ՆՈՐ ՆՈՐՔԸ ԴՐԱԽՏ ԴԱՐՁՐԱԾ ՍԻՍԻԱՆՑԻՆ

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ


ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության` 1972 թ.-ի մարտի 31-ի հրամանագրով Երեւան քաղաքում ստեղծվել է վարչատարածքային նոր` 7-րդ` Խորհրդային շրջանը: Մի տարածք, որը պիտանի չէր բնակության համար: Ավելի ուշ` երկու տասնամյակ անց, Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ մեր հայրենակից Գրիգոր Հասրաթյանն իր հուշերում պիտի գրեր. «…Մայրաքաղաքի կառուցապատման դժվարին խնդիրը վճռելու համար կար հիմնական  երկու տարբերակ, երկու ուղղություն: Առաջին` կառուցումը շարունակել դեպի Արարատյան դաշտ, երկրորդ` բարձրանալ վեր դեպի Երեւանի հյուսիս-արեւելք, միանգամայն ազատ ու ամայի, վարելահողի առումով անպիտանի տարածքներ, սարեր ու ձորեր:.. Առաջին տարբերակը, հասկանալի է, չէր կարելի ընդունել. ինչպես կարելի է սակավահող մի փոքր երկրում Արարատյան դաշտի ամենաբերրի հողերն օգտագործել քաղաքի ընդլայնման նպատակով: Մնում է Նոր Նորքի տարածքի տարբերակը` դժվարին ու բազում հարցականներով լի…»:

Մի՞թե հնարավոր էր տասնյակ տարիներ Երեւանի կենտրոնում ապրած ընտանիքներին «բնակության աքսորել» տառացիորեն անմարդաբնակ ու ամայի միջավայր: Եվ ո՞վ պիտի լիներ այն մարդը, ով համատարած փուշ ու տատասկներով ծածկված տարածքները պիտի կարողանար դարձնել բնակելի` պուրակներով, այգիներով, հանգստյան գոտիներով, մշակութային միջավայրով ու մթնոլորտով, նույնիսկ` մարդկային բնավորության եւ վարվեցողության նոր մոտեցումներով, փոխհարաբերություններով: Այո՛, ո՞վ: Իսկ նա արդեն կա՛ր, որ երկնքից չէ՛ր իջել մի գիշերվա մեջ ծնված հերոսի նման: Նա կար, շարժուն ու անհանգիստ բնավորության տեր այդ մարդը, ով աշխատասեր էր եւ ծայրահեղության հասնող պահանջկոտ թե՛ իր, թե՛ աշխատողների, թե՛ գործընկերների նկատմամբ: Կար այդ մարդը, ով Նոր Նորքի նորաստեղծ զանգվածը իսկական դրախտ դարձրեց: Եվ նա մեր հայրենակիցն էր` պատվական ու պատվանուն մի մարդ` Պավել Սաֆյանը:
Պավել Գեւորգի Սաֆյանը ծնվել է 1926 թ.-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, սերում է պատմական Սյունիքում հայտնի մելիք Սաֆրազյանների տոհմից:
1950 թ.-ին Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո մինչեւ 1957 թ.-նն աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմում որպես հրահանգիչ, որից հետո` ՀԿԿ ԿԿ-ում դարձյալ որպես հրահանգիչ: 1963-69 թ.թ.-ին եղել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարը: Նրա աշխատած տարիներին էր, որ Սիսիանում լայն թափ ստացավ արդյունաբերության զարգացումը եւ արդյունաբերական նոր ձեռնարկությունների հիմնադրումը: Նրա աշխատասիրության, իրավիճակը ճիշտ գնահատել կարողանալու շնորհիվ միայն գյուղատնտեսության շրջանի համբավ ունեցող Սիսիանում լուրջ ուշադրություն դարձվեց նաեւ արդյունաբերության, առավելապես` շինարարական աշխատանքների ծավալմանը: Այսօր Որոտան գետի աջափնյա տարածքի վրա կյանք առած թաղամասը, շինարարական ժամանակակից կոմունիկացիաներով, կրթօջախներով, մշակութային եւ նախադպրոցական հիմնարկներով, մարզահրապարակներով, պուրակներով, կանաչապատ հանգստյան գոտիներով, քաղաքի երկու թաղամասերն իրար կապող միաթռիչք կամուրջով Պավել Սաֆյանի` Սիսիանի կուսշրջկոմի առաջին քարտուղար աշխատած տարիների վկայագրերն են: «Մենք Կենտկոմի համար չենք աշխատում, մեզ համար ենք աշխատում, մեր բնակչության համար:… Ում համար անում ենք, նա էլ իրավունք ունի մեզ գնահատել կամ` քննադատել»:
Սիսիանում աշխատած տարիներին էին, որ բացահայտվեցին ղեկավարի, կազմակերպչի, նորովի մտածողության պետական2011_61 պաշտոնյայի ունակությունները: Բայց նրան նոր թռիչք էր պետք, իսկ դա ճակատագրորեն նրա համար ստեղծել էր հենց ժամանակը, երկրի զարգացման հեռանկարը, եւ 1969 թ.-ին նա նշանակվում է աշխատանքի ՀԿԿ ԿԿ-ի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչի պաշտոնում: Իսկ 1972-ին սկսվում է Պավել Սաֆյան ղեկավարի աստեղային ժամանակահատվածը, երբ նրան է վստահվում Երեւանի նորաստեղծ` Խորհրդային շրջանի, այժմ` Նոր Նորք թաղամասի կուսշրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, ուր նա աշխատեց ավելի քան 11 տարի` անջնջելի հետք թողնելով նորաստեղծ թաղամասի կառուցման, կայացման, զարգացման, նոր թաղամասում առկա բազմաթիվ խնդիրների լուծման գործում: Նրա պաշտոնավարման շրջանում Նոր Նորքը հիրավի դարձավ մի նոր քաղաք` քաղաքի մեջ, օձ ու կարիճների բույն, անմարդաբնակ տարածքների վրա հիմնվեցին բնակելի նոր զանգվածներ` շինարարական ժամանակակից կոմունիկացիաներով, ստեղծվեցին արդյունաբերական, գիտահետազոտական, նախագծային միավորումներ, գործարաններ, ֆաբրիկաներ, կրթօջախներ, կենցաղային սպասարկման օբյեկտներ, մարզահրապարակներ, հանգստյան գոտիներ, պուրակներ, այգիներ, որոնց մի մասն այսօր էլ կա` սաֆյանական շնչով ու միջավայրով: Նոր Նորքի սիրտը համարվող Գայի պողոտան դարձրեց հիրավի թանգարան բաց երկնքի տակ` այնտեղ տեղադրելով հանրապետության տարբեր վայրերից, հատկապես` Սյունյաց աշխարհից փոխադրված արժեքավոր հուշարձաններ, խաչքարեր, հիմնեց նոր կոթողներ: Գայի պողոտայի երկու թեւերի վրա տեղադրվեցին Հայկ Նահապետի, զորավար Գայի, Դավիթ Անհաղթի, Տորք Անգեղի արձանները, նրա նախաձեռնությամբ շունչ առան Ջրվեժի հանգույցի շուրջ 39 նորակառույց հիմնարկները: Քանի որ իրեն վստահված շրջանը համարում էր իր տունը, Պավել Սաֆյանը գտնում էր, որ շրջանում ծավալված լայնամասշտաբ աշխատանքների առաջին պատասխանատուն ինքն է, իրենից հետո միայն` մնացյալ պատասխանատուները, եւ նրանցից անաչառ խստությամբ պահանջում էր բարեխիղճ մոտեցում հանձնարարված գործին: Նա խստապահանջ էր նախ ինքն իր նկատմամբ, ինչպես ասում են` սկզբում իրեն կսղոցեր, հետո` նրանց, ովքեր անհրաժեշտ մակարդակով չէին կատարում հանձնարարականները: Բայց ինքն իր ափերից երբեք դուրս չէր գալիս, անչափ բարեհոգի էր: Նրա մասին Երքաղկոմի 2-րդ քարտուղար Ն. Ստեփանյանն ասել է` «…Այսքան տարիների ընթացքում չի եղել մի դեպք, որ իր ենթակա աշխատողներից որեւէ մեկի մասին գեթ մի բացասական բառ արտահայտի…»: Նոր Նորքի մոտ 300 հազար բնակչությունը ամենօրյա ականատեսն ու մասնակիցն էր այն յուրատեսակ վերելքին, որ ապրում ու դառնում էր նորաստեղծ թաղամասը: Տարիներ հետո անգամ, երբ նա այլեւս շատ վաղուց ոչ միայն Նոր Նորքի ղեկավարը չէր, այլեւ` հանիրավի մոռացության էր մատնված, Նորքի բնակիչները շարունակում էին հիշել ու սիրել իրենց քարտուղարին, իրենց թաղամասի հիմնադրին ու նրա նվիրյալ կառուցողին: Խորհրդային շրջանի բնակիչներից մեկի` Սամվել Թահվերդյանի հավաստմամբ, անգամ` 1994 թ.-ի մարտի 27-ին  Միքայելյան ազգանունով մի նորքեցու ղեկավարությամբ, Երեւանի` Խորհրդային շրջանի վարչական շենքին հարող հրապարակում Խորհրդային շրջանը Երեւան քաղաքից առանձնացնելու նպատակով ստորագրահավաք է կազմակերպվում, նպատակ ունենալով առանձին քաղաքի կարգավիճակ պահանջել թաղամասի համար, այն անվանակոչելով Սաֆյանավան: Իհարկե, 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբին չի հաջողվել իրականացնել այդ գաղափարը, բայց հաջողվել է իրականացնել մեկ ուրիշ` ոչ պակաս կարեւոր գաղափար. Երեւան քաղաքի Խորհրդային շրջանի զարգացման եւ բարգավաճման գործում ունեցած մեծ ավանդի համար Նոր Նորքի թաղապետարանի որոշմամբ (թաղապետ` Դավիթ Պետրոսյան) եւ երախտապարտ բնակչության ջանքերով 2004 թ.-ի մայիսի 28-ին` Հայաստանի Հանրապետության օրը, Խորհրդայինի շրջանի նախկին շրջկոմի շենքի բակում կանգնեցվել է Պավել Սաֆյանի կիսանդրին: Իսկ դեռեւս 1994 թ.-ի ապրիլի 14-ին նրան շնորհվել էր Նոր Նորք թաղային համայնքի պատվավոր անդամի կոչում: Գնահատանք, որը խոսում է Պավել Սաֆյանի նկատմամբ ժողովրդի տածած մեծ սիրո եւ հարգանքի մասին: Նոր Նորքի զարգացման գործում նրա` միայն մեկ ցանկությունն անկատար մնաց` թաղամասի մուտքի մոտ ջրաշխարհի կառուցումը: Բայց, ի վերջո, այն իրողություն է դարձել:
Տեղին եմ համարում նշել, որ պակաս նշանակալից չի եղել նրա ավանդը նաեւ Սիսիանի շրջանի զարգացման գործում, եւ նրա հիշատակը որեւէ կերպ կարելի է հարգել նաեւ Սիսիանում` որեւէ փողոց, դպրոց նրա անունով անվանակոչելով:
Պավել Սաֆյանը միայն կուսակցական, պետական պաշտոնյա ու ղեկավար չէր: Նա նաեւ գիտության մարդ էր, մտավորական: 1972 թ.-ին պաշտպանել է դիսերտացիա եւ ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակել է Սյունիքի ժայռապատկերներին նվիրված մեծածավալ եւ ուշագրավ մենագրություններ:
Այնուամենայնիվ, որքան շատ էր ժողովուրդը սիրում եւ գնահատում Պավել Սաֆյանին, այնքան խտանում էր նրա նկատմամ խանդը ղեկավար շրջանակներում: Երբ Նոր Նորքը դարձել էր իսկական դրախտ Երեւանի մեջ, Պավել Սաֆյանին անսպասելիորեն կանգնեցնում են աշխատանքը եւ աշխատավայրը թողնելու ծանր փաստի առաջ: Նրան այլընտրանք չէր մնում, քան` համաձայնվել նոր առաջարկված պաշտոնի ստանձնումը. 1983 թ.-ին նշանակվում է Մասիսի շրջկոմի առաջին քարտուղար: Այստեղ էլ կարողանում է արժանանալ բնակչության հարգանքին ու սիրուն, սակայն կրկին աշխատանքը թողնելու «նոր առաջարկ է ստանում»: 1987 թ.-ին նշանակվում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արխիվային գլխավոր վարչության պետի պաշտոնում, իսկ 1993-ին աշխատանքի է անցնում ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտում որպես փոխտնօրեն: Մահկանացուն կնքում է 2000 թ.-ի փետրվարի 21-ին:
Որքան էլ փորձվեց հանիրավի «արխիվացնել» նրա անունն ու մոռացության տալ ժողովրդի իսկական սիրույն արժանացած ղեկավարին, միեւնույն է, ժամանակն է ամենամեծ դատավորը, որն էլ նրա անվան վրայից մաքրեց «մոռացության փոշին» եւ փայլեցրեց համաժողովրդական գնահատումով` վառ հիշողությամբ:
Ղեկավարի նրա մարդկային, բարոյական որակները բարձր են գնահատել հանրապետության ճանաչված մտավորականներն ու կուսակցական պետական գործիչները: Նրա ինքնատիպ ղեկավար լինելու մասին բազմաթիվ հոդվածներ են տպագրել ժամանակի ամենահեղինակավոր թերթերն ու հանդեսները` «Գրական թերթը», «ԿչՏվպՍ», «հՎպվՈ», «խՌՑպՐՈՑցՐվՈÿ չՈջպՑՈ», «ծպջՈՉՌրՌՎՈÿ չՈջպՑՈ», «թՏսՏր ԸՐՎպվՌՌ», ԱՄՆ-ում տպագրվող «հՏՉՖպՑ սՈռՒ» եւ այլ հանդեսներ: Նրա մասին գովեստի եւ գնահատման խոսքեր են գրել Համո Սահյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Հովհաննես Շիրազը, «Նորությունների եւ մամուլի» հայաստանյան բաժանմունքի ղեկավարներն ու թղթակիցները, Սարգիս Խաչատրյանն ու շատ շատերը:
Մարդն ապրում է այնքան, որքան որ ապրում է ժողովրդի հիշողության մեջ: Իսկ ժողովրդի եւ պատմության մեջ ապրելու ու հարատեւելու`  իր անվանն առնչվող «հիշատակներ» Պավել Սաֆյանը շատ է թողել:

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀԿ նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *