ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ՉԷ

Նոր ուսումնական տարում, ըստ նախնական տվյալների, Սիսիանի տարածաշրջանի դպրոցներ կհաճախի 3845 աշակերտ (ներառյալ՝ ավագ դպրոցը), ինչը 39-ով պակաս է անցյալ ուսումնական տարվա համեմատ: Ութով պակասել է նաեւ դասարանների թիվը՝ հասնելով 275-ի:
Դարձյալ ըստ նախնական տվյալների՝ նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի 400 աշակերտ, ինչը 58-ով ավելի է անցյալ ուսումնական տարվա համեմատ: Անցած տարվա համեմատ 36-ով ավելի է գյուղական դպրոցների առաջինցիների թիվը:
«Այս թիվը թող ձեզ շչփոթեցնի, քանի որ այն վերցված է դեռեւս մայիս ամսին՝ համայնքապետարաններում հաշվառված երեխաների թվաքանակով, ինչը, բնականաբար փոփոխված է՝ պայմանավորված արտահոսքով,-ասաց Սիսիանի տարածաշրջանի ԿԳ աշխատողների արհմիության նախագահ Խաչիկ Խաչումյանը եւ ավելացրեց,- բանն այն է, որ տեղափոխված ծնողները դեռեւս գրանցումից չեն հանել իրենց երեխաներին: Թիվը դեռեւս կոնկրետ աշակերտ չէ: Առաջին դասարանցիների թիվը վերջնականապես պարզ կլինի միայն սեպտեմբերի առաջին  օրերին, երբ կոնկրետ թվով երեխաներ նստած կլինեն կոնկրետ դասասենյակում»:
Նոր ուսումնական տարում, դարձյալ նախնական տվյալներով, առաջին դասարանցի չեն ունենա տարածաշրջանի գյուղական 2-3 դպրոց:
Սա չի նշանակում, սակայն, որ գյուղական բնակավայրերում բնակչության թվի աճ է արձանագրվել: Ընդհակառակը, գաղտնիք չէ, որ եւ ծնունդներն են պակասել, եւ դեմեգրաֆիական տեղաշարժն է ավելացել:
Ի տարբերություն թվային այս տխուր վիճակագրության, վիճակը բարվոք է համեմատաբար դպրոցաշինության, դպրոցների վերանորոգման առումով:
Դպրոցական նոր շենք է կառուցվել Բնունիսում, նոր ուսումնական տարին, թեեւ՝ ոչ սեպտեմբերի մեկից, նոր դպրոցում կդիմավորեն Շամբի դպրոցականները: Ավարտվել է թիվ 1 միջն. դպրոցի մեկ մասնաշենքի հիմնանորոգումը, ավարտման փուլում են Գորայքի եւ Ծղուկի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները:
«Ծայրահեղ վատ վիճակում գտնվող դպրոցական շենք տարածաշրջանում չունենք,– ասաց Խաչիկ Խաչումյանը, –թեեւ որոշ դպրոցներ՝ Շենաթաղը, Սալվարդը, Թասիկը, տեղակայված են հարմարեցված շենքերում, ապահովում են ուսումնական գործընթացը կազմակերպելու բավարար պահանջները»:
Խոսելով նոր ուսումնական տարվա՝ դպրոցական նորամուծություններից՝ Խ. Խաչումյանը մասնավորապես նշեց, որ Սիսիանի թիվ 1, Վաղատինի եւ Գորայքի դպրոցներում բացվել են նախակրթարաններ, որի նպատակն է նախապատրաստել դպրոց հաճախող ապագա առաջին դասարանցուն:
Նոր ուսումնական տարվանից ՄԱԿ-ի պարենային ծրագրի շրջանակներում «Դպրոցական սնունդ» ծրագրով տարրական դասարանների աշակերտներին օրական մեկ անգամ կտրվի տաք սնունդ: Ծրագրի նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո այն կսկսի գործել հոկտեմբերի 1-ից: Այս ծրագրի ներդրման արդյունքում կստեղծվի մոտ 40 նոր աշխատատեղ, ինչը թեեւ փոքր, բայց՝ կարեւոր հանգամանք է հատկապես գյուղական  բնակչության համար:
Կարեւորեց  սոցիալական փաթեթը, նշելով, որ ուսուցիչների 80 %-ը հանգստացել է այդ փաթեթով:
Անդրադառնալով տարածաշրջանի դպրոցների այսօրվա խնդիրներին՝ Խ. Խաչումյանը դրանք ներկայացրեց ոչ միայն տարածաշրջանի ու մարզի, այլեւ՝ հանրապետական խնդիրների շրջանակում, մասնավորապես նշելով լաբորատորիաների, արհեստանոցների, գույքի, ցածր աշխատավարձի, դրույքաչափերը չապահովելու, գյուղական դպրոցների բազմահամակազմ (կոմպլեկտ) դասարանների եւ որոշ դպրոցների հիմնանորագման ու այլ խնդիրների մասին:
Ինչ խոսք, դպրոցը պետության հայելին եւ նրա արտացոլանքը: Այս տեսանկյունից մխիթարող, հուսադրող, վաղվա օրվա աչքերին սրդողած չնայելու հիմքեր, ցավոք, կարծես, չեն երեւում, ինչը մեր խնդիրների խնդիրն է:

«ՈՐՈՏԱՆ»
29.08.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *