ԱՆՄՈՌԱՑ ԴԵՄՔԵՐ

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՍԵՓՅԱՆ
(հուշապատում)


Վաղուց էի որոշել գրել այս հուշապատումը, բայց տարբեր պատճառներով չէի կարողանում այն իրականություն դարձնել:
Հիշողություններս ներկայացնում եմ ժամանակագրական կարգով, խոսում գիտության ճանաչված գործիչների, գրողների, պաշտոնյաների, լրագրողների, երբեմն դեպքերին առնչվող հասարակ մարդկանց մասին, ում հետ առնչվել եմ կյանքիս ընթացքում:
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ընթերցելիս մտովի պատկերացրեք այն ժամանակները, երբ կատարվում էին իմ շարադրած դեպքերը:

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
(Արամ Թովմասի Թովմասյան)

Հոդված էի ուղարկել «Ավանգարդ» թերթին: Բանաստեղծ Վահագն Դավթյանն ասաց (գրական բաժնի վարիչն էր), որ ավելի լավ է ֆելիետոն գրվի: Հանձնարարել էր Լեռ Կամսարին: Մտածեցի` հարմար առիթ է, կծանոթանամ նրա հետ, կիմանամ նաեւ նրա կարծիքը հոդվածիս մասին:
Հասցեով ու նկարագրությամբ տեղն իմացա: Նրա խղճուկ բնակարանը կուչ էր եկել «Մոսկվա» կինոթատրոնի թիկուքում: Տանն էր, ներս հրավիրեց: Աքսորի դժնդակ տարիների դառը հետքերը ճաշակած երգիծաբանի միահարկ բնակարանում մի մաշված գրասեղան էր, նույնպիսի երկու աթոռ:
Գրում էր դպրոցական տետրերի թերթերի վրա` պատճառաբանելով, որ դրանք էժանագին են:
– Կարդացի հոդվածդ,- զրույցն սկսեց ինքը,- փաստերը հիմնավոր են, համոզիչ, օրինակները` խոսուն: Դպրոցում Միքայել Նալբանդյան եք անցնում, անշուշտ, նրա կյանքին եւ գրական գործունեությանը տեղյակ եք: Գիտե՞ք` նա «Մեղու»-ի խմբագրին ուղղած նամակում ինչ է գրել. «Բոլոր բնական ու մարդկային օրենքների մեջ գտնում ենք միայն այո կամ ոչ. երրորդը չկա: Չմոռանան այս խոսքը այն ազգասերքը, որ յուրյանց սերը դեպի ազգը հայտնեն նորա պակասությունքը քողարկելով, որով անուղղակի կերպով մեղանչում են ազգության ընդդեմ, ապա ուրեմն արժանի յուրյանց պաշտպանած հանցավորի հետ պատժակից լինելու:
Չի կարելի իրավադատություն քարոզել եւ անիրավությունը պաշտպանել:
Չի կարելի հառաջադիմություն քարոզել եւ անդամալույծի պես բեւեռացած մնալ մի կետի վրա:
Չի կարելի լուսավորություն քարոզել եւ ամենայն ջերմեռանդությամբ խավարի մեջ թարթափել:
Չի կարելի մաքրություն քարոզել եւ ապականության ծովի մեջ լողալ:
Չի կարելի ազատություն քարոզել եւ խղճմտանքը բռնաբարել:
Այսպիսի «չի կարելիներ» հազարավոր կան, խնդրում ենք այս բաների վրա մի փոքր մտածել»:
Հիմա, հարգելիս,- խոսքն առաջ տարավ նա,- առանց խղճի խայթի «չի կարելիները» դարձնում են կարելի, խորհուդ կտամ` շատ չոգեւորվել…
Լեռ Կամսարի 1955-ին գրված «Մի հեռավոր լուսբաժվարի մասին, որի լույսը դեռ չի հասել դպրոցին» վերնագրով ֆելիետոնը լույս է տեսել «Մարդը տանու շորերով» ժողովածուում (Ե.1965,էջ89) եւ վերահրատակված «Միհատորյակում» (Ե., 1989,էջ 199):

ՍՈւՐԵՆ ՀԱԿՈԲԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
(1953-61 թ.թ. ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, ՍՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան)

Ուսուցիչ էի իմ ծննդավայր Անգեղակոթի միջնակարգ դպրոցում: Աշակերտների ցածր առաջադիմության համար Սիսիանի կուսշրջկոմի կողմից ինձ գրավոր տույժ էր տրվել:
Դիմեցի Ս.Հ. Թովմասյանին: Շատ չէր անցել: Հեռագիր ստանալով` ներկայացա: Երկար սեղանի աջ եւ ձախ կողմերին իրենց տեղերն էին գրավել կենտկոմի անդամները:
Ս. Թովմասյանն ասաց, որ հորս մասին կենտկոմին հասցեագրվածները միայն հերյուրանքներ են` հայրենի հողի մարդուն թշնամի դարձնելու չարանենգ քայլ, եւ դարձավ ինձ`
-Հորդ համար մի անհանգստացիր, նրան վաղուց եմ ճանաչում, քո ուսուցչական գործերից խոսիր:
Բարեբախտաբար, հետս վերցրել էի աշակերտների գրավոր աշխատանքների մի կապոց: Սիրտ առա, բացեցի կապոցը: Ա. Քոչինյանը, որ ինձ մոտիկ էր նստած, թերթեց տետրերից մի քանիսը (իմ ուղղումներով, սխալները պարզաբանող լրացուցիչ օրինակներով, նույնիսկ` ձեռագիրը շտկելու նպատակով տառերի վայելչագրական ձեւերով), ասաց.
-Ահռելի աշխատանք է կատարված, ջանասիրաբար, նվիրումով…Ինչ են ուզում երիտասարդ այս մանկավարժից: Երանի գործընկերներն էլ հետեւեին նրա օրինակին:
Տետրերը նայեցին եւ գովեստի ու քաջալերանքի խոսքեր ասացին նաեւ մյուսները, որոնց չէի ճանաչում:
Ս. Թովմասյանն առաջարկեց Սիսիանի կուսշրջկոմի կողմից տրված կուսակցական տույժը չեղյալ համարել:
Կենտկոմի այդ որոշումը հետո ուղարկվեց Սիսիանի կուսշրջկոմ:
Ի միջի այլոց, նախօրոք այցելել էի մեր գյուղի ծնունդ Գեւորգ Հայրապետի Ստեփանյանին, պատմել կուսակցական տույժի մասին, եւ նա ինձ քաջալերել էր իր խորհուրդներով, Ս. Թովմասյանի` արդարամիտ լինելու մասին կարծիքով:
Գ. Ստեփանյանը, որ ուշադիր լսում էր ինձ, նկատեց.
-Հորդ մասին ասվածը ոչ թե մեղադրանք, այլ` բամբասանք է: Չնեղվես, առանց շփոթվելու կարտահայտես նկատառումներդ:
Իմ «հակառակորդները»` Սիսիանի կուսշրջկոմի առաջին քարտուղարը, ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչը, ժողկրթբաժվարը, ինձ վրա բարդած «մեղքերին» գումարել էին նաեւ  հորս «մեղքը», երես տալով, որ նա գյուղ է վերադարձել Պարսկաստան անցնելուց հետո: Այն ժամանակների լարված ու ծանր օրերին երկյուղած շատ ծնողներ իրենց երիտասարդ զավակներին հեռացնում էին բնակավայրից` հնարավոր փորձանքներից խույս տալու նպատակով: Նրանց թվում էր նաեւ հայրս:
Իմ նկատմամբ հալածանքներն ու հարցաքննությունները շարունակվում էին` մի պաշտոնյայից անցնելով մյուսին: Առավել «հետեւողական » էր երկրորդ քարտուղար Ջամիլ Մահմեդովը: Նա ինձ կանչում էր շրջկոմ, ահաբեկում, թե կհեռացնեն ուսուցչությունից, եթե գրավոր բացատրություններ չտամ հորս դեմ եւ նրան մեղավոր չհամարեմ: Եվ միշտ դժգոհում էր, որ իր նպատակին չի կարողանում հասնել:
Համագյուղացինեի վկայություններով` Ս. Թովմասյանը Սիսիանի կուսշրջկոմում աշխատելու տարիներին (1932-34 թ.թ.) Անգեղակոթի կցվածը լինելով` երբեք հանես չի բերել պաշտոնական կեցվածք: Որպես հայրենակից` հետաքրքրվել է գյուղացիների հոգսերով: Եթե հարկ է եղել օգնել որեւէ մեկին, միջնորդել-միջամտել է: Շատերին անձամբ ճանաչում էր եւ գիտեր անուններով: Նրանք էլ ցանկալի հյուրին տուն էին հրավիրում: Հասարակ մարդկանց խաթրը չկոտրելու համար չէր մերժում նրանց: Հյուրընկալվել է նաեւ մեր տանը:
Կուսրջկոմի հետապնդումների մասին հորս ոչինչ չէի ասել, որպեսզի չխախտեմ նրա հավատը, իսկ ինքն այդ բոլորին անտեղյակ` հուսադրում էր`
-Գնա, մի վախեցիր, մեր Սուրենը Զանգեզուրի զավակ է, չի թողնի` արդարությունը կորչի…
Տարիների հեռվից էլ լուսապյծառ եմ հիշում Սուրեն Թովմասյանին` իր արդարադատ եւ արդարամիտ լինելու համար, Գեւորգ Ստեփանյանին, նրա տիկնոջը, որ անգամ ծանր ու դժնդակ ժամանակներում չկորցրեցին իրենց մարդկային նկարագիրը` մարդուն մարդ պահող ամենամեծ արժանիքը:

(շարունակելի)

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *