ՆԱ ՓՈԽԵՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՍ ԱՌ ԲԺԻՇԿԸ

14570492_729981730483950_3784291809936549029_n

Սեպտեմբերի 10-ի երեկոյան որովայնի սուր ցավերով տեղափոխվել եմ Սիսիանի բժշկական կենտրոն: Անհանգստացած հարազատներս հորդորել են գոնե մի երկու ժամ դիմանալ` Երեւան հասցնելու համար: Սակայն ասել եմ, որ երկու րոպե էլ չեմ կարող դիմանալ, ու շուտափույթ ինձ հասցրել են ամենամոտ` Սիսիանի բժշկական կենտրոն: Անխուսափելի վիրահատություն, ետվիրահատական ճգնաժամ` ինչպես լինում է սովորաբար: Սակայն հիվանդանոց ընկնելը, ինչպես ասում են, կտրուկ փոխել է իմ վերաբերմունքը մարդկանց, բժիկների, նաեւ` իմ ապրած եւ ապրելիք կյանքի հանդեպ: Գիշերը կատարված վիրահատության հաջորդ առավոտն ինձ համար ավելի լուսավոր է բացվել, արեւը` ավելի պայծառ, եւ այդ առավոտը իմ կյանքի ամենալուսավոր օրերից մեկն էր. ես խաղաղ էի, հաշտ, ինչպես` երբեք: Հիվանդանոցների եւ բժիշկների հետ առանձնապես շատ չեմ առնչվել, բայց Սիսիանի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ, հրաշալի բժիշկ, բացառիկ մարդ Սիրակ Սիրականյանը ամբողջությամբ վերափոխեց իմ վերաբերմունքը առ բժիշկը: Որ ասեմ` մահից եմ փրկվել, չափազանց կլինի, որ ասեմ` ինձ ապրելու ժամետ էր տրված, ճիշտ չի լինի, բայց նրա հրաշագործ ձեքերի շնորհիվ վերարժեւորում ես կյանքը, սկսում իմաստավորել ապրած եւ ապրելիք յուրաքանչյուր օրը, ինքդ սկսում ես քեզ սիրել: Կյանքին հիմա ես այլ աչքերով եմ նայում:

Վիրահատության հաջորդ առավոտյան, երբ դռների մեջ երեւացել է վիրահատող բժիշկը, իմ դեմքին հայտնվել է երանավետ, անկառավարելի, լայն ժպիտը: Ու դա ինքնաբուխ էր, ու դա փոխանցվել է վիրաբույժ Սիրակ Սիրականյանից, ով, կարծես, ամբողջությամբ սիրուց եւ հոգատարությունից, ջերմությունից ու կարեկցանքից է կերտված: Մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող բժշկին տեսնելիս` ուզում ես կառչել նրա` եւ մարդ, եւ մասնագետ տեսակին, կառչել այնպես, ինչպես կյանքին ես կառչում:

Իմ` հիվանդանոցում գտնվելու 7 օրերին այլ անխուսափելի վիրահատություններ էլ կատարեց, ու բոլորի նկատմամբ է նույն սիրառատ, նույն նվիրյալ, մարդկային եւ մասնագիտական բարձր որակներով աչքի ընկնող նույն մարդը: Զարմանալի է, բայց այնպիսի վերաբերմունք է ցուցաբերում, որ հաճելի է դառնում անգամ հիվանդի` քո վիճակը: Նրա մոտ բուժվելով` ես հասկացա, որ բժիշկ Սիրական Սիրականյանի համար բնության ամենաթանկ եւ գեղեցիկ ստեղծագործությունը առողջ մարդն է, եւ նա ապրում է հիվանդներին բուժելու եւ առողջացնելու համար: Նա անմնացորդ է սիրում իր գործը, իր աշխատանքը, նվիրվայլ է, փորձառու, համարձակ, բայց` ամենից շատ մարդուն է սիրում, եւ դա է նրա ամենավեհ բնութագիրը: Իր մասնագիտական կարողություններով եւ հմտություններով ուրիշների համար ապրելու ցանկության վիթխարի ուժով նա պետք է սիսիանցիներին, պետք է` ինչպես արեւը, առանց չափազանցության: Եւ ուզում եմ, որ մենք փայփայենք, սիրենք, պահենք նրան` հանուն մեզ:

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել նաեւ նրա բուժանձնակազմից եւ հիվանդանոցի տնօրեն Անուշ Ներսիսյանից: Վստահաբար ասում եմ, որ տեխնիկական շատ վատ, չափազանց վատ պայմաններում նրանք իրականացնում են մայրաքաղաքային մակարդակի բուժսպասարկում, ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ ընտանեկան ջերմ, հոգեհարազատ վերաբերմունք է դրսեւորվում այցելուների նակատմամբ:

Իսկ վերջում ավելացնում եմ` խորին երախտիքով` Նաիրա Սարգսյան

 

 

2,003 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *