ՆՈՐ ԴՊՐՈՑԸ` ՀՈՒՅՍԻ ԵՐԱՇԽԻՔ

Երբ հեռավոր որեւէ գյուղում շինարարություն է կատարվում, անկախ ամեն ինչից լավատեսորեն ես լցվում բնակավայրի հեռանկարի նկատմանբ, իսկ երբ այդ շինարարությունը դպրոցաշինություն է, ասել է թե` գյուղի ապագան հուսալիորեն երաշխավորված է:

Այս կարծիքին են եւ այսպես են մտածում նաեւ Բնունիսում, ուր, նրանց խոսքերով, նոր դպրոցի կառուցումը վերջին 50 տարիների ամենամեծ երազանքն էր, քանի որ նախորդ դարի 30-ական թվականներին կառուցված հողաշեն, արդեն վթարային դպրոցական շենքում այլեւս ռիսկային էր ուսումնական գործընթաց կազմակերպելը: Բնունիսի համայնքի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը ցավով ու ափսոսանքով է նշում, որ դպրոցական կարգին շենք չունենալն էր նաեւ պատճառներից մեկը, որ շատ ծնողներ տեղափոխվեցին համայնքից, ինչի հետեւանքով զգալիորեն կրճատվեց Բնունիսի դպրոցի աշակերտների թիվը, մի խումբ աշակերտներ էլ իրենց կրթությունը շարունակում են  Տոլորսում եւ Սիսիանի դպրոցներում:
Բնունիսի դպրոցի շինարարությունն սկսվել է ընթացիկ տարվա հունիս ամսին եւ իրականություն է դառնում Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմանբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 116 միլիոն դրամ է, շենքն ընդգրկում է 525 մ քառակուսի մակերես: Այն նախատեսված է 50 աշակերտի համար, ունի 3 մասնաշենք` ուսումնական մաս, վարչական մաս, մարզադահլիճ: Կառուցվում է  9 բալ սեյսմակայունությամբ: Դպրոցը կունենա նաեւ բացօթյա մարզահրապարակ:
Շինարարությունը իրողություն դարձնելու` համայնքային 13% ներդրումը կատարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: «Օգնության խնդրանքով  ընդամենը մեկ անգամ դիմեցի կոմբինատի տնօրեն հարգարժան Մաքսիմ Հակոբյանին, եւ նա չմերժեց»,- ասում է համայնքի ղեկավարը` ընդգծված երախտագիտությամբ եւ շնորհապարտությամբ:
Շինարարությունն իարկանացնում է «Բազալտ ԷՄ» շինարարական կազմակերպությունը (տնօրեն` Գառնիկ Հովակիմյան):
Մեզ հետ զրույցում շինաշխատանքների ղեկավար Ֆելիքս Ղուկասյանը նշեց, որ հրաշալիորեն գիտակցում են իրականացվող շինարարության դերն ու կարեւորությունը համայնքի կյանքում ու անում են ամեն ինչ` դպրոցի շենքը նախատեսված ժամկետներում շահագործման հաձնելու: Ներկայացնելով նախագծա-նախահաշվային փաստաթղթերը` Ֆելիքս Ղուկասյանը հավելում է, որ տիպային այս նախագիծը Սիսիանի տարածաշրջանում կառուցվող առաջին նմանօրինակ դպրոցի շենքն է` ճարտարապետական գեղեցիկ տեսքով, ժամանակակից դպրոցին ներկայացվող անհրաժեշտ բոլոր պահանջներով ու հարմարություններով: «Կարեւորն այն է, որ գյուղում շինարարություն է կատարվում, այն էլ` դպրոցաշինություն, ինչն ուրախացնում է անգամ մեզ` շինարարներիս, քանի որ վերջին տարիներին գյուղական բնակավայրերում խոշոր ծավալի շինարարություն գրեթե չի կատարվում: Մեր նպատակն է կառուցել որակով եւ հանձնել ժամանակին»,- ասում է աշխղեկը:
«Եթե, գոնե, մի 5-10 տարի առաջ կառավարությունը դեմքով շրջվեր դեպի գյուղը, կորուստներն այսքան շատ չէին լինի, իսկ գյուղը կայունացնելը եւ արտահոսքը կանխելը հիմա շատ ավելի դժվար է լինելու, քան կարող էր լինել 5-10 տարի առաջ»,- ասում է համայնքապետը եւ Բնունիսի կայունացումն ու զարգացումը պայմանավորում նորակառույց դպրոցով: Համայնքի ղեկավարը նշում է նաեւ, որ Բնունիսում նոր դպրոցի կառուցմանը մեծ նախանձախնդրություն է հանդես բերել պետական գործիչ, համագյուղացի, հարգված անհատականություն Յուրի Ջավադյանը, եւ, ի նշան երախտագիտության ու շնորհակալության, մտադրություն ունեն դպրոցն անվանակոչել նրա անվամբ, ինչին, սակայն, պատվարժան բնունիսցին այնքան էլ հավանություն չի տալիս, բայց, ինչպես ասում է համայնքի ղեկավարը, ձայն ժողովրդի` կամք Աստծո:
Ինչեւէ, գյուղում դպրոց է կառուցվում` ճարտարապետական գեղեցիկ նախագծով, ինչը հույս է տալիս բնունիսցիներին, որ օրերից մի օր էլ, համագյուղացիների բարի կամքով ու հանգանակությամբ, կվերակառուցվի նորակառույց դպրոցից քիչ հեռու գտնվող խոնարհված հինավուրց եկեղեցին, եւ Բնունիսը կշարունակի ապրել իր նորօրյա կյանքը` պահպանելով հին ու հարուստ ավանդույթները:

Սեփ.  լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *