ՆՇՎԵՑ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐԸ. առողջությունն ամեն ինչ չէ, բայց՝ առանց առողջության ամեն ինչ ոչինչ է …

DSC06314

Մասնագիտական տոները առիթ են մեկ անգամ եւս արժեւորելու, կարեւորելու, գնահատելու այդ մասնագիտությունը կրողների ներդրումը հանրային, հասարակական կյանքում, խոնարհվելու նրանց վաստակի, նվիրումի առջեւ, թեւավորելու նոր ձեռքբերումների եւ հաջողությունների ճանապարհին: Ու այդ մասնագիտությունների շարքում իր անառարկելի տեղն ու դերն ունի բժշկությունը:

Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է: Սիսիանի տարածաշրջանի բոլոր բուժհաստատությունների բժիշկների եւ բուժաշատողների համար օրը, հիրավի, տոնի վերածվեց՝ քաղաքային մշակույթի տանը կազմակերպված հանդիսությամբ: Օրվա կապակցությամբ հնչեցին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղերձը եւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի շնորհավորական խոսքերը: Կարեւորելով բժշկի մասնագիտական աշխատանքը, գնահատելով նրանց աստվածահաճ գործը, մարդու ամենակարեւոր հարստության՝ առողջության պահպանման եւ վերականգնման գործում նրանց ավանդը, տարածաշրջանի մի խումբ բժիշկներ եւ բուժաշխատողներ պարգեւատրվեցին Սյունիքի մարզպետի եւ Սիսիանի համայնքապետի պատվոգրերով: Զուգահեռ անցկացնելով բուժաշխատողների օրվա եւ լայն հնչեղություն ստացած՝ «Ավրորա» մրցանակաբաշխության միջեւ, որի գլխավոր մրցանակը տրվեց բժիշկ Թոմ Քաթինային, Սիսիանի համայնքի ղեկավարը ի մասնավորի հպարտությամբ նշեց, որ մրցանակը ստանալու համար Սուդանի հանրապետությունից Հայաստան եկած Թոմ Քաթինային Նուբա լեռներում փոխարինելու գնացած բժիշկներից մեկը՝ Հայկ Հովհաննիսյանը, մեր հայրենակիցն է, սիսիանցի, ինչը առանձնակի հպարտությամբ է լցնում մեր սիրտը եւ նրա մարդկային որակների, եւ նրա ընտրած մասնագիտության հանդեպ:

Իրենց վաստակը գնահատելու, ամենամարդասիրական, ամենապատասխանատու, ամենակարեւոր մասնագիտություններից մեկի՝ բժշկի մասնագիտական օրը իսկական տոնի վերածելու համար բժիշկները շնորհակալություն հայտնեցին մարզային եւ համայնքային իշխանություններին՝ գնահատվածի զգացողությամբ, հանրությանը պիտանի լինելու պատրաստակամDSC06368ությամբ:

Երեւանում ծնված, մեծացած, բայց իրեն լիիրավ սիսիանցի համարող եւ ավելի քան 55 տարի առողջապահության համակարգում աշխատած սիրված բժշկուհի Նազիկ Հարությունյանն իր շնորհակալական խոսքում ի մասնավորի ասաց, որ ողջ կյանքը ապրել եւ աշխատել է «մի վնասիրի» պատգամով ու իր վաստակի եւ կեսնափորձի բեռով հորդորեց հատկապես երիտասարդ բժիշկներին հավատարիմ մնալ այդ պատգամին եւ առաջնորդվել երեք կարեւոր սկզբունքով, որով ապրել ու աշխատել է ինքը: Կարեւորելով կյանքում նպատակ ունենալը, սիրված գործի համար սեփական անձը չարչարելուց չվախենալը եւ երբեմն անձնականը ետին պլան մղելը, Նազիկ Անուշավանովնան հորդորեց մշտապես եւ ցանկացած իրավիճակում լինել ազնիվ եւ կարգապահ:

«Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ տնօրեն, ընտանեկան բժիշկ Անիկ Գրիգորյանը նշեց, որ առաջին անգամն է ականատես լինում բժշկի նկատմամբ ցուցաբերվող նման մեծարումի եւ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու նախաձեռնողներին: «Երեք տարի առաջ՝ 2013 թ.-ին ողջ հանրապետությունում ճանաչվել եմ գյուղական ամբուլատորիայի լավագույն ընտանեկան բժիշկը, սակայն որեւէ կերպ այդ մասին չհիշատակվեց, այն մնաց աննկատ ու անցավ լռության մեջ: Մինչդեռ՝ բժիշկն էլ, մասնագետ լինելուց զատ, նաեւ մարդ է, ով նույնպես մեծարվելու, գնահատվելու կարիք է զգում»,-ասաց բժշկուհին:

Ի պատասխան մեր՝ պատվոգրեր ստացողների մեջ Ձեր անունը հնչելիս դահլիճի օվացիան համարո՞ւմ եք Ձեր նկատմամբ սիսիանցիների վերաբերմունքի եւ Ձեր աշխատանքի գնահատականը հարցմանը՝ Սիսիանի բկ երիտասարդ վիրաբույժ Սիրական Սիրականյանը մեղմաբար ժպտաց՝ կարծես հավաստելով հենց դրա իսկությունը, միաժամանակ այն համարեց մեծ պատասխանատվություն եւ պարտավորվածություն՝ այն փոխադարձելու իր՝ առավել նվիրված աշխատանքով:

«Ավելի քան 30 տարի աշխատում եմ առողջապահական համակարգում, բայց առաջին անգամն է, որ նման վերաբերմունք է ցուցաբերվում մեր նկատմամբ, ինչն ավելի է պարտավորեցնում մեզ ավելի պարտաճանաչ, ավելի հոգատար եւ ավելի բարեխիղճ աշխատել: Համամիտ կլինեք ինձ հետ, որ յուրաքանչյուր բուժաշխատող անում է իր հնարավորությունների, գիտելիքների եւ տեխնիկական միջոցների սահմաններում ամեն ինչ մեր բնակչությանն օգնելու համար,-ասաց բժշկուհի Վարդուշ Թեւանյանը: -Մեր մասնագիտությունը առանձնանում է նաեւ նրանով, որ ոչ միայն կիսում ենք մեր հիվանդների առողջացման բերկրանքը, կիսում նրանց շնորհակալական խոսքDSC06355երը, այլ, ցավոք սրտի, կիսում ենք նաեւ նրանց հարազատների կորստյան վիշտը, որ չենք կարողացել փրկել նրա կյանքը եւ հայցում ենք նրանց ներողամտությունը, որովհետեւ բժիշկը միշտ չէ, որ … Բժիշկը աստվածահաճո գործ է անում, բայց ոչ՝ աստվածային, որովհետեւ ինչն էլ կարողանում ենք կատարել, անհնարինն ենք անում: Բոլորիս է հայտնի, որ առողջությունն ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է»,-նշեց բժշկուհի Վարդուշ Թեւանյանը:

Հանդիսությունը լի էր անակնկալներով, որոնք ուղեկցվում էին բուռն ծափահարություններով: Անակնկալներից մեկը Զանգեզուրի կայազորի Աղիտուի հոսպիտալի գլխավոր բժիշկ Դանիել Մկրտչյանին նույն օրը Երեւանի՝ Մուրացանի հոսպիտալի գլխավոր բժշկի պաշտոնում նշանակելու մասին լուրն էր, որը հենց բեմահարթակից հնչեցրեց Սիսիանի համայնքապետը: Ասել, թե սիսիանցիները ուրախ չեն իրենց սիրելի Դանիել Մարատիչի հաջողությունների համար, նշանակում է՝ ոչինչ չասել, բայց ուրախության հետ միաժամանակ ափսոսանք հայտնեցին այդպիսի բժշկից ու մարդուց «զրկվելու» համար: Ինքը՝ Դանիել Մկրտչյանը բոլորովին էլ այդ կարծիքին չէր, որ սիսիանցիները «կորցնում են» իրեն, եւ ասաց, որ ինքն էլի բոլորի համար շարունակելու է մնալ նույն Դանիել Մարատիչը:

Կատարած մեծ աշխատանքի, ամեն անգամ սիսիանցի հանդիսատեսին մի նոր անակնկալ մատուցելու համար Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն արվեստի դպրոցի պարի խմբի անդամներին պարգեւատրեց Վրաստանում 8-օրյա շրջագայության ուղեգրով, որի ընթացքում պարի խումբը կմասնակցի նաեւ միջազգային համերգ-փառատոնի:

Իրենց գեղեցիկ կատարումներով բուժաշխատողի օրը իսկական տոնի վերածեցին համայնքային ենթակայության կառույցների ստեղծագործական խմբերը: Իսկ մշակույթի տան մանկական թատերական խմբի սաների՝ հիվանդանոցային կյանքին վերաբերող հումորային բեմականացումն անգամ բավականության արցունքներ կորզեց հանդիսատեսի աչքերից՝ Հրաչ Խալաթյանի անկրկնելի խաղով ու վարպետությամբ:

Առողջ եղեք, եւ պահպանեք ձեր առողջությունը՝ նաեւ ուրախության արցունքների միջից…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

1,146 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *