մեղմ ձայնով, կարծես ասելով, որ բժշկի աշխատանքում գիտելիքներից բացի ամենամեծ բալասանը ջերմ ու տաք ժպիտն է եւ մեղմ ձայնը: Տա աստված, որ այդ բալասանի զորոթյունը զգան բոլորը, ովքեր մարդկանց առողջության եւ կյանքի հետ գործ ունեն:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *