ՆՐԱՆՑՆ Է ՍԻՍԻԱՆՑԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՍԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ

15621848_372906996384544_5333457875285222053_n

Սիսիանի երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը գոյության կարճ ժամանակահատվածում դարձել է մեր քաղաքի մշակութային ակտիվ եւ կենսունակ օղակներից մեկը: 30 հոգուց բաղկացած երգչախումբը իր հայեցի եւ արդի երգացանկով բազմիցս արժանացել է ծափահարությունների, անցած 2 տարիների ընթացքում ելույթներով հանդես է եկել ինչպես սիսիանյան, այնպես էլ այլ բեմերում:
Երաժշտական դպրոցի տաղանդաշատ սաներից կազմված այս ինքնատիպ երգչախումբը, ըստ էության, մի մեծ համերաշխ ընտանիք է, ուր ընկերությունը, փոխադարձ վստահությունն ու միմյանց հանդեպ մեծ սերն ու ակնածանքը դարձել են խմբի հաջողությունների ուղենիշն ու ապագայի գրավականը: «Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո էլ երեխաներից շատերը չեն ցանկանում լքել երգչախումբը»,- նշում է երգչախմբի ղեկավար Լուսինե Գասպարյանը:
Ի թիվս Սիսիանում գործող մշակութային այլ խմբերի, մանկական երգչախումբը եւս մշտապես գտնվում է համայնքապետարանի եւ անձամբ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուշադրության եւ հոգածության կենտրոնում: Երգչախումն իր ուրույն տեղն ու դերն ունի համայնքային բոլոր միջոցառումներում: Լուսինե Գասպարյանը երգչախմբի ձեռքբերումների շարքում կարեւորում է հատկապես «Ոսկե տավիղ-2016» երգի եւ երաժիշտ կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնը, որտեղ գրավելով 2-րդ պատվավոր տեղը, ստացել է Թբիլիսիում կայանալիք միջազգային փառատոնին մասնակցելու ուղեգիր: Այդ ուղեւորությունը իրականություն չէր դառնա, եթե չլիներ Արթուր Սարգսյանի ֆինանսական աջակցությունը: Երեխաները երեք հրաշալի օր են անցկացրել Թբիլիսիում եւ վերադարձել որպես միջազգային փառատոնի առաջին կարգի դափնեկիրներ: «Ինչ խոսք, սա մանկական երգչախմբի հաջողությունների մեկնարկն է միայն: Սիսիանի համայնքի ղեկավարի աջակցությունը, մեր քաղաքի մշակութային կյանքը զարգացնելու նրա լուրջ տրամադրվածությունը ստիպում է բոլորիս աշխատել առավել նվիրված և ջանասիրաբար»,- ասում է խմբավար Լուսինե Գասպարյանը:
Մնում է միայն երեխաներին մաղթել նորանոր հաջողութուններ եւ առավել մեծ բեմեր, չէ՞ որ արդեն նրանցն է ամենակարեւոր ձեռքբերումը՝  սիսիանցի արվեստասեր հանդիսատեսի սերն ու գնահատանքը:

Հոդվածը տրամադրել է Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Սարգսյանի նախընտրական շտաբը:

 

 

1,007 դիտում

2 մեկնաբանություն ՆՐԱՆՑՆ Է ՍԻՍԻԱՆՑԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՍԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ հոդվածին

  1. Լուսինե -ը գրել է:

    Շնորհակալություն

  2. Խոնարհ Գրիգորյան -ը գրել է:

    Մեր երեխաները պարուրված են տաղանդաշատ խմբավար Լուսինե Գասպարյանի ջերմ սիրով և նվիրվածությամբ, ինչպես նաև՝ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի մեծ հովանավորչությամբ…Այս պարագայում՝ հաղթանակներն անխուսափելի են…Շնորհակալություն, բոլոր ծնողների կողմից, և՛ Լուսինե Գասպարյանին, և՛ քաղաքապետ Արթուր Սարգսյանին…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *