ՆՈՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՀԵՌՈՒ ՉԷ

Հրահատ Նիկոլյանը տարածաշրջանի ամենաերիտասարդ համայնքապետերից է, եւ 9 տարի առաջ, երբ վաստակեց համագյուղացիների` համայնքապետ դառնալու վստահությունը, շատ ավելի շատ երիտասարդ էր: Գյուղը սիրեց նրան ոչ միայն նրա` բարեկիրթ, ինտելեկտուալ, հավասարակշիռ ու զուսպ լինելու, այլեւ` լավ համայնքապետ դառնալու համար: Պաշտոնավարման 9 տարիների ընթացքում շատ ծրագրեր, մեծ ու փոքր հարցեր են լուծվել գյուղում, չնայած` ցանկացած, անգամ` ամենափոքր հարցի լուծումը գյուղի համար դարձյալ մեծ հարց է: Իսկ դրանցից որն է առավել կարեւորում հենց ինքը` գյուղապետը:

-Պարոն Նիկոլյան, որո՞նք են ամենակարեւոր հարցերը, որոնց լուծված լինելը գյուղի համար Ձեզ իրավունք կվերապահի ասել, որ համայնքի առջեւ կատարել եք նրան տված` Ձեր խոստումները:
– Դեռեւս 9 տարի առաջ, երբ առաջադրեցի իմ թեկնածությունը համայնքապետի պաշտոնում, իմ առջեւ դրեցի  գյուղի համար` շատ կարեւոր եւ ինձ համար` սկզբունքային մի քանի հիմնահարց, որոնք իրենց լուծումը ստացել են:
Նախ` դպրոցն առանձնացավ Շամբի դպրոցից, հետո` կառավարության ֆինանսավորմամբ ունեցանք դպրոցի` հարմարավետ ու նորակառույց շենք, լուծվեց ոռոգման եւ խմելու ջրի` տասնամյակների հիմնախնդիրը: Անցկացվեց նաեւ խմելու ջրի ներքին ցանց` իրականացնելով բնակիչների` սեփական տներում ջուր ունենալու վաղեմի, վաղեմի երազանքը:
Գյուղի եւ գյուղացիների համար շատ եմ կարեւորում համայնքային, սեփական գյուղտեխնիկա ունենալու հարցը, որից բացառապես զրկված էր դեռեւս համակարգի փլուզումից ի վեր: Ու եթե անցյալ տարի մեր հացահատիկը մի կերպ հասցրեցինք հավաքել ուշ աշնանը` բերքի զգալի կորուստներով, հիմա մենք ենք, անհրաժեշտության դեպքում, օգնության հասնում հարեւաններին:
– Համոզված եմ, որ այնքան էլ հեշտ չեն լուծվել այդ խնդրիները, եւ համայնքն ինքն էլ ի զորու չէր դրանում:
– Իհա՛րկե: Մեր համայնքը հիմնականում ընդգրկված է թե՛ մարզում, թե՛ տարածաշրջանում իրականացվող եւ պետական, եւ ոչ պետական շատ ծրագրերում, ինչպես նաեւ մասնավոր շատ անձանց կողմից է արժանացել բավականին լուրջ վերաբերմունքի եւ ուշադրության:
Կոմբայնը ձեռք բերելուն օգնել է Սյունիքի մարզպետարանը, ֆինանսավորումը կատարել է «Ակցիա սովի դեմ» կազմակերպությունը: Նույն եղանակով ձեռք ենք բերել «Կուբոտա» մակնիշի անվավոր տրակտոր` վարող, հնձող գործիքներով, իսկ մեր ուժերով ձեռք ենք բերել ԺՁ- 75 մակնիշի թրթուռավոր տրակտոր` իր գութանով, որով նաեւ մաքրում ենք ճանապարհների առատ ձյունը` մշտապես անցանելի պահելով այն:
Խմելու ջրի նոր խողովակաշարը եւ ներքին ցանցն անց է կացվել դեռեւս 2002-ին` ամերիկահայ  մի բարերարի եւ Տեր-Նարեկի օժանդակությամբ, աջակցությամբ:
-Այնուամենայնիվ, Ձեզ ճանաչելով, չեմ ուզում բացառել նաեւ ազնիվ եւ պարկեշտ մարդու եւ պաշտոնյայի` Ձեր գործոնը այս ամենի մեջ:
-Միգուցե: Միջազգային մի շարք կազմակերպությունների հետ էլ մեր համագործակցությունն արդեն մեկ տասնամյակի է հասնում, որը պարտավորեցնող է: «Վորլդ Վիժնը» գրեթե իր բոլոր ծրագրերում ընդգրկում է թե՛ գյուղին, թե՛ դպրոցին: Նրա միջոցով վերանորոգվել է բուժկետը, «Ապավեն համայնքներին» կազմակերպությունն ապահովում է գրեթե անվճար դեղորյաքով, մոտ 3 տարի է` «Վորլդ Վիժնի» շարժական բուժսպասարկող մեքենան անվճար սպասարկում է նաեւ մեր հմայնքի բնակիչներին, դպրոցին տրամադրել է գույք, այս տարի հատկացրեց 30 մեղվաընտանիք` դպրոցի օժանդակ տնտեսություն ստեղծելու համար: Դպրոցին համակարգիչ է նվիրել ՆՕՎԱ ծրագիրը, գյուղապետարանին` «Ակցիա սովի դեմ» կազմակերպությունը, ընթացքի մեջ է նրա կողմից ինտերնետ կապի ապահովման հարցը: Երկրորդ տարին է` «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով համագործակցում ենք մարզպետարանի հետ. գյուղամիջյան եւ գյուղից դուրս եկող ճանապարհներն ենք բարեկարգել, փոսալցրել, ոռոգման ջրագծի 700մ հատվածը վերանորոգել:
Գյուղի համար մեծ օգնություն էր  համայնք -«Էյ–թի-ջի»-ամերկահայ բարերար եռակողմ ծրագրի իրականացումը, որի արդյունքում Եռաբլրում կատարվեց  20 հա աշնանացան` գյուղացիներին ապահովելով բարձր վերարտադրության որակյալ սերմացույով:
2008-ի ամենակարեւոր լուծված հարցը համարում եմ ավելի քան 45- 50 տարի գյուղին ծառայած, բայց արդեն շարքից դուրս եկած ոռոգման ջրի խողովակաշարի նորացումը: Խողովակաշարի մի հատվածը փոխվել էր դեռեւս անցյալ տարի, որի համար 1,5 մլն դրամ էր հատկացրել ԶՊՄ կոմբինատը: Այս տարի կոմբինատի կողմից հատկացվեց 500 մետր 150 մմ տրամագծով ամբողջությամբ նոր խողովակաշար եւ եւս 1 մլն դրամ` այդ աշխատանքներն իրականացնելու: Իմ պաշտոնավարման ողջ ընթացքում համայնքապետարանում ավանդույթ է դարձել, որ գյուղում կատարված ցանկացած աջակցության, օգնության, ներդրման համար գյուղի բնակիչների անունից պարտադիր կարգով շնորհակալական նամակներ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր կատարում են այդ ներդրումը, հատկացնում այդ օգնությունը: Նույն կերպ շնորհակալական նամակ ենք ուղարկել նաեւ ԶՊՄ կոմբինատի տնօրեն հարգարժան Մաքսիմ Հակոբյանին:
-Իսկ ի՞նչ հիմնախնդիրներ ունի գյուղը եւ ի՞նչ մտահոգություններ:
-Այսօր ցանկացած գյուղի, առավել եւս` լեռնային եւ փոքր գյուղի ամենամեծ խնդիրը արտահոսքն է: Ժամանակ եղավ, որ այն կանխվել էր, նույնիսկ` երիտասարդ շատ ընտանիքներ Երեւանից, Սիսիանից ետ վերադարձան հայրական օջախներ, բայց` դպրոցների օպտիմալացման ծրագրի իրականացումը մեծ հարված հասցրեց գյուղին. 25-30  երիտասարդ ընտանիք, որոնց անդամներն աշխատում էին հիմնականում դպրոցում, կրճատվեցին, եւ աշխատանք փնտրելու նպատակով հեռացան գյուղից` յուրաքանչյուրն իր հետ տանելով նաեւ իր 2-3 դպրոցահասակ երեխաներին: Սա, իրոք, աղետ էր գյուղի համար:
Համայնքին իմ տված եւ չկատարած` ակումբի վթարային շենքի, որը ծառայում է թե՛ որպես մշակույթի օջախ, թե՛ որպես կենցաղի տուն, վերանորգման խոստումը դեռեւս ուժի մեջ է, եւ դրա կատարումից հետո, թերեւս, ես ինձ ամբողջությամբ «ազատած կլինեմ» գյուղին տված իմ խոստումներից եւ գուցե եւ…
-Եվ, այնուամենայինիվ, ավանդաշատ, ավանդապահ, չքնաղ բնությամբ եւ գեղատեսիլ գյուղի վաղվա օրը ինչպիսի՞ն կլինի Ձեր կարծիքով:
-Հետաքրքիր է, որ գյուղը մի քանի անգամ «հոգեւարք» է ապրել, նորից` վերածնվել: Ուզում եմ հավատալ նաեւ նոր վերածննդին, այն պայմանավորելով դարձյալ իր գեղեցիկ բնությամբ եւ գեղատեսիլ դիրքով:
Դեռեւս աշխույժ են նոր` Կապան-Սիսիան  կարճ մայրուղու կառուցման խոսակցությունները, որը պիտի անցնի Լծեն գյուղով, եւ որը կդառնա նրա «կյանքի ուղին»: Իսկ «Քեյ-Սեքյուրիթի» կազմակերպությունն արդեն իրականացնում է գյուղի հայտնի Մեծ Դուզ անտառում առողջական-տուրիստական կենտրոն ստեղծելու ծրագրեր, եւ որոշակի աշխատանքներ արդեն կատարվում են: Մեկ հա տարածք աճուրդով օտարել ենք` դրա եւ արգելոց ստեղծելու համար: Մեկ տարի է` արգելված է որսը, եւ հիմա արդեն ոչ թե հազվադեպ, այլ` հաճախ կարելի է նույնիսկ եղնիկ տեսնել անտառում:
Ուզում եմ հավատալ, որ գյուղի նոր` հերթական վերածնունդը հեռու չէ:

Զրույցը վարեց
ԴԻԱՆԱ ԲԱԽՇՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *