ՆԵՐԴԱՇՆԱԿ` ԻՆՔԴ ՔԵԶ ԵՎ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԵՏ

Ոչ օրացուցային, ոչ էլ ուսումնական տարվա ավարտով է ամփոփում, ի մի բերվում եւ գնահատվում դպրոցի հաջողությունները կամ անհաջողությունները, որովհետեւ դա անընդմեջ, անդադար աշխատանք է, եւ նրա արդյունքը հասարակությունն է:
Որպես մանկավարժ, որպես դպրոցի տնօրեն թեեւ պակաս չեմ կարեւորում ջեռուցված, տաք, հարմարավետ դասասենյակում դաս անցկացնելը, բայց ավելի կարեւորում եմ կայուն արժեքային համակարգի տատանումներին դիմակայելը: Կյանքը նորանոր մարտահրավերներ է նետում, լինում են նաեւ հիասթափություններ, բայց մնում եմ իմ սկզբունքներին, իմ տեսակետներին հավատարիմ եւ բոլոր խնդիրների կիզակետում տեսնում եմ մարդուն եւ արժեւորում նրան, դպրոցի պարագայում` ուսուցչին, աշակերտին: Նրանց արածը տեսնել-գնահատել-արժեւորելու, ոչ թե` չարածի համար «գնահատելու» սկզբունքով է, ահա, որ կարողացել ենք ստեղծել խաղաղ (ինչը շատ եմ կարեւորում¤, հանգիստ, հավասարակշռված մի միջավայր, որը առանձնահատուկ է քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցին: Սա է մեր ամենամեծ ձեռքբերումը: Իսկ ինչի հասնում կամ` չենք հասնում, սրա արդյունքը կամ հետեւանքն է:
Դպրոցում ինչի մասին խոսես, խնդիր է դառնալու: Բայց որպեսզի խնդիրների մեջ չմոլորվենք, կարողանում ենք կարեւորը եւ հիմնականը, առաջնայինը եւ անհրաժեշտը առանձնացնել երկրորդականից եւ պակաս կարեւորից: Թեեւ մեր աշակերտներն այս տարի, նախորդ տարիների համեմատությամբ, առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր չբերեցին (դա էլ իր պատճառներն ունի¤, թեեւ մեր լավագույն դասարանները «գնացին» ավագ դպրոց (յուրաքանչյուր դպրոց իր խնդիրը պիտի լուծի), թեեւ դանդաղ է ընթանում աշակերտակենտրոն դպրոց կառուցելու գործընթացը, թեեւ ժամանակակից տեխնոլոգիաները դանդաղ են ներդրվում դպրոցում, ափսոսում եմ, որ մանկավարժությունը, որպես գիտություն, փոքր-ինչ ետին պլան է մղվում, բայց ողջունում եմ այն բարեփոխումները, կրթական այն նոր մեթոդները, որ ներդրվում են դպրոցում, պարզապես դրանք նպատակային պիտի կիրառել եւ ժամանակի պահանջներին համընթաց: Այսօրվա դպրոցի խնդիրը մտածող, ստեղծագործող, ինքնուրույն որոշումներ կայացնելու ի վիճակի անհատի դաստիարակությունն է, ինչն էլ իրագործում ենք, կրկնում եմ` հավատարիմ մնալով կայուն արժեհամակարգի մեր ընկալումներին ու պատկերացումներին:
Իսկապես` լավ սերունդ կա դպրոցում, որը ե՛ւ մտածում է, ե՛ւ ստեղծագործում, ե՛ւ անկաշկանդ է ու ժամանակակից: Իսկ իրենց թերությունների համար իրենք չեն մեղավորը:
Անցնող տարվա կարեւոր ձեռքբերումներից մեկը դպրոցական շենքի ջերմամեկուսացման համակարգի ապահովումն է, որն իրականացվում է ՀՀ կառավարության` մարզային դպրոցների ջեռուցման համակարգի ներդրման ծրագրով, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի առաջին փուլը, որը սկսվել էր 2006 թ.-ին, այս տարի ամբողջությամբ ավարտին հասավ` լուծելով ոչ միայն ջեռուցման խնդիրը, այլեւ` գեղագիտական, սանիտարական տեսքի, հարմարավետության խնդիրներ, եւ աշակերտն ու ուսուցիչը արդեն զգում են դրա բարերար ներգերծությունը ուսումնական գործընթացի վրա:
Այս տարի կրկին չկարողացանք հովանավոր գտնել` անմխիթար վիճակում գտնվող մարզադահլիճը վերանորոգելու, բայց հույսը կապում ենք նոր տարվա հետ:
Կարեւոր է այն, որ աշակերտները, ուսումնական գործընթացին զուգահեռ, մասնակցում են դպրոցական ամենատարբեր մրցույթների, ակցիաների եւ հաջողություններ արձանագրում: Մեր աշակերտները «Կենգուրու» մրցույթի 3 հատուկ մրցանակ նվաճեցին եւ ոսկեմեդալակիր դպրոցականների հետ մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, օրերս մասնակցեցին Սփյուռքի նախարարության հայտարարած «Մայրենին իմ տունն է» շարադրությունների մրցույում հաղթած դպրոցականների` նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպմանը, բնապահպանական «Արեւորդիներ» կազմակերպության մրցանակների, Մեծ հայրենականի 65 ամյակին նվիրված շարադրությունների մրցույթում մեր դպրոցի սան Անի Հունանյանի աշխատանքը 10 լավագույնների մեջ էր: Նարե Ֆիլիպոսյանը, Նելլի Արսենյանը, Սեւակ Միրաբյանը, մյուսները այս մրցույթներում հաղթելու համար ստացել են թանկարժեք նվերներ:
Սրանք արժեքային այն ընկալումներն են, որ արմատացած են մեր աշակերտների մեջ եւ որով նրանք կառաջնորդվեն ու կապրեն մնացած ողջ կյանքի ընթացքում:
Դպրոցը պիտի սիրել, աշակերտին պիտի սիրել, ուսուցչին պիտի սիրել. ահա իմ հավատամքը: Եւ թերեւս սա այն սերն է, որ նաեւ շռայլորեն վարձահատույց է լինում: Դպրոցի 312 աշակերտին դեմքով ու անունով ճանաչում եմ, հետաքրքրվում եմ մեր շրջանավարտների հետագա ճակատագրով, դպրոց նոր ոտք դնողների արմատներեվ, ներուժով: Նույնը պահանջում եմ դպրոցի 34 ուսուցչից: Կարծում եմ` Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցը, որ կոկիկ, հավաք, հանգիստ դպրոցի համբավ է ունեցել եւ` ունի, կկարողանա պահել-պահպանել այդ որակները: Իսկ հանգիստ, խաղաղ, հաշտ մթնոլորտում է, որ մարդը նաեւ ներդաշնակ է մնում ինքն իր հետ, շրջապատի հետ եւ իր աշխատանքի հետ:
Օգտվելով առիթից եւ ընձեռնված հնարավորությունից` շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին եւ աշակերտներին` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ մաղթում հոգեկան անդորր ու ներդաշնակություն:

Նաիրա ՍՏԵՓԱՆՅԱՆ
թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն  

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *