ՆՐԱՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

Մի անգամ ականատես եղա, թե ինչպես վարորդը լուսացույցի կարմիր լույսի տակով փողոցն անցնող  հետիոտնին հայհոյեց` անվանելով «Կոմիտաս»: Թե ի՞նչ կապ կամ նմանություն ունեին Մեծ եղեռնի դեպքերից խելագարված հայ մեծ երգահանն ու անուշադիր անցորդը, մնաց անհասկանալի: Միջադեպը, սակայն, ինձ երկար խորհելու առիթ տվեց:

Բազմիցս եմ ականատես  եղել, թե ինչպես են մարդիկ վիրավորելու համար միմյանց անվանում «գիժ», «աննորմալ», «հոգեկան հիվանդ», «հոգեբանի կարիք ունեցող»…Միավորելով այդ  բոլոր փաստերը` կարելի է ենթադրել, որ շատ մարդիկ ոչ միայն զուրկ են հավասարակշռվածությունից ու բարեկրթությունից, այլև` անբարյացկամ  ու անհանդուրժող են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների նկատմամբ:Դա է վկայում, իրենց կարծիքով, վատ մարդուն հոգեկան առողջության խնդիրներ ունեցողի որակներով պիտակավորելը:
Մենք ապրում ենք 21-րդ դարաշրջանում, ձգտում ենք լինել մարդասեր, փորձում  ինտեգրել եվրոպական արժեքներ, բայց իրականում դաժանորեն ենք վարվում այն մարդկանց հանդեպ, ովքեր… հանրախանութից չեն գնել…հոգեկան առողջության խնդիրները: Բացի դա, մեզանից ոչ-ոք ապահովագրված չէ նման վիճակում հայտնվելուց: Սթրեսաշատ այս օրերում կպչուն մտքերը, վախերը, հոգեկան ծանր ապրումներն ու դեպրեսիաները լուրջ խնդիրներով ավելի շատ սպառնում են մարդու հոգեկան, քան` ֆիզիկական առողջության ոլորտին:
Մենք ապրում ենք հետևանքների աշխարհում: Ամեն ինչի դրդապատճառներին դիմակայելն ավելի դյուրին է, քան` հեևանքների ետևից վազելը, որը երբեմն նույնիսկ ուշ է լինում: Հենց այս առնչությամբ շատ կարևոր է մեր հասարակության անդամների տեղեկացվածությունը հոգեկան առողջության խնդիրներին և դրանց առաջացման պատճառահետևանքային կապին: Հոգեկան առողջության խնդիրները լինում են ինչպես ժառանգական, այնպես էլ` ձեռքբերովի:
Հոգեբան Սերգեյ Բաբայանն ասում է.«Մինչև յոթ տարեկան երեխաների համար  սթրեսների առկայությունը վտանգավոր է, իսկ արդեն տասնչորս տարեկանից բարձր երեխաների մոտ  սթրեսների բացակայությունն է վտանգավոր»: Բայց որ բոլոր տարիքներում էլ նախընտրելի է սթրեսները և հատկապես  դեպրեսիաները հաղթահարել մասնագետի` հոգեբանի օգնությամբ, այլ ոչ` սեփական ուժերին ինքնավստահորեն ապավինելով կամ` ընկերների, հարևանների ու  բարեկամների սուրճի սեղանի մոտ տված առօրյա խորհուրդներին հետևելով:
Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, և միևնույն խնդիրը տարբեր մարդկանց համար տարբեր լուծումներ է պահանջում: Ուստի, սեփական փորձով կիսվելը և խորհուրդներ տալը երբեմն կարող են անցանկալի արդյունքների հանգեցնել` բարդացնելով դրությունը: Էքստրեմալ հոգեկան իրավիճակում հայտնված մարդն ինքը կարող է գտնել իր խնդիրների լուծման ճիշտ ելակետը` միայն հոգեբանի օգնությամբ: Սակայն մեր օրերում մարդիկ առանց քաշվելու մեծ ուրախությամբ ու սնահավատորեն վազում են գուշակների մոտ, որոնք ոչինչ փոխել չեն կարող, այն էլ` հոգեկան առողջության խնդիրները կանխելու համար: Իսկ հոգեբանի մոտ այցելողներին հասարակությունը պիտակներ է տալիս: Սակայն հենց հոգեբաններն են բարձրագույն մասնագիտական կրթություն և համապատասխան գիտելիքներ ունեցող այն փորձառու մասնագետները, ովքեր կարող են հանգիստ լուծել անգամ ամենաբարդ խնդիրները: Իսկ մենք պետք է ունենանք համապատասխան գիտելիքներ և տեղեկություն` հասկնալու ու հանդուրժելու ոչ միայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, նրանց ընտանիքների անդամներին և հարազատներին, այլև` հոգեբաններին, ովքեր կարևոր գործ են կատարում: Պարզապես, ինչպես ֆիզիկական առողջության, այնպես էլ հոգեկան առողջության խնդիրների դեպքում, մարդիկ մասնագետին դիմում են միայն… երբ «դանակը հասնում է ոսկորին»: Բայց չէ որ օրակարգում մարդկային ճակատագրի, կյանքի, առողջության հարցն է: Այդ հարցի ճիշտ լուծումը հիմնականում կախված է մեզանից` հասարակության բոլոր անդամներից, քանզի հենց մենք ենք խոչընդոտներ ու պատնեշներ ստեղծում մեզ նման հասարակության լիիրավ անդամներ հանդիսացող և իրավունքներ ունեցող մարդկանց համար:
Եզրակացությունն այն է, որ կան հոգեկան առողջության տարաբնույթ հիվանդություններ, որոնք բացահայտելն առաջին հայացքից հեշտ չէ, և նույնիսկ իրենք` այդ խնդիրներն ունեցող մարդիկ չեն հասկանում, որ իրենք…Հենց նույն մարդիկ խարազանում են իրենց հոգեկան առողջության խնդրի վերաբերյալ բարձրաձայնած մարդկանց: Ի՞նչ իրավունքով: Ուստի ավելի լավ կլինի, որ յուրաքանչյուրը, ուրիշների հոգեկան առողջության խնդիրների վրա սևեռվելու և այդ մարդկանց խարազանելու փոխերեն  ուշադրություն դարձնի իր սեփական հոգեկան առողջությանն ու վարքագծին: Ի վերջո, հոգեկան առողջության խնդիրները վարակիչ չեն:
Հոգեբան Սերգեյ Բաբայանն ասում է.«Մարդկային կյանքն արժեքների համակարգ է, և կյանքում ունեցած որևէ մեծ արժեքի կորուստը կարող է հանգեցնել ոչ միայն հոգեկան առողջության խնդրի, այլև` կյանքի իմաստի ու ինքնասպանության կորստի»: Բայց եթե մենք ունենք գիտելիքներ և մարդկային բարձր արժանիքներ, ապա կարող ենք կանխել նմանատիպ հետևանքները` հասկանալով ու աջակցելով մարդկանց,  ովքեր..պարզապես ապրում են մեր հասարակության մեջ և մեր կողքին:
Դուք երբևէ կորցրե՞լ եք կյանքում ձեզ համար անփոխարինելի որևէ արժեք: Եթե այո, ապա ի՞նչ եք զգացել այդ ժամանակ և ինչպե՞ս եք հաղթահարել այդ դժվարությունը: Կան մարդիկ, ովքեր նույնպես ունեն նման դժվարություններ, որոնք կարող են հանգեցնել հոգեկան առողջության խնդիրների: Կան նաև մարդիկ, որոնց մոտ այդ դժվարություններն արդեն վերածվել են հոգեկան առողջության խնդիրների: Բայց ոչինչ դեռ կորած չէ և անհնարին ոչինչ չկա, եթե մենք գիտակցում ենք, որ այս հասարակության բոլոր անդամներն էլ մեզ նման մարդիկ են, ովքեր պարզապես ապրում են … մեր կողքին:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *