Նիկոլայ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«ԱՆՄՈՌԱՑ ԴԵՄՔԵՐ» շարքից


ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ (Լեւոն-Կարապետ Աբրահամի Պալճյան)

Թումանյանի շրջանի Սանահինի  դպրոցում աշխատելու տարիներին (1956 թ.) հանդիպել եմ շատ մարդկանց: Ուշագրավ է իմ հանդիպումը շրջկենտրոնի դպրոցի ուսուցիչ Պետրոսի հետ: Պետրոսը Բուխարեստում աշակերտել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին: Վեհափառի մասին խոսում էր ակնածանքով, բնութագրում որպես ճշմարիտ հայրենասերի:
Լսելով այդ ամենը, իմ մեջ անզուսպ ցանկություն առաջացավ լինել Վեհափառի մոտ:
-Սիրով կընդունի,- վստահեցրեց Պետրոսը,- նա անչափ բարի է ու մարդասեր:
Վեհափառի մասին ռումինահայ Պետրոսի պատմածը միտս պահելով, որոշեցի անպայման տեսնել նրան:
1958 թիվն էր: Էջմիածնի վեհարանի մուտքի մոտ կանգնած սքեմավոր աբեղային ասացի.
-Ամենայն Հայոց կաթողիկոսին հայտնեք, որ իր աշակերտ Պետրոսի ընկերը եկել է այցելության:
Գնաց: Ետ եկավ եւ տեղեկացրեց.
-Վեհափառը թույլատրեց, կարող եք անցնել:
Առանձնասենյակում թիկնաթոռին բազմած կաթողիկոսն զբաղված էր Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» թերթելով, որ նվեր էր ստացել արտասահմանից: Դեմքը բարություն էր ճառագում: Զմայլված մոտեցա, համբուրեցի աջը:
Առաջարկեց նստել: «Նարեկով» տարված` ասաց`
-Գանձ է, նմանը չունեցող,- ապա մեկնաբանեց,- այստեղ միստիկական մոտիվների կողքին կան նաեւ աշխարհիկ տարրեր:
Շարունակեց ընթերցանությունը յուրահատուկ երանգով, կարծես Նարեկացին էր խոսում:
Ես մի հատված բերանացի ասացի:
-Հիասքա˜նչ է, ի˜նչ լավ է, որ անգիր գիտեք: Որտե՞ղ եք սովորել մեր չքնաղ հին հայերենը:
-Ինքնակրթությամբ: Հետո` Երեւանի մանկավարժական ինստիտուտում: Տակավին պատանի, ձեռքս էի առնում Կորյունի «Վարք Մաշտոցի» գիրքը, գնում մեր փոքր եկեղեցու բակը, ընթերցում մինչեւ արեւի մայր մտնելը: Կարծում էի, որ այդտեղ լինելով` գրքի մտքերը կըմբռնեմ դյուրությամբ:
Խոսեց իր մտադրությունների մասին: Նպատակն էր հայ պատմիչների երկերը տպագրել տալ վանքի տպարանում, պատկերազարդ:
Հետաքրքրվեց մեր եկեղեցիներով, խաչքարերով:
-Մեր գյուղը` Անգեղակոթը,- պատասխանեցի,- ունեցել է մի քանի եկեղեցիներ: Կանգուն են մնացել երկուսը, որոնք ենթակա են մասնակի վերանորոգման:
Հուսադրեց.
-Այժմ հնությունների շինարարական աշխատանքները Էջմիածնում, մոտիկ տեղերում են ծավալվում, Ձերն ալ դուրս չենք թողնի:
Ես շարունակեցի.
-Քարափին թիկնած մեծ եկեղեցին հայտնի է սբ. Աստվածածին անունով: Սրբատաշ քարերով կերտված հոյակապ շինություն է: Ցանկալի է, որ այն դառնա գործող: Այս եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ: Իսկ գմբեթում տեղադրված մեծ զանգերը հանել-տարել են` իբրեւ թնդանոթներ ձուլելու: Պատի տակ հայդուկների տապանաքարերն են (1905 թ., Սասունի Գալիգուզանից, Մուշից եւ այլն):
Գյուղի Շեյթանաբադ թաղամասի մի եկեղեցին էլ քանդել, քարերն օգտագործել են որպես շինություն:
Ներկայացրեցի նաեւ սբ. Վարդան Զորավար եկեղեցին,  սբ. Աստվածածին եկեղեցու մոտ (ձիթհանին մերձ) գտնվող ուշադրության արժանի խաչքարը, որ ձեւավորել է Ակոբ կազմողը (թւվ ՋՂԸ: 998,+551, 1549թ.), գյուղամիջի գերեզմանոցի` Ղուկաս կազմողի ձեռքի խաչքարը (թւվ: ՌԾԵ:1055,+551, 1606թ.): (Հետագայում երկուսն էլ տեղահանվել-տարվել են Սիսիան, տեղադրվել «Քարադարանում», սակայն չի նշվել, թե դրանք որտեղից են բերված):
Զայրույթս զսպել չկարողանալով` ներկայացրեցի գյուղամիջի ընդարձակ գերեզմանոցի հետ կատարված դատապարտելի գործողությունները, որի ընթացքում ոչնչացվել էին գիտական մեծ նշանակություն ունեցեղ խաչքարեր, դրանց ջարդած բեկորներով կառուցել են կոլվարչության, ակումբի, գյուղխորհրդի շենքերն ու գոմերը, սիլոսի աշտարակը: Ներկայացրեցի 1283, 1708 թվականների արձանագրություններով եկեղեցիները եւ այլն:
Վեհափառը, լսելով այս ամենը, զրույցի վերջում ինձ առաջարկեց սովորել վանքի ճեմարանում: Սակայն, իմանալով, որ կուսակցական եմ, շատ ափսոսաց.
-Չըլլա՛ր:
Նվիրեց իր` «Հայրենի արեւին տակ» գիրքը, տպագրված Բուխարեստում 1954 թ.-ին, գեղեցիկ ձեռագրով ընծայագրելով` «Ուսուցիչ Ն. Հովսեփյանին, օրհնությամբ` Վազգեն Ա. կաթողիկոս ամենայն հայոց Սբ. Էջմիածին, 26 յունվար, 1958»:
Ճեմարանում սովորելս չհաջողվեց (պատճառն ասացի): Կաթողիկոսի բաղձանքը մնաց անկատար: Իսկ ես երջանկացած` ինձ հետ տարա նրա աստվածային օրհնությունը, որը մինչեւ հիմա էլ մնացել է վառ:

(շարունակելի)

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *