Նվիրվում է Սիսիանի երկրորդ դպրոցի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին

15355680_181602298972142_6499501185906532250_n

Երկրորդ դպրոցը քաղաքի ծայրին է։ Իմ սովորելու տարիներին Գետափի միակ կրթարանը։ Այս դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն ինձ համար տարանջատված են շրջապատից, և նրանք միայն իմն են, միայն իմը։ Ով չէր սիրի մեր դպրոցի տնօրենին, ով մեր գյուղից էր։ Ընկեր Գրիգորյան Վանոն, ուզեցիները նրան Բանո էին ասում, իսկ դպրոցը՝ Բոթենց Բանոյի։ Նա պատմության ուսուցիչ էր և հիանալի մարդ։ Հետո տնօրեն դարձավ մաթեմատիկոս Բենիկ Հակոբյանը, ով ասում էր՝ Գիդացեք, որ մաթեմատիկան ամեն գյադագյուդի կերակուր չի։ Իսկ ընկեր Իսկանդարյանը մեր դպրոցի աղն էր՝ համ ու հոտ բերողը, առանց նրա դպրոց չկա։ Ասում են՝ մարդ ապրում է այնքան, որքան հիշում են, իսկ ընկեր Իսկանդարյանը այդ խնդիրը չունի։ Մինչև հիմա էլ, թեև նրա աշակերտները պատկառելի տարիք ունեն, հիշում են ընկեր Իսկանդարյանին, նրա հետ կապված զվարճալի պատմությունները և առատ, շատ առատ հումորը: Եթե չխոսեր էլ, նրա կեցվածքը բավական էր նրան շատ սիրելու ու գնահատելու համար։ Խոսում էր Բռնակոթի բարբառով, և իր գյուղը նրա խոսքում դառնում էր մի համեմված օրրան, որ Իսկանդարյաններ է ծնել, Շաբանյաններ, Հակոբյաններ, մայրական կողմից՝ Աղասյան Նինել, ում հումորը, ինձ թվում է, հենց Բռնակոթից էր գալիս։ Նա մայրենիի ուսուցիչ էր: Իր գեղեցկությամբ մի Հեղինե էր, ում համար արժե պատերազմել։ Հիշում եմ նրա քայլվածքը, նրա վարած դասերը, որ տարբերվում էր մյուսներից, ինչպես իր անզարդ կեցվածքն ու անշտապ քայլքը, որ միայն Աղասյանինն էր՝ աղասյանական ու աղասկանավայել։ Այս մեծություններին գալիս էր լրացնելու Օլյա Ակունցը, ում գործած զգեստները հագնում էին դպրոցի ուսուցիչներից շատերը, ովքեր իրենց կեցվածքով պատկառանք էին ներշնչում։ Հիշում եմ ֆիզիկայի ուսուցիչներին, որոնց Սիսիանում այսպես էին կոչում՝ դատավորի կին Նորա Ալումյան, Սրապյան Սնայպերի կին Սիլվա Մովսիսյան, Թամրազովի կին Հասմիկ Խաչտրյան։ Կիրովաբադից Սիսիան եկած Շամամ Գեւորգյանը միշտ պատմում էր, թե ինչպես անգլերենը դարձրեց սիրելի լեզու։ Նախարարությունից թույլտվություն ստացավ տասներորդ դասարանցուն սովորեցնել անգլերեն տառերը։ Անգլերենի ուսուցչուհի էր նաև Գոհար Գալստյանը՝ իմ դասղեկը, ով իր աղջկա անունը Մարգրետ էր դրել՝ ի պատիվ Անգլիայի պրեմիեր մինիստր Մարգրետ Թետչերի։ Այնպես, ինչպես ընկեր Շաբանյանն իր զավակներին կոչել է «Գևորգ Մարզպետունի» վեպի հերոսների անուններով՝ Սահականույշ, Աշոտ, Սևադա։ Սա էլ բավական էր, որ հետաքրքրասեր աշակերտը կարդար այդ վեպը։ Հիշում եմ իմ ռուսերենի ուսուցչուհի Ալեքսանդրա Իվանովնային, ում կոկիկ տեսքն ու անբիծ մաքրությունից փայլող կոշիկները անջնջելի հետք են թողել իմ հիշողության ոլորաններում։ Հիմա ես էլ եմ ուսուցիչ, բայց չեմ կարող կոշիկներս այդպես մաքուր պահել, մանավանդ որ ապրում եմ ցեխոտ թաղամասում։ Իմ աշակերտների ապրելու վայրերը նրանց կոշիկներից եմ գուշակում։ Այդպիսին էին նաև մեր կենսաբանության ուսուցիչներ Մելանյա Միքայելյանը, Վարդուշը Բալյանը, վաղամեռիկ Մարինեն Թովմասյանը, ում թաղումը հիշում եմ մինչև հիմա։ Այդ ժամանակ ես ավարտել էի դպրոցս և աշխատում էի, բայց փախա աշխատանքից, գնացի մեր դպրոց, որտեղ հավաքվել էին դպրոցի բոլոր աշակերտներն ու շրջանավարտները՝ փոքրից մեծ։ Հիշում եմ իմ հայոց լեզվի ուսուցչուհի Լյուսյա Մարգարյանին, ով հայտնի լեզվաբան Մարգար Մարգարյանի ազգականուհին էր, նա Թալինից էր և Խորհրդային Գողթնի արժանի դուստրը, ում բերանով Սասնա Դավիթը սասնավայել էր խոսում։ Ուրիշ էին մեր աշխարհագրության ուսուցիչները, նրանք երկուսն էլ ուզեցի էին։ Մեկը պատերազմի վետերան Նիկոլայ Հարությունյանն էր, մյուսը՝ անզուգական Ծատրյան Զարիկը: Նա Ուզի նախագահի դուստրն էր, և նախագահ հորից ժառանգել էր խստապահանջություն ու կոկիկություն։ Նա սեպտեմբերի մեկի համար հատուկ զգեստ ուներ՝ սև թավշից և թանկարժեք փիրուզե վզնոց, որ միայն կրում էր գիտելիքի օրը, մնացած օրերին հագնում էր ուսուցչին շատ վայել ու սազական հագուստ։ Կյանքի մի համալսարան էր նաև ուսմասվար Ֆելիքս Դովլաթյանը, ով մեր դպրոցի առաջին մեդալակիրն էր, նրա գեղեցկուհի կինը՝ երգի ուսուցչուհի Խուդավերդյան Անահիտը, նրա քույրը՝ բարձրաճաշակ Սոֆյան Խուդավերդյան, ումից մենք գույների ներդաշնակություն ու ճաշակ սովորեցինք։ Մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Շահուն Մկրտչյանը, ով դարձավ իսկական ֆիզկուլտուրայի ուսուցչի օրինակ։ Աշխատանքի ուսուցիչ ընկեր Ռեւազյանը, մեր ավագ ջոկատավար Քնարիկ Ղեւոնդյանը, ում գեղեցիկ հարդարված մազերը, աչքերի սուրմաներն ու կազմակերպչի բացառիկ շնորհը միշտ ուղեկցում են ինձ։ Մարդիկ, ովքեր օգնել են ինձ կայանալ, ինքնահաստատվել: Խոնարհվում եմ Ձեր մեծության առաջ, Սիսիանի երկրորդ դպրոցի ուսուցիչներ, դուք եք, որ մեր դպրոցի շրջանավարտները հիմա Սիսիանի ամենահայտնի մարդկանցից են, ովքեր պահում են Գրիգորյան Վանոյի, Հակոբյան Բենիկի, Միքայելյան Մելանյայի, Ազարումյան Հրանտի ավանդները։ Իմ մանկությունն էլ ավարտվեց այն ժամանակ, երբ ավարտեցի դպրոցս, մտա կյանք, որտեղ չկային ոչ Գրիշա Շահյանի քիմիայի դասերը, ոչ նրա կնոջ՝ Զարիկ Դավթյանի անմիջական զրույցները, ոչ էլ Էմմա Սուրենովնայի հարուստ գրադարակը, ոչ Էմմա Նիկոլաեւնայի գեղեցկուհի աղջկան տեսնելու ցանկությունը, ոչ Սաթիկ Իսկանդարյանի տղայի մաթեմատիկական ունակությունների օրինակը, ոչ Էլյա Պետրոսյանի առաքինի կերպարը, ոչ աստղագետ Սիրուշ Պետրոսյանը, ոչ էլ առաջին ուսուցչուհուս՝ Ալվարդ Հայրապետյանի բարի, շատ բարի դեմքը։ Տեղին է ասել՝ Երնեկ այն օրերուն…

Լուսինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

2,604 դիտում

6 մեկնաբանություն Նվիրվում է Սիսիանի երկրորդ դպրոցի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին հոդվածին

  1. Mary -ը գրել է:

    Պատիվ եմ ունեցել 2-րդ դպրոցում կրթվելու: Պատիվ ունեմ 2-րդ դպրոցի պատիվը բարձր պահելու:

  2. adminNune Hovakimyan -ը գրել է:

    Ապրես, Լուսինե ջան: Չես պատկերացնի, թե ինչ զգացողություններ ունեցա, ինչ հիշողությունների մեջ ընկա….Վերապրեցի մեր ամբողջ մանկությունը, մեր բակային խաղերը(հիշում ես՞ քարկտիկը, յոթ քարը, երկար պարանը….էլ որն ասեմ….😁).Բա ուսման տենչը՜, առողջ ու ազնիվ մրցակցությունը՜…Լուսինե ջան, ես էլ քո նման պատկերավոր հիշում եմ մեր դպրոցը, մեր ուսուցիչներին ու գրեթե վստահ եմ, որ մենք ուրիշ էինք😁:Ուզում եմ մի քիչ հաճախ գրես, մանավանդ որ շատ լավ է ստացվում👌

  3. Gevor Gohar -ը գրել է:

    Huzich er anchap…el aveli karoteci dproscccccc..harazats ojaxsss…

  4. Gohar Margaryan -ը գրել է:

    եվ էլի շատ ուսուցիչներ,խոնարհվում ենք ))) Նազիկ Գևորգյան,Օֆիկ Բաբայան,Նազիկ Խուդավերդյան,Ժասմենա Գուրգենովնա…

  5. Evelina Tadevosyan -ը գրել է:

    Սիրելի Լուսինե, անչափ հուզիչ և հետաքրքիր էսսե էր ,որը հիշողության պահոցներից վեր հանեց, հավերժացրեց ավանդույթներով հարուստ թիվ 2 դպրոցի մանկավարժներին:Երնեկ այն ուսուցչին,ով կարող է այդպես գնահատվել իր սանի կողմից…

  6. Գոհար -ը գրել է:

    Կրկին ու կրկին հպարտանում եմ, որ Թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտ եմ: Մեր հարգարժան ուսուցիչներից ուզում եմ հիշել նաև Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Խուդավերդյանին, որն իր հոգու լույսն ու ջերմությունը չէր խնայում իր սաների համար:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *