ՆՐԱՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆ ՄԱՀՎԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ, ԲԱՅՑ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ավանդույթի ուժով ամեն տարի սեպտեմբերի 28-ը Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցում նշում են դպրոցի շրջանավարտ, զոհված ազատամարտիկ Արշակ Գրիգորյանի անունով անվանակոչելու հիշատակի օրը: Եվ օրվա մեջ մեկ դասաժամն անցկացվում է դպրոցի բակում կանգնեցված նրա հուշարձանի շուրջ՝ որպես հայրենասիրության, խոնարհումի, նրա եւ բոլոր ազատամարտիկների հիշատակը անմար պահելու եւ նրանց սխրանքով դաստիարակվելու դաս:
Ավանդույթը չխախտվեց նաեւ այս տարի:
Հայրենասիրական ոգի սերմանող այդ բաց դասին մասնակցում են ոչ միայն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, այլեւ՝ Արշակի ծնողներն ու հարազատները, բարեկամները, մարտական ընկերները:
Արշակը զոհվել է 1992 թ-ին Կապանի մոտակայքում մղված մարտական գործողությունների ժամանակ դեկտեմբերի 10-ին, երբ ընդամենը 26 տարեկան էր:
«Մեր բոլոր տղաներին էի շատ սիրում, բայց Արշակն ու Աղվանը ինձ համար ուրիշ էին»,- ասում է մարտական ընկերը՝ Մարիետա Խաչատրյանը ու հավելում, որ որքան էլ ցանկանում են այս օրը հուզական չլինի, չի հաջողվում, քանզի նաեւ հույզի ու ցավի մեջ է, որ նրանք շարունակում են ապրել ու ապրեցնել:
Շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրինությանը եւ կոլեկտիվին ամեն տարի այս օրը Արշակին եւ մյուս ազատամարտիկներին ոգեկոչելու համար՝ զոհված ազատամարտիկի մայրը՝ Ժենիկ Գրիգորյանը նշեց, որ թեեւ ծանր է մայրական ցավը եւ անշեջ ու մշտամորմոք, բայց փառք է տալիս եւ մխիթարվում, որ որդին իր կյանքը տվել է հանուն հայրենիքի: «Միշտ փորձում էի ետ պահել Արշակին պատերազմ գնալուց,-ասաց նա, պատճառաբանելով, որ մյուս զավակներն էլ էին գնում, գոնե՝ ինքը մնար,- բայց Արշակն ամեն անգամ արդարացում գտնում էր եւ ասում, բա որ այստեղ մի վթար պատահի եւ մահանամ, այն ժամանակ ի՞նչ ես ասելու, լավ չի՞ հայրենիքի համար զոհվեմ, որովհետեւ հայրենիքի համար զոհվածները անմահ են մնում»: Մայրը պատմեց նաեւ, որ Արշակը եւ շատ գեղեցիկ  երիտասարդ էր, եւ շատ խելացի, ու բոլորովին պատերազմի համար չէր: «Ասում էի՝ երանի աղջիկ ծնվեիր, որ բանակ չգնայիր, ասում էր՝ այ մամ, մի բանակ չգնալու համար արժե՞ր աղջիկ ծնվեի, բա ափսոս չէի ես»:
Արշակի եւ մյուս զոհված տղաների մասին խոսեցին նաեւ դպրոցի տնօրեն Գոհար Սարգսյանը, ԵԿՄ Սիսիանի վարչության նախագահ Արայիկ Վարդանյանը: Հայրենասիրական տողեր հնչեցրեցին դպրոցի սաներն ու ուսուցիչները:
Նրանք գնում էին մահվանն ընդառաջ, բայց՝ հաղթելու համար:
Ու արցախյան պատերազմում նրանց տարած հաղթանակը ամենամեծ հաղթարձանն ու մահարձանն է նրանց հիշատակը հավերժացնող եւ նրանց սխրանքն անմահացնող, քանի որ վասն հայրենյաց մեռան, նրանք ընդմիշտ ապրեցան…

«ՈՐՈՏԱՆ»
28.09.2013

Մեկ Արձագանքման ՆՐԱՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆ ՄԱՀՎԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ, ԲԱՅՑ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ համար

  1. Արա says:

    Ցավոք Արշակ Գրիգորյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարը, որ 13 տարի շարունակ անցկացվում էր քաղաքապետարանի և ԵԿՄ-ի աջակցությամբ, Աղասին բարբարոսաբար վերացրեց: Դեռ լավ է, որ իրենից կախված չէ, թե չէ զոհված ազատամարտիկի հուշամրցաշար վերացնող ԵԿՄ մեդալակիրը դպրոցն էլ կվերաանվանակոչեր…
    Հայ ազգի հայրենասեր ու արժանավոր զավակներից շատերը մնացին պատերազմի դաշտում իսկ անարժաններն ու դասալիքները…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *