ՆԱ ՍՐԲԱՑԱՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ, ՀԱՋՈՐԴԸ … ԵՍ ԵՄ

Հարցազրույց Սիսիանի զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

-Պարոն Գրիգորյան, մեր զրույցը սկսկենք հենց ա´յն տեղից, որտեղից սկսվում է բանակը. ձմեռային զորակոչի շրջան է, եւ պատանին, ով դեռ զինվոր չէ, տնից գալիս է զորանոց:
-Այո, դա բանակային կյանքի ամենալուրջ խնդիրներից է: Ծնողների ստվերից դուրս եկած պատանին առաջին անգամ միայնակ հայտնվում է իրականության դեմ հանդիման: Կողքին չեն հայրը, մայրը, եղբայրը, քեռին: Նոր միջավայր, միջանձնային նոր հարաբերություններ, նոր իրավական դաշտ, անգամ` աշխարհագրական եւ կլիմայական նոր պայմաններ: Բայց զինվորական ոլորտում 20 տարվա իմ աշխատանքը ինձ տվել է որոշակի փորձ` ճիշտ գնահատելու իրավիճակը:
Նորակոչիկին առաջինն ընդունում եմ ես, ձեռքով բարեւում, նստում ենք դեմ հանդիման, հարցնում եմ ողջությունը, տան ընդհանուր վիճակը, ապա բացատարում` ինչ է զինվորական կյանքը, ինչ է զինվորական աստիճանակարգը, ինչ է համածառայակիցը, հայրենիքը, սահմանը, զորամասը, զորանոցը, սահմանադրությունը, ինչ իրավունքներ ու պարտավորություններ ունեն, անգամ` անձնական հիգիենայի խնդիրները եւ կարեւորությունը, վերջացրած` համազգեստից ու սանմասի բժշկին դիմելուց:
Այս ամենը բացատրում եմ շատ հանգիստ, իրեն հասկանալի լեզվով, որ թոթափի այն մտայնությունը, թե բանակը կոպտություն է, կոնֆլիկտ է: Եւ նա իր կացարան վերադառնում է բացասական լիցքերից եւ պատկերացումներից ձերբազատված: Դա կոմպլեքս միջոցառումների մի ողջ շղթա է, համակարգ, որի շնորհիվ քաղաքացի պատանին ադապտացվում է զինվորական ծառայությանը եւ շարքային քաղաքացուց վերափոխվում զինվորի:
-Հաջորդ հարցը, բնականաբար, դրա տրամաբանական շարունակությունն է. զինվորը, որ արդեն… տուն է վերադառնում:
-Զինվորական ծառայության 2 տարվա ընթացքում երիտասարդը տուն է վերադառնում դրական լուրջ փոփոխություններով. նա դառնում է ավելի ինքնուրույն, սովորում է կյանքում տարբերել կարեւորը երկրորդականից, կեղծը` իրականից, սովորում է ինքնուրույն որոշումներ կայացնել: Զորամասային, բանակային կյանքը նրան բավականաչափ հասունացնում է, եւ նա, իրապես, պատանուց վերածվում է տղամարդու: Իհարկե, այս գործըթացում լինում են նաեւ  իրավահարաբերությունների եւ այլ խնդիրներ, դա եղել է, կա, կլինի, իդեալական ոչինչ չի լինում, բայց` պատկերավոր ասեմ` ստացած «հումքը» 99 %-ով հասարակություն եւ իրենց ընտանիքներ վերադարձնում ենք գոնե որպես միջին ինքնուրույնություն ունեցող, իր պետության եւ պետականության արժեքը գնահատող քաղաքացի:
Թեկուզ մեկ ամիս սահմանին ապրած զինվորը իր երկրի արժեքն այլ կերպ է գնահատում: Նա արդեն գիտի սահմանի գինը, սահմանին մոտ գտնվող գյուղերի գինը, այն հողի գինը, որի վրա քայլում է: Ծառայությունից հետո հայրենասիրական գործոնը անհատի մոտ բազմապատիկ ավելանում է: Ինքս էլ իմ մեջ դա զգացել եմ բանակային ծառայությունից հետո: Սկզբում բանակն ընկալում ես որպես զենք, բայց տարիների ընթացքում այդ զենքը դառնում է հայրենիք, դառնում է հայրենասիրություն, մարմնավորում ես այդ զենքը, սկսում ես սիրել, խոսել հետը: Համոզված եմ` մարդու կյանքի ոչ մի էտապում 2 տարվա մեջ այդքան որակական, գաղափարական, ֆիզիկական փոփոխություն չի լինում, ինչքան բանակային կյանքի այդ 2 տարում: Յուրաքանչյուր պատանի պիտի անցնի բանակային մաղով, որ դառնա քաղաքացի բառի բուն իմաստով:
-Բանակի տեղը մեր իրականության մեջ: Բանակ-հասարակություն սահմանը որտե՞ղ է սկսվում եւ որտե՞ղ է ավարտվում:
-Բանակ-հասարակություն սահմանը սկսվում է հենց որդի ունենալու պահից, երբ ասում ենք` զինվոր ծնվեց: Եւ յուրաքանչյուրս, ով արու զավակ է ունենում, գնում է զինվորական մանկական շորեր, խաղալիքները զինվորի են` տանկ, ավտոմատ: Չկա մի ընտանիք, որտեղ բանակից չխոսեն, չկա մի սեղան, որտեղ բանակի համար չխմեն, չկա մի արարողություն, որտեղ բանակը չնշվի: Բանակն այսօր գերատեսչական կառույցներից ամենահզորն է, ամենակայացածն ու ամենաազդեցիկը հասարակության մեջ, եւ հայ իրականության մեջ ունի իր առավելագույն տեղը: Բացի քաղաքական համակարգից, բանակը բոլոր տեղերում կա եւ պիտի ավելի շատ լինի:
Հատկապես վերջին 6-7 տարիների ընթացքում, երբ բանակն առավել թափանցիկ ու բաց դարձավ հասարակության առաջ, քաղաքացիական վերահսկողությունը բանակային գործընթացներին նպաստեց բանակ-հասարակություն կապի անջրպետը, կարծրատիպերը քանդելուն: Այդ գործընթացներն ավելի սթափեցրեցին ղեկավարներին, հրամանատարներին` իրենց գործունեությունը օրինական հիմքերի վրա կառուցելու, այլ ոչ` էմոցիոնալ որոշումների: Մեզ մոտ բանակ-հասարակություն առընչություններն ավելի բարի երանգ ունեն, ինչը չես ասի մեր հարեւան երկրների` Թուրքիայի, Ադրբեջանի մասին, որտեղ բանակն ու հասարակությունը ատում են միմյանց: Անցանկալի դեպքեր էլ ենք ունենում, ընդհուպ` մահվան ելքով, դրանց մասին սկզբում չէր ասվում, խուսափում էինք, բայց հիմա բացահայտ խոսվում է: Ընթացքը ցավալի էր, արդյունքը` դրական: Ճիշտը ժամանակին ասելն է: Իսկ երբ բանակն ինքն է առաջինն ասում, ենթադրությունները սպառվում են, ինֆորմացիոն հետաքրքրությունը միանգամից բավարարվում: Սրանք դրական գործընթացներ են, բայց ժամանակ է պետք` կատարելագործվելու:
-Պարոն հրամանատար, 2015 թվականի տարվա մարդը ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ էր:
-2015 թվականին աննախադեպ էր լարվածությունը շփման գծի ողջ երկայնքով, առավելապես` արեւելյան ուղղությամբ: Ամբողջ տարվա ընթացքում ականատեսը եղանք ինչպես աննախադեպ հերոսությունների, ցավոք, նաեւ` դառը կորուստների: 2015-ին հայ հասարակությունը հայ զինվորին ավելի շատ ճանաչեց: Նախկին տարիներին էլ, իհարկե, ճանաչելիության պակաս չկար, բայց ավելի շատ կենցաղային էին ճանաչում նրան` կարգապահ զինվոր, անկարգ զինվոր: Սակայն 2015-ին հասարակությունը զինվորին ճանաչեց որպես մարտիկ եւ նրա հերոսության անկրկնելի դրվագներով, եւ, ցավոք, նաեւ` դժբախտ դեպքերով: Զինվորի` որպես հասարակության գլխավոր մարդու մասին, կարծում եմ, դեռ բազմաթիվ առիթներ կունենանք լսելու, որովհետեւ նրա շնոհիվ կա ազգը: Բանակն է պետության դարպասը: Ազգի դարպասը մշակույթն է, բայց պետության դարպասը բանակն է: Այդ դարպասը թուլացնել չի կարելի, որովհետեւ պետության դարպասի թուլացումը կնկատիվի նաեւ ազգի գոյության սպառնալիք: Եւ զինվորին, որպես ամբողջ բանակի հավաքական կերպար, հասարակության համար պետք է արժեւորենք: Զինվորի մեջ տեսնելով, իհարկե, զինվորական աստիճանավորման բոլոր շերտերը, գտնում եմ, որ դա շատ ճիշտ գնահատում էր, ու այն պիտի շարունակի մնալ այդպիսին:
Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը, ունենք ազգապահպանման խնդիր, ցավոք սրտի` նաեւ 21-րդ դարում, եւ քանի այդ խնդիրը կա, մեր իրականության մեջ կշռային դերը զինվորինն է: Եթե մյուս երկրներում որոշիչ դեր ունեն այլ ոլորտները` գիտություն, մշակույթ, տնտեսություն, մեր հասարակության մեջ համազգեստով քաղաքացին դեռ առանցքային դեր ունի: Զինվորը, համազգեստով քաղաքացին այսօր հասարակության ամենանկատելի շերտն է, հասարակության էլիտան, եւ կուզենայի, որ հասարակությունը սպայի հանպեպ լինի առավել ուշադիր, հոգատար, սիրալիր, գնահատող:
-Պարոն հրամանատար, իսկ սահմանային միջադեպերը, դիվերսիաները ի՞նչ անդրադարձ են ունենում զինվորի հոգեբանության վրա:
-Սահմանային դիվերսիաները, որոնք հակառակորդին մասսամբ հաջողվում է, զինվորի մոտ առաջացնում են միայն ու միայն վրեժխնդրության զգացողություն: Երբեւէ չեք լսի եւ չկա այնպիսի բան, որ ասեն` վախեցնանք: Եթե ինչ-ինչ ձեւով պատժել են մեզ, վրեժխնդրության ցասում է առաջանում, հայի վրեժխնդրության, որ գենով ու դարերով է եկել: Ծառայակից ընկերոջ արյան վրեժխնդրությամբ լցված զինվորին հազիվ ենք զսպում: Ոչ թե` վախ, ոչ թե` փախուստ, այլ` վրեժխնդրության խորը ցասում: Մեզանից շատերն են, հավանաբար, մտածել, որ երբ պատերազմը ավարտվի, հաջորդ սերունդները կռվելու հանդեպ կլինեն կրավորական: Սակայն ապացուցվեց հակառակը: Եթե առօրյա ծառայության մեջ հնարավոր է թերացում, կռվելու հարցում առյուծ են կտրում, ինչն ապացուցեցին վերջին իրադարձությունները:
-2015-ին, ցավոք, մի քանի անգամ զինվոր հուղարկավորեցինք նաեւ մեր տարածաշրջանում, եւ կազմակերպչական դերը Դուք էիք ստանձնել: Ի՞նչ է զինվորի համար զինվոր հուղարկավորելը:
-Բանակը պարտավոր է նաեւ պատվով հրաժեշտ տալ իր անդամին: Եթե կա պատերազմ, ցավոք, կան նաեւ զոհեր, ու այդ զոհերն են խաղաղության գինը: Առանց դրա չի լինում: Հայ առաքելական եկեղեցին հայրենիքի համար նահատակվածներին սրբացնում է, ու այդ զգացողությամբ էլ պիտի նրան հրաժետ տալ: Սրբացած մարդուն ենք հրաժեշտ տալիս: Համամիտ չեմ այն կարծիքներին, որ ասում են` անտեղի մահ: Դրանք անտեղի մահեր չեն, դրանք հայրենիքի համար են, իսկ հայրենիքի համար նահատակվածները անմահների շարքին են դասվում ոչ միայն եկեղեցու կողմից, այլեւ` հենց պատմության մեջ: Զինվոր հուղարկավորելիս մեզանից յուրաքանչյուրը մտածում է` նա սրբացավ հայրենիքի համար… հաջորդը ես եմ: Մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նրա տեղը ինքը կարող էր լինել, եւ մեզ էլ այդպես պիտի ճանապարհեն` պարտավորությամբ եւ վրեժխնդրությամբ եւ կորցրածը ետ բերելու մեծ ակնկալիքներով` երեխաներ ունենանք, նրանց զինվոր պատրաստենք, որը նորից պատրաստ է հանուն հայրենիքի զոհվելու: Հայրենիքի համար անձնազոհության պատրաստ անձնակազմն է երկրի պաշտպանության խնդիրը կատարողը: Սեփական մաշկը փրկողը չի կարող երկար դիմանալ: Ցավոք` խաղաղությունը գին է պահանջում:
-Պարոն Գրիգորյան, հունվարի 28-ը հայոց բանակի օրն է:
-Մեր պետական եւ եկեղեցական տոների շարքում ինձ համար կարեւոր են երեք տոն` Սուրբ Ծննդյան օրը, հաջորդը` մեր անկախության, երրորդը` մեր բանակի օրը: Բանակի օրը համազգային տոն է, յուրաքանչյուր ընտանիք մտած տոն: Դա ազգային զարթոնքի օր է, պետության կայացման օր, ազգային ինքնասիրության օր, աշխարհի առաջ մեր հպարտ կեցվածքով հանդես գալու օր, մեր զինվորին ու սպային մեծարելու օր, մեր հաղթանակները հիշելու օր, մեր մանուկների մեջ մեր վաղվա զինվորին տեսնելու օր, ազգային ինքնասիրության օր, ազգային դժբախտություններին վերջ տալու օր, ցեղասպանությունը դատապարտելու օր, մեր զինվորի` սահմանին կանգնելու օր: Դա մեր ազգի մեծագույն տոնն է եւ մեծ արժեքը, եւ այն պետք է նշել ազգովի: Բանակը միայն շարքում կանգնած զինվորականը չէ, բանակը ազգն է, ուրեմն եւ ազգային տոն է: Բանակը ժողովուրդն է: Արդեն 24 տարի նշում ենք այդ տոնը, եւ ամեն տարի նորովի ես ընկալում` պետության հաղթանակները նորովի գնահատելով, արժեւորելով: Ոչ մի տոնի հանդեպ ժողովուրդն էդքան զգայուն չէ, ու էդքան անմիջական ներգրավված չէ, ինչքան` հունվարի 28-ին: Վստահ եմ, որ այս տարի էլ այն նույն խանդավառությամբ կտոնենք:
-Ձեր խոսքը` մեր ընթերցողին, Սիսիանին եւ սիսիանցուն:
-Սյունիքը միշտ առանձնացել է: Իզուր չի, որ ասում են` բոլոր մարզերը մարզ են, Սյունիքը` աշխարհ: Ես, չլինելով սյունեցի, ինքս գյումրեցի եմ, դա ասում եմ ողջ ընկալումով: Իմ զինվորական 20 ամյա կենսագրության մեծ մասն անցել է Սյունիքում: Սյունեցին շատ հպարտ է, սյունեցին շատ ինքնասեր է, շատ զգայուն է, աշխատող է, հայեցի է, սյունեցու ընտանիքն ավելի հայկական է, եւ զորամասերն էլ, որ հիմնականում տեղի բնակչությամբ են համալրված, ավելի կարգապահ են:
Իսկ այն վերաբերմունքը, որ կա զինվորական համազգեստի նկատմամբ Սիսիանում ու Սիսիանի բնակչության կողմից, բացառիկ ջերմ է ու ակնածանքով, ինչը Հայաստանի ուրիշ ոչ մի անկյունում չեմ տեսել: Թե որտեղից է դա գալիս, ինչու է այդպես, չեմ կարող ասել, միայն ասեմ, որ շատ հաճելի է ու դրական: Իսկ նման վերաբերմունքի պայմաններում հայրենիքի պաշտպան, հայրենիքի քաղաքացի ու զինվոր պատրաստելը միայն պարտավորեցնող է:
Մաղթում եմ, որ 2016 թվականը լինի նոր հաղթանակների, նոր նվաճումների տարի մեր բանակի եւ մեր երկրի համար:

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ
18.01.2016

2 մեկնաբանություն ՆԱ ՍՐԲԱՑԱՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ, ՀԱՋՈՐԴԸ … ԵՍ ԵՄ հոդվածին

  1. Hayk Mkh says:

    Hianali hramanatar u ankexc xosqer!!

  2. Լյուբա says:

    Շատ հետաքրքիր հարցազրույց,հայրենասեր գնդապետ:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *