ՆՈՐ ՀԱՅԱՑՔ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ. ԼԱՑՈՒԿՈԾԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ…

Սիսիանի զորամասի եւ Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի համագործակցության արդյունքում սիսիանցի հանդիսատեսի դատին հանձնվեց պատմական գիտությունների թեկնածու Գագիկ Ժամհարյանի «Վերջին հանգրվան» պիեսի բեմականացումը` նվիրված է հայոց ցեղասպանության 100 ամյակին: Բեմականացումն առաջին անգամ ներկայացրել են 2015 թ.-ի ապրիլի 20-ին Վանաձորում, ապա, բարձր գնահատական ստանալով հանդիստեսի կողմից, որոշել են այն ներկայացնել նաեւ Սիսիանի բեմում:

Ներկայացման առանձնահատկությունն այն էր, որ դերերը կատարում էին ոչ թե պրոֆեսիոնալ դերասաններ, այլ` զորամասի ժամկետային զինծառայողներն ու Սիսիանի պետական քոլեջի ուսանողները: Ոչ պրոֆեսիոնալ դերակատարները համոզիչ կերպով կարողացան հանդիսատեսին հասցնել պիեսի ուղերձները` արժանանալով բուռն ծափերի եւ շնորհավորանքների:

Գլխավոր դերակատարներից մեկը` ժամկետային զինծառայող Արիստակես Դադյանը, վկայակոչեց պիեսի հեղինակի այն կարծիքը, որ պետք է վերջ տալ «ավանդական դարձած» լացուկոծին, կարեւորել հարցի լուծման հիմնախնդիրը եւ ցեղասպանության հարցում պահանջատեր լինել ամենուր եւ ամեն ժամ:

Հանդիսատեսին ուղղված իր ուղերձում պիեսի հեղինակը մասնավորաբար նշել էր, որ, որպես պատմաբան ուրախ է, որ հայոց ցեղասպանությունը դադարել է միայն ազգային անճարակության խորհրդանիշ լինելուց, ինչպես` նախկինում, երբ մեր պատմության ողբերգական էջերը ոգեկոչվում էին միայն լիրիկական, ողբանվագ երգերով, ինչը մատաղ սերնդի հոգեբանության մեջ մեծացնում էր ցեղասպանված ազգի բարդույթը: «Վերջին հանգրվանը» հայացք է նաեւ այն մոլորությունների եւ սխալների հանդեպ, որոնք ունենում ենք ազգային պետականաշինության ճանապարհին»,-ընդգծել էր պատմաբան-հեղինակը:

Ներկայացման ավարտից հետո Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը նշեց, որ մեզանում կարծես բնավորության գիծ է դարձել եղեռնի եւ մեր պահանջատիրության մասին խոսել միայն ապրիլի 24-ին, ապա մի ողջ տարի ապրել սովորական կյանքի ընթացքով, ու կրկին սպասել հաջորդ տրվա ապրիլի 24-ին: «Բայց այսօր ձեր ներկայացմամբ հիշեցրեցիք, որ պատմությունը շարունակվում է անցյալի հետ միասին, իսկ ապագա չունի այն ժողովուրդը, որ մոռացել է իր անցյալը: Պետք է դասեր քաղել եւ անցյալին նայել աշխարհի հայացքով, հնչեցին տեսակետներ` բոլոր կողմերից: Լավ էր, որ մեզ հնարավորոություն տրվեց հասկանալ, որ պետք է նաեւ կարողանալ դիմացինին լսել: Իրականում շատ կարեւոր է դա, քանի որ երբեմն մեր աղաղակն այնքան բարձր է լինում, որ ոչ ոքի չենք կարողանում լսել, եւ հետո չենք հասկանում, թե աշխարհը մեզ ինչու չի հասկացել»,-ասաց Տեր-Պարգեւը:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բեմականացման կազմակերպիչներին եւ դերակատարներին` բանակ-հասարակություն կապի ամրապնդման եւ համատեղ ուժերով կազմակերպած միջոցառման համար:

Բանակ-հասարակություն-մշակույթ ոլորտների կապերն ամրապնդելու, մշակույթի եւ արվեստի միջոցներով զինծառայողների եւ մատաղ սերնդի հոգում բարոյակամային վեհ ըմբռնումներ եւ հատկանիշներ ձեւավորելու, ինչպես նաեւ «Վերջին հանգրվան» բեմականացման համար գործուն աջակցություն ցուցաբերելու եւ ակտիվ մասնակցություն ունենալու համար Սիսիանի զորամասի համանատար, փոխգնդապետ Հրաչ Օհանյանի կողմից մի խումբ մարդիկ պարգեւատրվեցին շնորհակալագրերով եւ կրծքանշաններով:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *