ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ-145

Լրացավ հայ պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, ազգային-հասարակական գործիչ Նիկողայոս Գևորգի Ադոնցի (Տեր-Ավետիքյան) ծննդյան 145 ամյակը:
Ծնվել է 1871 թ. հունվարի 10-ին  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում (Սիսիան)։ Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև՝ 1892-94 թ.թ. Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1899 թ. ոսկե պարգևանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները։ Աշակերտել է Նիկողայոս Մառին։
Հեղինակ է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուս., 1908, անգլ., 1969, հայ., 1987) կոթողային մենագրության, որտեղ մանրամասն տալիս է Հայաստանի պատմա-աշխարհագրական նկարագիրը, լուսաբանում է վաղ միջնադարյան Հայաստանի նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, Հայաստանի քաղաքական կացությանը վերաբերող հարցեր։
1899-1901 թ.թ. Եվրոպայում (ՄյունխենՓարիզԼոնդոնՎենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ։ 1903-ին եկել է Կովկաս,Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, աշխատել է Էջմիածնի մատենադարանում։ Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908 թ. ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ։ Դասախոսել է նույն համալսարանում, պրիվատ-դոցենտ` 1909-ից:
1916-17-ին մասնակցել է Վանի, Մուշի և Էրզրումի հնագիտ. արշվախմբերի աշխատանքներին:
1920-ից ապրել է Լոնդոնում, Փարիզում:
1931-42-ին` դասավանդել է Բրյուսելի համալսարանում` միաժամանակ ղեկավարելով տեղի հայագիտության ամբիոնը:
Ն. Ադոնցի շուրջ 100 գիտ. աշխատություններ վերաբերում են հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին («Պատմական ուսումնասիրություններ», 1948), հայ-հուն. բանասիրությանը («Դիոնիսոս Թրակացին և հայ մեկնիչները», 1915.ռուս.):
«Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908, ռուս., հայ. հրտ.` 1987) կոթողային մենագրությունում հետազոտել է Հայաստանի պատմաշխարհագրական և հաս-քաղ. կառուցվածքը, հայ-բյուզ. հարաբերությունները, նախարարական տոհմերին առընչվող խնդիրներ, առաջին անգամ գիտականորեն վերլուծել հայկական ավատատիրության, հայ գյուղացիության հարցերը:
Հատուկ քննության առարկա է դարձրել հայ գյուղացիության պատմությունը («Հայ հին շինականությունը », 1927):
Արժեքավոր են Ն. Ադոնցի աղբյուրագիտական և բանասիրական ուսումնասիրությունները` նվիրված Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Կաղանկատվացուն, Ղևոնդին:
1930-ական թ.թ. վերջին Ն. Ադոնցը ձեռնարկել է շարադրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը լույս է տեսել ֆրանսերեն (1946) և հայերեն (1972):
Զբաղվել է նաև գրականագիտությամբ:
Հայ հասարակական-քաղաքական հարցերում ունեցել է ազգային-պահպանողական կողմնորոշում, կողմնակից է եղել խաղաղ զարգացմանը, լուսավորությանը` առանց քաղաքական ցնցումների:
«Քաղաքական հոսանքները հին Հայաստանում» (1927) աշխատության մեջ Ն. Ադոնցը հին Հայաստանի պատմության հիմնական շարժիչ ուժը համարել է ազնվականությունը:
Ն. Ադոնցը անդրադարձել է նաև Հայ եկեղեցու պատմության զարգացման հարցերին («Հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում»), 1902, «Հայ ծաթերի ծագման մասին», 1911, ռուս., «Պատկերների խնդիրը Հայոց եկեղեցու մեջ», 2003 ևն):
«Հայացած Աստվածաշունչն ու նրա պատմական տարողությունը» (ֆրանս., 1936) երկում Ա. վերլուծել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության գրական-գեղարվեստական արժեքները:
Ն. Ադոնցի` Հայկական հարցի վերաբերյալ հոդվածները լույս են տեսել «Հայկական հարց» ընդհանուր խորագրով (1999): 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915 թ, ռուսերեն) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում։ 1916-ին եղել է Էջմիածնում, ՄուշումԷրզրումում, 1917-ին հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հետ մասնակցել Վանի երկրորդ հնագիտական արշավախմբին։ 1917 թ. ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր։ 1920 թ. մեկնել է Լոնդոն, ապա՝ Փարիզ։ 1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը։ «Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները։ Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարանին, իսկ գրքերը՝ Բրյուսելի հայ գաղութին։ Ադոնցը թողել է հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրված շուրջ 80 արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը։ Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են։ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է։ Այնտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են Հայաստանի պատմա-աշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկված հայ ֆեոդալիզմի և հայ գյուղացիության մի շարք հարցեր։ Հետագայում Ադոնցը գյուղացիության պատմության խնդիրներն ավելի հանգամանորեն քննել է «Հայ հին շինականությունը» (1927 թ) ուսումնասիրության մեջ։ Մյուս ծավալուն աշխատությունը՝ «Արուեստ Դիոնիսեայ Քերականի և հայ մեկնութիւնք նորին», հայ-հունական բանասիրության մասին առաջին խոշոր գործն է։ Գիտական բարձր մակարդակով Ադոնցը վերլուծել է Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը և նրա վեց հայ մեկնիչների բնագրերը, կատարել բանասիրական կարևոր շտկումներ։ Մի շարք հոդվածներում վեր է հանել հայ-բյուզանդական անվանի ընտանիքների և Բագրատունիների տոհմաբանությունը։ Ի մի բերելով հույն հեղինակների կցկտուր տեղեկությունները՝ բացահայտել է բյուզանդական զորավար Արտավան Արշակունու, նրա եղբայր Վարդ Մամիկոնյանի, Վասիլի 1-ին և Մորիկ կայսրերի ու այլ հայազգի գործիչների կերպարները («Պատմական ուսումնասիրություններ», 1948 թ)։ Մեծ արժեք ունեն նաև Ադոնցի աղբյուրագիտական ու բանասիրական ուսումնասիրությունները՝ նվիրված Փավստոս Բուզանդին,ԿորյունինԵզնիկ Կողբացուն։ «Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925 թ) աշխատության մեջ Ադոնցը ցույց է տվել հայ գրերի ստեղծման պատմական իրադրությունը՝ մաշտոցյան գրերի ստեղծումը դնելով 382-392-ի միջև։ Ադոնցը ձեռնարկել է գրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը (հնագույն շրջան) լույս է տեսել ֆրանսերեն և հայերեն (1946, 1972)։ Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները։ Նա նաև հմուտ գրականագետ էր, գրել է մի շարք հոդվածներ, 1903-1904 թթ Պետերբուրգում խմբագրել է «Բանբեր գրականության և արվեստի» պարբերականը
Նիկողայոս Ադոնցը ոչ միայն հայ պատմագիտական, այլեւ քաղաքական, հրապարակախոսական, փիլիսոփայական, քերականական, գեղարվեստական մտքի մեծագույն կրողներից է: Չկա հասարակագիտական մի ոլորտ, որի ուղղությամբ կատարված նրա ուսումնասիրություններն ու աշխատությունները լինեն թերարժեք եւ կորցրած իրենց արդիական հնչողությունը: Եվ սա առավել կարեւոր է դարձնում նրա ողջ գրական ժառանգության հրապարակումը, որը պահանջում էր տքնաջան, մանրազնին եւ պատասխանատու աշխատանք: Այսօր արդեն կարելի է պնդել, որ այդ աշխատանքը կատարված է գրեթե ամբողջությամբ, քանզի ընթերցողի սեղանին է նրա երկերի վեց հատորը, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում է մեծ մտավորականի թողած հսկայածավալ ժառանգության որոշակի բնագավառ: Ցավոք, մեծանուն մտավորականն ու գիտնականը 1942 թ հունվարի 27-ին մահացավ Բրյուսելում։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ նրա հրատարակած աշխատություններով դեռևս կրթվելու են հազարավոր սերունդներ`ուսանելով մեր երկրի պատմությունն ու գրականագիտությունը:
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Արեւելագետ-իրանագետ
Մարտակերտ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *