ՆՐԱՆՔ ԺԱՌԱՆԳՈՐԴՆ ԵՆ ԹԵ՛ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ԹԵ` ՄԵՐ ՀԱՎԱՏՔԻ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության` Զատկի տոնը մեծ պատասխանատվությամբ նշեցին քաղաքի թիվ 4 նախակրթարանում: Քրիստոնեության ամենամեծ եւ խանդավառ տոներից մեկին` Զատկի տոնի խորհրդին այս տարիքից հաղորդակից դարձնելն էին միջոցառման հիմքում դրել կազմակերպիչները եւ արդարացիորեն հաջողել էին:
Քաղցրահնչյուն, քաղցրաբառ խոսքերով ավագ խմբի բոլոր սաները արտասանեցին, երգեցին տոնին պատշաճ ոտանավորներ ու երգեր, հանդես եկան տոնը խորհրդանշող զգեստներով, բնության զարթոնքն ավետող ծիլ ու ծաղկի, թիթեռ-մեղվի, շլդիկի, բզեզի «կերպարներով» եւ զվարթաձայն վանկարկեցին, որ Զատկի տոնը Քրիստոսից հեռացած սրտերի համար նոր կամուրջ է:
Մեր հարցին, թե ինչպես եւ որտեղից են կարողացել թեմային, տոնին վերաբերող այդքան շատ նյութ հավաքել ու ներկայացնել միջոցառման ընթացքում, խմբի դաստիարակ Կարինե Ղարիբյանը նշեց, որ այն հայթայթել է ամենատարբեր աղբյուրներից, ամենազանազան գրքերից, հավաքել-դարձրել է մեկ ամբողջական ծրագիր` Զատկի տոնի խորհուրդների եւ խորհրդանիշների համադրությամբ:
Տպավորիչ էր, որ այն «Հայր մերով» սկսվեց, ուսանելի էր, որ հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովվի ներկայությամբ ու մասնակցությամբ ընթացավ, հաճելի էր, որ իրենց բալիկների խռովքն ու հույզը փոխանցվել էր նաեւ ծնողներին` գարնան բույրով ու տոնի խորհուրդներով խանդավառելով նաեւ նրանց:
Մանկապարտեզի տնօրեն Սեդա Նազարյանին ոչինչ չէր մնում ավելացնել, քան` շնորհակալություն հայտնել ծնողներին նման բալիկներ ծնել-սնելու համար, դաստիարակներին` նման սաներ դաստիարակելու համար:
Իսկ միջոցառումից խորապես տպավորված Տեր-Երվանդը հավելեց, որ երեխաներն իրենք իրենցով հավաստեցին Քրիստոսի հրաշափառ հարությունը մեր հոգիներում եւ սրտերում եւ նշեց, որ, այո, հենց այս տարիքից նրանք պիտի իմանան թե հայ եկեղեցու, թե հավատքի, թե Ապրիլի 24-ի եւ թե հայրենիքն ու հավատքը պահպանելու մասին, քանի որ նրանք են ժառանգորդը թե մեր հայրենիքի, թե` հավատքի:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *