ՆԱ ՔԱՅԼՈՂ ՆԱՀԱՏԱԿ ԷՐ` ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

«Երբ նա ծնվեց, պատերազմ էր, երբ զոհվեց, դարձյալ պատերազմ էր: Բայց նա ապրեց հանուն հայրենիքի»,- այս խոսքերն ասաց Վուրգի Սուրեն որդին ու ասաց նաեւ, որ իր հայրը հենց մայիսի 28-ին պիտի ծնվեր` վերածնելով մեր պատմության մայիսքսանության խորհուրդը նորօրյա` Արցախյան ոգով:
Վուրգ Ոսկանյանի ծննդյան 69 ամյակն էին նշում Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցում: Դա սոսկ ծննդյան հերթական տարեդարձ չէր, ոչ էլ` մարտական, աշխատանքային ընկերոջ հիշատակը հարգելու տուրք: Մարտական, հայկական, հայրենասիրական, հայրենապաշտական մի զորա-շքահանդես էր` առլեցուն խոնարհումի ու խնկարկումի, մեծարումի ու գնահատումի, երդումի ու շնորհապարտության ոգեղեն զգացումներով, որ նշանակում էր` «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մեկ անգամ պիտ մեռնի, բայց երանի, ով յուր ազգի ազատության կզոհվի»…
Վուրգ Ոսկանյանը պատահականություն չէր 88-ի հայոց զարթոնքի հանգրվանում. նա դեռ 65-ից էր գալիս` հայրենասերի ու հայրենապաշտի իր գաղափարներով, որով վարակել ու «հիվանդացրել էր» նաեւ այն սերնդին, որի ուսուցիչն էր ու հրամանատարը, որի զինղեկն էր ու հայրենագիտական ջոկատի ղեկավարը, որի խոսքընկերն էր ու ընկերը: Նրա անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ էր հայրենի գյուղում կանգնեցվել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանը` թվով 2-րդը Հայաստանում:
17 տարի է` Վուրգը չկա, բայց նրա մասին ներկայով են խոսում, նրան ներկայով են հիշում, ներկայով վերարժեւորում ու գնահատում ու նաեւ ներկայով խոստովանում, որ ուսուցիչն էր թե՛ աշակերտի, թե՛ զինվորի, թե՛ ընկերոջ, որովհետեւ ուսուցիչ էր գաղափարի, ոգու, նվիրումի, սկզբունքի, զինվոր էր կեցվածքով, մտածողությամբ, ոգով ու գիտելիքով:
Թվում է` չհասկացված էր կյանքում, որովհետեւ ինքնատիպ էր ու տարբեր, թվում է` որոնումների ու փնտրտուքների մեջ էր, որովհետեւ «շտապում էր ժամանակից առաջ ընկնել», թվում է` անձնական կյանքի չկայացած էջերն էր փարձում լցնել «որոնումներով», բայց նա քայլող նահատակ էր` ճակատագրով, զինվոր էր` ի սկզբանե ու զինղեկ էր` զինապաշտության իր դավանանքով:
«Վուրգը… Չես հասկանում` տնից էր, թե տնից չէր, ձիու նման էր, պիտի գնար սարերը, անտառները, անհանգիստ էր, տեղը տիտիկ չէր անում, էդպես որ նայում էիր` զինվոր էր իսկը, տան բան չէր, իսկը պատերազմի բան էր… Որ նայում էի իրեն, հասկանում էի, որ մի օր մի տեղ կզոհվի, էնքան զինվոր էր: Ասում էի` Սուրենի փայ կյանքը Վուրգիս է հասել: Կռիվը Վուրգիս համար է… Վուրգս` կրակ, պատերազմ, Թուր Կեծակի, Ձենով Օհան… Գիշերներն է դժվար, չեմ քնում, խոսում եմ Վուրգի հետ, քիչ է խոսում, ջղային է, հետո անվերջ գնում է, մի վայրկյան կողքիս չի մնում…»,- ասել է Վուրգի մայրը` Վարսենիկ բիբին:
Այդպես էր, որովհետեւ նա ո՛չ մոր բաժինն էր, թեեւ երկու պաշտամունք ուներ` մայրը եւ հայրենիքը, ո՛չ` ընտանիքինը, ո՛չ` զավակներինը, ոչ էլ` անգամ իրենը: Նա զենքինն էր ու կռվի բաժինն էր ու երկար, երկար ճանապարհ էր հարթել դրա համար, որ նահատակի լուսապսակով գտներ հավերժողի իր տեղը «կյանքում» եւ նահատակաց ու մարտիրոսաց մեր հերոսական պատմության մեջ: Իսկ քույրը` Էմման, 17 տարի հետո պիտի խոստովաներ, որ «Վուրգը միայն իրենցը չէ, Վուրգը Սիսիանինն է, Զանգեզուրինը ու Հայաստանինը»…2010_60
Վուրգ Ոսկանյանը ծնվել է 1941-ի մայիսի 28-ին` Բռնակոթում: Բազմանդամ ընտանիքի/ 10 զավակ/ վերջին զավակն էր` ամենասիրվածը: Արդեն 47-ը բոլորել էր, երբ «եկավ» իր երկար սպասած Ժամանակը` Մեծ Ժամանակը: Բնականորեն` առաջիններից էր, որ անվարան ու հաստատակամ, վճռական ու համոզմուքով գնաց նրան` իր վաղեմի ու Մեծ Երազանքին ընդառաջ: «Ծերուկի» հոգում երիտասարդական տարիների կրակները շիջացան, ու արդեն 88-ի փետրվարի 23-ին մի քանի նվիրյալների` Աշոտ Ավագյանի ¥քրոջ որդին), Կամո Ոսկանյանի ¥եղբոր որդին), Մկրտիչ Դիլանյանի, Մարտիկ Գասպարյանի, Գագիկ Գասպարյանի հետ հիմնեց Սիսիանի շրջանային «Ղարաբաղ» կոմիտեն: Փորձված էր, գիտեր` ինչ է սպասվում, զենք վերցրեց, իր շուրջը համախմբեց գաղափարակիցների մի ջոկատ` ձեռնամուխ լինելով հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Զենքն էլ ի՞նչ էր, որսորդական հրացան, որին Վուրգը «ծանր հրետանի» էր ասում: Հարազատները փորձեցին ետ պահել` ակնարկելով առաջացած տարիքը: Բա նրան ետ պահել կլինե՞ր` ինչ տարիքում էլ որ լիներ, համ էլ … գաղափարի ու նպատակի հավերժական զինվորի համար ի՞նչ տարիք:
1992-ին դարձավ Սիսիանի 62-րդ մոտոհրաձգային գումարտակի «Զորավար Անդրանիկ» վաշտի հրամանատար: Նույն թվականին ընդունվեց աշխատանքի Սիսիանի «Ազնավուր» ձեռնարկությունում որպես անվտանգության գծով փոխտնօրեն, ուր անլեգալ պայմաններում ինքնաշեն զենք-զինամթերք էին արտադրում: 1993-ին Սիսիանի գնդի հրամանատարի` ռազմական գծով տեղակալն էր:
Թեեւ կատակում էր, որ «Ծերուկին»` իրեն, թուրքի գնդակ չի դիպչում, բայց 1993 թ.-ի մարտի 31-ին թուրքի գնդակը կտրեց նրա բուռն եւ փոթորկալից, հախուռն եւ մարտական կյանքի թելը. Բիչանիսի ազատագրման «ծառը ջրվեց նրա եւ մարտական 10 ընկերների թանկ արյունով», ու այդ արյունից էր, որ սնվեց, աճեց ու կայացավ Արցախի Ազատագրումը: Իսկ նա ընդամենը 52 տարեկան էր: Հերոսական ու նրան բնութագրող շատ էջեր ունեն արցախյան գոյամարտը, սիսիանյան մարտական փառավոր ուղին, որը նաեւ ըստ արժանվույն է գնահատվել. Լաչինի ազատագրված գյուղերից մեկը 1995թ.-ին անվանակոչվել է նրա անունով` Վուգավան, նրա անունով է կոչվում Լաչինի շրջանի Վակունիս եւ Սիսիանի թիվ 4 միջնակարգ դպրոցները, նրա ու 10 զոհված տղաների նահատակության վայրում կանգնեցվել է նրանց հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան, 1996 թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ Վուրգ Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների եւ արցախյան հերոսամարտում ունեցած ավանդի եւ ներդրման համար արժանացել է «Արիության համար» պետական շքանշանի: Նրա անունով է կոչվում  թիվ 1 միջն. դպրոցի` իր իսկ ստեղծած ռազմագիտության կաբինետը, նրա մասին գրվել է 200-ից ավելի հոդված ամենատարբեր թերթերում ու պարբերականներում եւ դեռ շատ կգրվի…
…Այսպես էր նշվում Վուրգի ծննդյան 69 ամյակը Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցում` զինվորներով, մարտական, աշխատանքային ընկերներով, ներկա, նախկին աշակերտներով, հարազատներով, բարեկամներով: Իսկական ռազմիկի մարտական ու ոգեղեն ծնունդ էր`ոգեկոչող ու ոգեպնդող, խանդավառ ու հուզախռով: «Ով չի սակայն երազի այսպիսի մի «մահ-ծնունդ»: Ծննդյան տոնակատարությունն առիթ էր, որ մեկ անգամ եւս մարտական, աշխատանքային ընկերները, հարազատները, բարեկամները, սաները հուշեր պատմեին Վուրգ Ոսկանյանի բացառիկ հայրենասիրության, անձնվիրության մասին, որ մեկ անգամ եւս միջոցառումը կազմակերպած դպրոցականներն ու զինվորականները բարձրաձայն հնչեցնեին մեծ հայրենապաշտներ Նժդեհի, Նազարբեկյանի, Հայկ Ասատրյանի, Դրոյի, Շիրազի, Իսահակյանի` հայրենիքի ընկալման եւ հայրենասիրության բանաձեւերը եւ այդ ֆոնի վրա բանաձեւեին Վուրգի հայրենասիրությունը: Առիթ էր, որ մարտական ընկերները` Մայիս Միրզոյանը, Մկրտիչ Դիլանյանը, Աշոտ Մինասյանը 17 տարի ետ գնալով հիշեին բոցաշունչ ու կրակոտ հրամանատարին, անզուգական զինղեկ-զինվորին, գաղափարական հային ու մարտիկին, առիթ էր, որ աշխատանքային ընկերները` Պետյա Հայրապետյանը, Սուրիկ Բլբուլյանը ներկայացնեին նրա մարդկային ազնիվ ու սկզբունքային հատկանիշները, զավակները` Անահիտն ու Սուրենը, մեկ անգամ եւս հպարտ զգային Վուրգի ժառանգորդը լինելու համար, առիթ էր, որ մեկ անգամ եւս դպրոցի ու զորամասի, զինվորի ու աշակերտի հայրենաընկալմամբ ձեւավորվեն մերօրյա մնայուն արժեքները, որ հավերժական ու ազգապահ արժեքներն են:
Այսպես էր նշվում Վուրգ Ոսկանյանի ծննդյան 69 ամյակը` ոգեկոչումի ու հիշատակի գրական-գեղարվեստական հանդիսությամբ, որը բարեխղճորեն ու մեծ պատասխանատվությամբ էին պատրաստել դպրոցի ուսուցչուհի Գայանե Դավթյանը եւ ՀՀ ՊՆ 60913 զորամասի զինծառայողները: Ու պատահական չէ, որ այն կրում էր «Ազատության ծառը ժամանակ առ ժամանակ պետք է ջրել հերոսների արյամբ» խորագիրը, որովհետեւ Վուրգ Ոսկանյանը իր արյամբ «ջրեց» իր մեծ երազանքի` Ազատության ծառը:
Սկզբից մինչեւ վերջ հանդիսության դահլիճը մարտական ոգեւորության մեջ էր` հավաստելով, որ այդ չմարող ոգին է, որով այդպես նահատակվել գիտենք, այդպես ոգեկոչվել ու այդպես ապրել…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *