ՆԱ ՉՀԱՍՑՐԵՑ ՀԱԳՆԵԼ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ


Սիսիան գետի ձախ ափի բարձունքին ծվարած Աղքենդ (այժմ` Աշոտավան) գյուղում է ծնվել Աշոտ Սարգսի Սարգսյանը:
Բազմանդամ ընտանիքի հոգսը հոգալու համար նրա հայրը` երկրագործ Սարգիսը շատերի նման թողել է հայրենի Աղքենդ գյուղը եւ մեկնել Բաքու` նավթահանքերում աշխատելու: Հետո այնտեղ է տարել նաեւ ավագ որդուն` Աշոտին: Յոթ տարեկանից պատանի Աշոտն արդեն Բաքվի հայկական ծխական դպրոցի սան էր: Դպրոցն ավարտելուց հետո Աշոտի քեռին` հայ խոշորագույն գիտնական, պատմաբան, բանասեր, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցը նրան տանում է Մոսկվա` Լազարյան ճեմարանում ուսումը շարունակելու: Երիտասարդ Աշոտին բախտ չի վիճակվում ավարտել ճեմարանը, քանի որ 1917 թ.-ի հեղափոխությունից հետո այն փակվում է:

1918 թ.-ին Աշոտը վերադառնում է պրոլետարական Բաքու եւ շատ այլ երիտասարդ նվիրյալների հետ նետվում հեղափոխական պայքարի հորձանուտը:
Բաքվում պայքարում է մուսաֆաթականների, Հյուսիսային Կավկասում` սպիտակ գվարդիականների դեմ: Այնուհետեւ տեղափոխվում է Երեւան եւ մասնակցում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման գործընթացին: «Անմասն չի մնացել անգամ հայ ժողովրդի բախտորոշ օրերին Սարդարապատի պատմական ճակատամարտի մարտական գործողություններից, մասնակցել է Ղամարլուի եւ Զանգեզուրի` դաշնակ ավանտյուրիստների լիկվիդացման մարտերին»: (Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիա: Տեղեկագիր թիվ 6 Հասարակական գիտություններ: 1958 թ., հունիս):
Զինվորակն դառնալու ձգտումն ու ուսման ծարավը երիտասարդ Աշոտին բերում են Երեւան, որտեղ նա սովորում է քաղաքական թեքումով դպրոցում, իսկ դասընթացներն ավարտելուց հետո ծառայության նշանակվում Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում որպես հեծելազորային բաժնի քաղղեկ, որտեղ ծառայել է մինչեւ 1925 թ.-ը: Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի` Կրեմլի Կենտգործկոմի ռազմական դպրոցը, որը հաջողությամբ ավարտելով` ծառայության է նշանակվել Հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի` Հավհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո գտնվող հեծելագնդում որպես էսկադրոնի հրամանատար, որոշ ժամանակ անց նա արդեն նույն գնդի շտաբի պետն էր: Ռազմական գործի հանդեպ սերը հետագայում Աշոտ Սարգսյանին տարել է Մոսկվա, որտեղ նա հաջողությամբ սովորել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում: Նրա անունը ուսումը գերազանցությամբ ավարտած սպաների առաջին հնգյակի կազմում գրանցվել է Ակադեմիայի Պատվո գրքում:
Ակադեմիան գերազանցությամբ ավարտելուց հետո փոխգնդապետ Աշոտ Սարգսյանին արտահերթ շնորհվել է գնդապետի կոչում, միեւնույն ժամանակ նա ծառայության է նշանակվել Օրջոնիկիձե (Վլադիկավկազ) քաղաքում տեղակայված առանձին հեծյալ բրիգադի շտաբի պետի պաշտոնում: 1941 թ.-ին գնդապետ Աշոտ Սարգսյանը նշանակվել է մարտական փառավոր ուղի անցած Բլինովի անվան 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետի պաշտոնում, որի կազմում մասնակցել է Արեւմտյան Ուկրաինայի ազատագրմանը եւ ցուցաբերած մարտական ծառայությունների համար պարգեւատրվել «Կարմիր աստղ» շքանշանով:
Ռազմական արվեստի նրա` խորը իմացությունը, մարտավարական պլանների ճիշտ կազմումը եւ մշակումը բարձր գնահատականի են արժանացել բանակի հրամանատարության կողմից, որի արդյունքում նրան վստահել են Լվով քաղաքում տեղակայված մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը: Կարճ ժամանակում դիվիզիան աչքի է ընկել մարտական եւ քաղաքական պատրաստականության մակարդակով եւ արժանացել զինվորական օկրուգի հրամանատարի եւ ռազմական խորհրդի գրավոր շնորհակալությանը:
1941 թ.-ի Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից գնդապետ Աշոտ Սարգսյանի դիվիզիան մարտերի թեժ հորձանուտում էր: Խիզախորեն իրականացրել է Լվովի եւ նրա շրջակա բնակավայրերի պաշտպանությունը, ինչի համար դիվիզիայի մի շարք սպաներ եւ զինվորներ արժանացել են կառավարական պարգեւների` շքանշանների ու մեդալների, իսկ հրամանատարը` գնդապետ Աշոտ Սարգսյանը պարգեւատրվել է մարտական`«Կարմիր դրոշի» շքանշանով:
Գնդապետ Աշոտ Սարգսյանի դիվիզիան համարձակ ու համառ մարտական գործողություններ է մղել Հարավային Բուգ գետի ափերին` կանխելով այդ տարածքում թշնամու դեմ մարտնչող Կարմիր բանակի մի քանի զորամասերի շրջապատման սպառնալիքը: Նշված մարտավարությունը հաջողությամբ իրականացնելու համար դիվիզիայի հրամանատար Աշոտ Սարգսյանն արժանացել է «Կարմիր աստղ» երկրորդ շքանշանի:
Գնդապետ Աշոտ Սարգսյանն իր մարտարվեստով առավելապես աչքի է ընկել Խմելնիցկի քաղաքի մատույցներում, Վիննիցա քաղաքի շրջակայքում մղված ծանր մարտերում` մարտնչելով հակառակորդի լավագույն ուժերի դեմ` ձախողելով նրանց մշակած բոլոր պլանները, ինչի համար էլ նրան շնորհվել է գեներալ մայորի կոչում: (տես` «Հայ Զինվոր», թիվ 32 ( 491), 16-23 օգոստոսի, 2003 թ.):
Այդ ուղղությամբ ընթացող ահեղ մարտերից մեկի ընթացքում էլ արկի բեկորից ծանր վիրավորվել է հրամանատարական առաջատար դիտակետում գտնվող հրամանատար գնդապետ Աշոտ Սարգսյանը: Բազում մարտերում հաղթած հրամանատարը, սակայն, այս «կենաց-մահու» մարտում «անզոր գտնվեց» եւ 1941 թ.-ի հուլիսի վերջին 38 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն` այդպես էլ չհասցնելով հագնել նորընծա գեներալի համազգեստը:
Զոհվելուց մի քանի օր առաջ հայ անվանի զորավարը յոթնամյա միակ որդուն գրել էր` «…Էդիկ ջան, տղամարդ կաց եւ մամայի հետ ուրախ ու քաջ եղիր: Ֆաշիստներին վերջ ի վերջո ջախջախելու ենք…»: (ՀՊՊԿ արխիվ, ֆ. 51, գ. 1, թերթ 17):
Զոհվելուց առաջ նա քաջ հրամանատարի իր խոսքն էր ասել նաեւ զորամասի հրամանատարներին եւ զինակիցներին` «Ինձ բախտ չվիճակվեց վայելել հաղթանակի բերկրանքը, բայց ես համոզված եմ, որ դուք, ձեզ հետ նաեւ իմ կրտսեր եղբայրը` գվարդիական դիվիզիայի հրամանատար գնդապետ Անդրանիկ Սարգսյանը, մոտ ապագայում ձեր զորամասերի մարտական փառապանծ դրոշը կծածանեք Բեռլինի հրապարակում եւ ձեր սուրը պատվով կդնեք պատյան… »: Սրանք եղան Սիսական աշխարհի անվեհեր զավակ Աշոտ Սարգսյանի վերջին խոսքերը:
Ռազմաճակատի հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Ս. Տիմոշենկոյի հանձնարարությամբ գեներալ Հովհաննես Բաղրամյանը մեկնում է Կիեւ` իր մարտական ընկերոջ` Աշոտ Սարգսյանի աճյունը ուկրաինական հողում ամփոփելու համար: Նրա դին հողին հանձնվեց Կիեւ քաղաքի զինվորական հոսպիտալի բակում:
Հետագայում Սովետական Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը «Այսպես է սկսում պատերազմը» գրքում Աշոտ Սարգսյանի մասին գրում է. «…Մենք հրաժեշտ էինք տալիս իրար, երբ հիշեցի, որ գեներալ Չիստյակովի կորպուսում 216-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարն է Լենինականի հեծելազորային գնդի շտաբի պետ իմ նախկին պաշտոնակից Աշոտ Սարգսյանը: Հետաքրքրվեցի, թե ինչպես են նրա գործերը: Գեներալ Չեստյակովը հիացմունքով խոսեց գնդապետ Աշոտ Սարգսյանի մասին ասելով` գերազանց հրամանատար է, մարտիկների սիրելին: Մեր Աշոտը կարողանում է մարդկանց սրտերը վառել, իսկ այժմ դա հատկապես պետք է… Ես մեծ ցանկություն ունեի տեսնել Աշոտին, բայց չհաջողվեց: Խիզախ ընկերս հերոսաբար զոհվեց հուլիսյան ծանր մարտերում…»:
Պատերազմից հետո Հովհաննես Բաղրամյանը չմոռացավ իր մարտական ընկերոջը եւ 1947 թ.-ի նոյեմբերի 12-ին դիմեց Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությանը. «…Ես գտնում եմ, որ դիվիզիայի հրամանատար, գնդապետ Սարգսյանի լուսապայծառ հիշատակը հավերժ պահելու համար միանգամայն նպատակահարմար կլինի այն գյուղը, ուր ծնվել, մեծացել է, կոչել նրա անվամբ… »: ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը հարգեց ՍՍՀՄ բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի ցանկությունը եւ Սիսիանի շրջանի աշխատավորության խնդրանքը ու Աղքենդ գյուղը, ի պատիվ նրա խիզախ եւ անվեհեր զավակի, վերանվանվեց Աշոտավան:
Հսկայական տաղանդի տեր, երեւելի հեծյալ, կարգապահ հրամանատար, բազմակողմանի զարգացած, արտակարգ ընդունակություններով օժտված, զինվորական գործի հիանալի կազմակերպիչ, անձնվեր ու կարեկից ընկեր, անկասելի խիզախ հրամանատար` այսպես են որակել նրան բոլոր ընկերները, զինակիցները, ծանոթները, այսպես են վկայում նրա մասին պահպանված բոլոր փաստաթղթերը:
Աշոտ Սարգսյանն ունեցել է մեկ որդի` Էդուարդը, որը մասնագիտությամբ բժիշկ է: 1957 թ.-ին Երեւանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո 3 տարի աշխատել է Մարտունու շրջանում որպես դատական բժիշկ: 1960 թ.-ից տեղափոխվել է Երեւան` աշխատելով դարձյալ դատական բժիշկ: 1982-ից զբաղեցնում էր նույն ծառայության բաժնի վարիչի պաշտոնը` մինչեւ թոշակի անցնելը: Նրա 2 դուստրերը` Մարգարիտան եւ Անահիտը բնակվում են Երեւանում: Իսկ Էդվարդ Սարգսյանը վայելում է 4 թոռնիկների բերկրանքը:
Հայրենիքին պակաս ծառայություն չի մատուցել նաեւ Աշոտ Սարգսյանի կրտսեր եղբայրը` Անդրանիկ Սարգսյանը: Գնալով ավագ եղբոր` Աշոտի հետքերով, նա նույնպես ընտրեց զինվորականի մասնագիտությունը: Ստանալով զինվորական բարձրագույն կրթություն` նա անցավ զինվորական ստորաբաժանումների ղեկավարման բոլոր աստիճանները: 1942 թ.-ին մասնակվեց 89-րդ հայկական, հետագայում` Թամանյան դիվիզիայի վերակազմավորման գործընթացին եւ ստանձնեց նրա հրամանատարությունը: Այնուհետեւ ծառայեց առաջին Բելոռուսական ռազմաճակատի կազմում որպես գվարդիական դիվիզիայի հրամանատար, մասնակցեց եվրոպական երկրների մի շարք բնակավայրերի, այդ թվում` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի ազատագրմանը` իրականացնելով ավագ եղբոր երազանքը:
Պատերազմից հետո գնդապետ Անդրանիկ Սարգսյանը ռազմական մարտավարություն առարկան է դասավանդել  Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում:
Բայց խաղաղ չի եղել Անդրանիկ Սարգսյանի կյանքը: 1947 թ.-ին անհիմն մեղադրանքով («ազգայնամոլություն») ձերբակալվել է եւ մինչեւ 1953 թ.-ի վերջը առանց դատավճռի պահվել է  Նովոչերկասսկի բանտում: Ազատվելուց հետո աշխատել է պատերազմի վետերանների` Մոսկվայի քաղաքային վարչությունում, «Գիտելիք» ընկերության մասնաճյուղում: Մահկանացուն կնքել է 1965 թ.-ին եւ թաղվել Մոսկվայի հայկական գերեզմանոցում:
Նրա երկու որդիները` Գենադին եւ Ռուդոլֆը ապրել եւ աշխատել են Մոսկվայում: Գենադին մահացել է 1992 թ.-ին եւ թաղվել հոր կողքին: Ռուդոլֆը, որ այժմ բնակվում է Մոսկվայում, իր ուրդուն անվանակոչել է հոր` Անդրանիկի անունով:

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀԿ նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *