ՆՈՐԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ-ԿՈԹՈՂ

«Նորավանը համեմատաբար նոր բնակավայր է, եւ չունի աղոթատեղի, չունի սրբատեղի: Բայց գյուղում անպայման կկանգնեցնենք արցախյան ազատամարտում նահատակված մեր մարտական ընկերների հիշատակը հավերժացնող հուղաղբյուր-կոթող, որը կդառնա նաեւ մեր սրբատեղին»,-մեկ տարի առաջ մի հարցազրույցում ասել էր Նորավանի համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը ու հավելել, որ հուշարձանը կլինի ոչ թե շատ տարածված՝ խաչքարային հորինվածքով, այլ՝ արծվաթեւ, բերդանման, որ պատերազմ հաղթածի զգացողություն առաջացնի, հաղթական տպավորություն թողնի:
Եվ ահա հարյուրավոր համագյուղացիների, հյուրերի, զինվորականների ներկայությամբ այսօր իր նոր կենսագրության սկիզբն ազդարարեց հուշաղբյուր-կոթողը, որի բացման պատիվը տրվեց զոհված աղատամարտիկ Մանվել Դոլուխանյանի այրի Դշխուհի Դոլուխանյանին եւ զոհված ազատամարտիկ Գրիգոր Բաղդագուլյանի մորը:
Համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը նշեց, որ գյուղում հուշարձանի կառուցումը մեկ նպատակ ունի` անմար պահել մեր զոհված տղաների հերոսական ոգին մեր ժողովրդի հիշողության մեջ: Նա նշեց, որ Արցախյան ազատամարտում, ի թիվս մեր հազարավոր նահատակների, ում արյամբ կերտվեց մեր հաղթանակը, իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին են դրել նաեւ 6 քաջ նորավանցիներ` Գուրգեն Առաքելյանը, Մանվել Դոլուխանյանը, Գրիգոր Բաղդագուլյանը, Կամո եւ Սպարտակ Հակոբջանյանները եւ Բաքվից տեղահանված ու Նորավանում հաստատված Ալբերտ Ազարյանը: Նույն ժամանակ գյուղում զոհվել է  նաեւ խաղաղ բնակիչ Հրաչիկ Հակոբյանը` ազերիների կողմից կազմակերպված անասնագողության դեպքը կանխելիս:DSC02848
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայ Մակար վարդապետ Հակոբյանը. օծելով նորաբաց հուշաղբյուրը, շնորհ, սեր, խաղաղություն մաղթելով ներկաներին` իր խոսքում մասնավորապես նշեց, որ այսօր մենք հիշում ենք մեր նահատակներին, եւ փառք աստծո, որ չենք մոռացել նրանց քաջագործությունները: «Այստեղ աղբյուր ենք կանգնեցրել խաչի տեսքով, որպեսզի մի հավատացյալ, մի մանուկ, մի անցորդ մի կում խմի այս ջրից եւ այս ջրի ողորմությունը գնա-հասնի նրանց: Փառք աստծո, որ մենք հիշում ենք մեր նահատակներին, եւ այսպիսի հուշակոթողներ կերտելով` մտածում նրանց մասին, եւ մեր ճակատը պարզ ենք դարձնում նրանց եւ աստծո առաջ»,-ասաց նա:
Իր ողջույնի խոսքում արցախյան պատերազմի հրամանատար Աշոտ Մինասյանը շնորհակալություն հայտնեց Նորավանի ողջ բնակչությանը, իր զինակից ընկերներին, համայնքի ղեկավար, ազատամարտիկ Սլավիկ Պապյանին, որ իրականություն դարձրեցին աղբյուր-հուշակոթողը: Միաժամանակ հենց հուշաղբյուր-կոթողի հարեւանությամբ գտնվող մանկապարտեզի նախկին շենքը վերակառուցելու ու նորավանցի 27 երեխաների համար գործող մանկապարտեզ դարձնելու խնդրանքով դիմեց հուշաղբյուր-կոթողի բացմանը ներկա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ինչն անմիջապես դրական արձագանք ունեցավ:DSC02854
Իր ողջույնի եւ շնորհավորանքի խոսքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ երկհազարամյա մեր պատմության ընթացքում շատ արյուն ենք հեղել, շատ զոհեր ենք տվել, բայց` անարդյունք: «Արցախյան հերոսամարտը, սակայն, կարծես թե առանձնահատուկ խմբագրում էր ողջ հայության համար: Արցախյան ազատամարտում կարողացանք լինել վրեժխնդիր, կարողացանք մեր երկհազարամյա պատմության պատասխանը տալ, կարողացանք ձեռք բերել անկախություն, որը մեր պապերի դարավոր երազանքն էր, եւ այս պատերազմի թեժ օրերին պատերազմի բոցերի մեջ կարողացանք ստեղծել հայոց ազգային բանակ, որով հպարտանում ենք եւ դեռ հպարտանալու ենք: Այս ճանապարհին մենք կորցրեցիքն նաեւ մեր մարտական ընկերներին, որոնց համար այսօր ցավում ենք, նաեւ` հպարտանում: Հպարտ ենք, որ ունեցանք հերոսական պատմություն, շնորհակալ ենք նրանց ծնողներին, որ ունեցան այդպիսի հայրենասեր ու հերոս զավակներ: Արցախյան հերոսամարտը շտկեց հայոց ազգի ողնաշարը: Արցախյան հերոսամարտը մեզ էլ ավելի ճանաչելի դարձրեց աշխարհում: Արցախյան հերոսամարտը մեզ տվեց մի նոր պատմություն, որով կարողացանք շրջել մեր պատմության անիվը»,-ասաց նա:DSC02877
Առավել քան ոգեշունչ էր 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի խոսքը: Նշելով մեր ժողովրդի հերոսական ոգու, արցախյան պատերազմում անհավասար ուժերի պայմաներում տարած մեր հաղթանակի եւ մարտունակ ու հզոր բանակի մասին, հրամանատարը ի մասնավորի ասաց` «Արցախի ազատագրումը մեր բզկտված հայրենիքի մի մասնիկն էր միայն: Բոլորս էլ լավ պիտի գիտակցենք, որ մեր իրական հայրենիքը այն տարածքն է, որ մնացել է մեր քաղաքական սահմաններից դուրս, բայց մեր սեփական եւ բարոյական սահմանների ներսում է»:
Համագյուղացիների անունից շնորհակալության խոսք ասաց ազատամարտիկ Վահրամ Բարսամյանը: Իսկ զոհված ազատամարտիկ Մանվել Դոլուխանյանի այրի Դժխուհի Դոլուխանյանը նշեց, որ հուշաղբյուրը սփոփանք է իրենց համար, որ հայրենիքը չի մոռանում իր նահատակներին եւ հավերժացնում է նրանց հիշատակը, եւ ավելացնելով, որ դա ավելի շատ նորօրյա եւ ապագա սերունդներին է պետք` որպես հայրենասիրության եւ հայրենանվիրումի մի վառ օրինակ:
Հուշաղբյուրի բացման հանդիսությունն ուղեկցվեց Նորավանի դպրոցի աշակերտների պատրաստած գեղարվեստական կատարումներով:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելեց ազատամարտիկ Աշոտ Քարամյանի տուն, որը վթարային վիճակում է: Պատերն իրարից հեռացել են մոտ 20 սմ: Երկու ընտանիքի համար նախատեսված մյուս բնակարանից էլ զոհված ազատամարտիկի ընտանիքն արդեն տեղափոխվել է: Սուրիկ Խաչատրյանը հավաստիացրեց մասնագետների խումբ ուղարկել` խնդիրն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու եւ լուծումներ գտնելու համար:

R. Հոդվածը տրամադրել է սահմանադրական բարեփոխումների ԱՅՈ-ի` Սիսիանի քարոզչական շտաբը
25.11.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *