ՆՈՐ ԳԻՐՔ. ՈւՅԾ, ՈւԶ, ՈւՅԾ

Լույս է տեսել վաստակաշատ մանկավարժ Լազր Մակարյանի` «ՈւՅԾ, ՈւԶ, ՈւՅԾ» պատմաաշխարհագրական հուշապատում գիրքը` թոռան ` Արտակ Մակարյանի հովանավորությամբ: Լ. Մակարյանը այն համարել է իր հոգու պարտքը իր գյուղին, իր համագյուղացիներին եւ փորձել դրանով օգտակար լինել այն հող ու ջրին, որի ծնունդն է  եւ ինքը:
Լ. Մակարյանը գրքի նախաբանում նշում է, որ այն նախատեսված է հիմնականում ույծեցիների համար, եւ նրանցից յուրաքանչյուրն այնտեղ կգտնի իր հարազատին, իր բարեկամին, համագյուղացուն, հարեւանին, կծանոթանա գյուղի նշանավոր ու ճանաչված մարդկանց: «Այս բոլորի հետ միասին գիրքը մի հուշարձան է բոլոր նրանց համար, ովքեր զոհվեցին ազգային-ազատագրական կռիվներում, Հայրենական եւ Արցախյան պատերազմների ժամանակ եւ դարձան քարե հուշարձաններ»,- գրված է նախաբանում:
Գրքում հեղինակը պատմաաշխարհագրական համառոտ անդրադարձ է կատարել բնակավայրի ծագման, անվան շուրջ, նկարագրել արմատներն ու տոհմածառը, ույծեցիների մասնակցությանը Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվներին, Մեծ հայրենականին, Արցախյան հերոսամարտին, ինչպես նաեւ գյուղի կենցաղին, սովորույթներին, նոր թաղամասերի կառուցմանը, նշանավոր ույծեցիներին, պատմության սպիտակ էջերին: Բարձր է գրքի տպագրական որակը:
Ինձ համար որպես ույծեցու եւ որպես ընթերցողի շատ կարեւոր է այն իրողությունը, որ առաջացած տարիքում անգամ Լ. Մակարյանը իմաստավորել է իր կյանքը եւ օրերի դժվարին աշխատանքի ու ջանասիրության արդյունքում ստեղծել այս պատմաաշխարհագրական հուշապատումը:
Ես գլուխ եմ խոնարհում այն մարդու առաջ, որ ույծեցի լինելու համար իրեն պարտավորված է զգում եւ իր պարտքը հայրենի գյուղին այսպես է հատուցում:

Ջուլիետա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ույծ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *