ՆՈՐՈԳԵԼՈՎ ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏԸ ԵՎ ՍԵՐԸ

Երբ հին Աղքենդի` 1831, ապա` 1871թթ.. կառուցած եկեղեցիները մնացին Տոլորսի ջրամբարի տակ, թվում էր, թե ջրամբարի տակ թաղվեց նաեւ նոր Աշոտավանի` եկեղեցի, աղոթատուն ունենալու հույսը: Ինչպես պատկերավոր ասում է Շողիկ Ներսիսյանը, երբ ամեն անգամ աչքիս առաջ մի քար էլ էր պոկվում հին եկեղեցուց եւ ընկնում ջուրը, ասես սրտիցս մի բեկոր էր զատվում, ու ամեն ընկնող քարի հետ մեծանում էր նաեւ երբեւէ հայրենի գյուղում եկեղեցի կառուցելու իմ ցանկությունը: Միայն երազում էի, երբեւէ չպատկերացնելով, որ դա օրերից մի օր իրականություն կդառնա:
Եվ ահա տարիներ, շա՛տ տարիներ հետո այդ երազանքը Կաթողիկե Սուրբ Խաչի տեսքով ձեւ ու մարմին է առել, թեւ ու թռիչք է դարձել ու բազմել շրջակա 5 համայնքների վրա իշխող բարձունքին` ամենահաս օրհնությամբ ու զորությամբ:
Օրերս էլ կատարվեց Կաթողիկե Սուրբ Խաչի վերաբացման եւ օրհնության կարգը` Սյունյաց թեմի փոխառաջնորդ գերաշնորհ Տեր-Աբգար վարդապետ Հովակիմյանի հանդիսապետությամբ եւ թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ: Մյուռոնալույս պատերից ներս «Հայր մերը» հնչեց, պատերը մոմոլույս ու խնկաբույր դարձան, եւ աղոթք հղվեց առ աստված` նորոգելով մեր հույսը, հավատը եւ սերը դեպի մեր ինքնությունը, մեր հավատքը եւ մեր կերպը:
Հարյուրավոր աշոտավանցիներին եւ հյուրերին, եկեղեցու օրհնության մասնակիցներին շնորհավորելով ողջունեցին Տեր-Աբգար Հովակիմյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Աշոտավանի նորընտիր համայնքապետ Արմեն Բեգլարյանը, շինարարության ղեկավար Վաչագան Օհանյանը` կարեւորելով եկեղեցու դերը թե՛ հոգեւոր դաստիարակության պակասը լրացնելու, թե՛ աղանդների դեմ տարվող պայքարը զորացնելու, թե՛ 70-ամյա մոռացումից մեր հավատքի զորությունը վերադարձնելու առումով:44
Աշոտավանի դպրոցի տնօրեն Հովսեփ Օհանյանը եկեղեցին համարեց գյուղի 4 սրբատեղիներից եւ սուրբ արժեքներից մեկը` վկայակոչելով հին եկեղեցին, գերեզմանատունը, Հայրենականում զոհված համագյուղացիների հուշարձան կոթողը: Գյուղի բնակիչ Արշակը եկեղեցու բացումը համարեց վերջին ամսում իրենց գյուղում կատարված երրորդ կարեւոր իրադարձությունը` նշելով, որ ընդամենը օրեր առաջ բացվեց զոհված ազատամարտիկների հուշաղբյուրը, գործարկվեց խմելու ջրի ջրագիծը, հաջորդն էլ համարելով Արմենթելի աշտարակի բացումը, եկեղեցու բացման առթիվ էլ ասաց` կյանքը շարունակվում է ոչ միայն հացիվ, իսկ եկեղեցին հոգեւոր հաց է բոլորիս համար:
Մարիետա Ներսիսյանը գոհ էր, որ ծնողների հիշատակին կառուցված եկեղեցին կծառայի բոլոր բոլորին, ովքեր ակնկալում են նրա օրհնությունն եւ զորակցությունը: Անուշ Ներսիսյանն ասաց. «Դարեր շարունակ հայ ժողովուրդն ապրել է մեկ թեւով` եկեղեցու շնորհիվ, առանց պետականության: 70 տարի շարունակ ապրել է նորից մեկ թեւով` պետականությամբ` առանց եկեղեցու: Փառք Աստծուն, հիմա հասել ենք լիարժեք կյանքի, որ ապրում եւ առաջ ենք գնում երկու թեւով` պետականությամբ եւ եկեղեցիով»:
Աշոտավանցիները հույս հայտնեցին, որ հունիսի 15-ը կդառնա ավանդական ուխտի օր Աշոտավանում եւ Կաթողիկե Սուրբ Խաչի տոն, որը դեպի իրեն կբերի բոլոր նրանց, ովքեր հույսով, հավատով եւ սիրով զորանալու աղոթքով կգան դեպի իրեն:
«Հին եկեղեցին մնաց որպես հին գյուղի միակ կենդանի հուշը մեծերի ու պատմության մեջ մնացած հիշողություններից, բայց նոր եկեղեցին նոր կյանքի եւ նոր ժամանակների խորհրդանիշ կդառնա: Մարդկանց սրտերը ջերմությամբ կլցվի,- ասում է եկեղեցու բարերար Շողիկ Ներսիսյանը եւ հավելում,- մեկ տարվա մեջ ծնողներիցս զրկվելը ծանր անդրադարձավ ինձ վրա, եւ նրանց հիշատակը վառ պահելու մղումը ուժ տվեց մարմին տալու նաեւ վաղեմի երազանքիս, ուժ տվեց ապրելու: Տեղի ընտրությունը պատահական չէ. այս բլուր-բարձունքը կյանքի ու մահվան ջրբաժանն է, որովհետեւ եկեղեցու դուռը, որ կյանքի դուռն է, նայում է նոր գյուղին, եկեղեցու հետեւում անցյալն է ` գերեզմանները, կողքի բլրին սրբատեղիներ են: Այս եկեղեցին օղակը դարձրեց մի փակ շղթա, որից ներս միայն բարին է ու սերը»:
Եվ թող որ բարին ու սերը այդ բարձունքից թեւածեն բոլոր գյուղերի վրա եւ բոլոր մարդկանց սրտերում:

Ա. ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *