ՆՐԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՅ ՔԱՆԴԱԿԻ ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ…

hqdefault

Մի առիթով Համո Սահյանն իր ստեղծագործությունների մասին ասել է՝ «Նրանք բոլորն էլ իմ զավակներն են եւ գալու են իմ թաղմանը»: Մարգարեական այս խոսքերը որքան բնորոշ են մեր մյուս արարչագործին՝ քանդակագործ Արտաշես Հովսեփյանին, ով արժանիորեն արդեն վաստակել էր ինքն իր մասին այսպես ասելու իրավունքը՝ «Ես խոսել եմ իմ գործերով եւ դարեր խոսելու եմ։ Նրանք կան, ուրեմն ես էլ կամ։ Էն ո՞վ էր ասել՝ արվեստագետն ապրում է մեռնելուց հետո՝ իր գործերով»:

Եվ եկել էին… եկել էին հայ քանդակի նահապետի, հայ քանդակի Միքելանջելոյի, հայ քանդակագործության Մաեստրոյի բոլոր զավակները՝ Արեւային քաղաքի մեծ երազողի՝ Թամանյանի գլխավորությամբ ու հանդիսապետությամբ եւ նրան իրենց թեւերի վրա, սրտերի մեջ ու հոգիներում գորգուրալով՝ տանում էին երկինք՝ իր թագակիր հանգրվանը… Սիսիանի քարեղեն մուտքից իր նազանի ճախրանքն էր բերել Սյունյաց սիգաթռիչ արծիվը, Երեւանի կոնյակի գործարանից հայոց անպարտելիության զորությունն ու վեհասքանչ ուժն ու հաղթության մռնչոցն էր բերել Առյուծաձեւ Մհերը, Սասնա տան թուր կեծակին էր բերել Սասնա ծուռ Դավիթը, Երեւանի օղակաձեւ այգուց իր քնքշամաղ մեղեդին էր բերել Արմեն Տիգրանյանը, իր իմաստությունը, հայոց պատմության անթիվ գանձերն ու հպարտության ծիրանին էր բերել Սիսիանի՝ իր անունը կրող թանգարանի բակում հանգրվանած մեծն պատմագիր Նիկողայոս Ադոնցը, Օրբելիներն էին եկել Ծաղկաձորից՝ խորազնին, վաստակաբեռ եւ Արեւային քաղաքի ճարտարապետի արծվենի, սրաթռիչ, խոհուն ու իմաստուն հայացքի ներքո տանում էին նրան՝ ի հավերժություն: Արքաների խրախճանքին վայել ծես էր՝ ինչպես իր՝ «Արքաների խրախճանքը»… Եկել էին ու իր հողեղեն նվիրյալների հետ նրան տանում էին որպես մեր արարչական ոգու եւ մտքի, ստեղծագործ ձեռքի սրբազան մասունք… Տանում էին, ու երթն անվերջ էր… Եւ երանի այն «հողանյութ շինվածքին», ում հոգեզավակներն ու նվիրյալները այդպես են երկրպագում ու այդպես փառավորում ու վերջին հանգրվան ճանապարհում մեծավայել մեծարանքով…

Աստվածային խրախճանք էր, բայց նաեւ՝ աստվածորեն՝ զուսպ, ինքնասույզ ու ներհակ… Հետո խոսքեր եղան, որ բացեցին նրա խորքը, բացեցին «փակ գրքի» նրա էջերը, ու ցորենաբույր էր արարումը խոսքի: Հետո պիտի համակ լռության մեջ նրա աշակերտ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանն ասեր՝ «Վիշտը երբեմն մարդուն բերում է մի հանգրվան, որտեղ հիմնովին պատկերաց19756477_1117904201687514_5810797196604127266_nնում ես կորուստը, մեծի կորուստը, այս հրաշալի, մեծ հայի, մեծ մարդու կորուստը, ով անբացատրելի հետք է թողել ոչ միայն իմ եւ իմ ընկերների կյանքում, ովքեր բախտ ենք ունեցել աշակերտել նրան, այլեւ իր գոյությամբ, իր ապրելաձեւով մարդուն անընդհատ հիշեցնում էր նրա՝ մարդ լինելը եւ հասկացնում մարդավարի ապրելու խորհուրդը: Այդ ամենից զատ՝ նա հրաշք մեծություն էր իր ստեղծագործություններով: Կանգուն, անլուր, գիշեր- ցերեկ նա տեսնում էր Հայաստան աշխարհը: Բայց նրա ժամանակը գալու է վաղը, իսկապես՝ վաղը… եւ մարդիկ նայելու են, տեսնելու են, հրճվելու են, մեծարելու են…. Մենք կորցրեցինք շատ մեծ, անբացատրելի մեծ հանճարեղ հայ մարդու: Խոնարհվում եմ նրա հիշատակի առաջ, ու այդ խոնարհումը պիտի անընդհատ տանեմ ինձ հետ»:

Ցավակցելով հարազատներին, ընտանիքի անդամներին, արվեստակից ընկերներին՝ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ ասաց, որ Արտաշես Հովսեփյանն այն անձանցից է, այն մեծագույն քանդակագործներից, ովքեր զգալի հետք են թողել հայ կերպարվեստում եւ իրենց ձեռագրով հարստացրել են հայ քանդակագործությունը, օրինակ ծառայելով շատ շատերին, թե ինչպես պետք է սիրել իր երկիրը, ինչպես պետք է մեծարել ազգի մեծերին, ինչպիսի կոթողներ պետք է դնել մայրաքաղաքում:

«Սուրբ հայրերի վկայությամբ՝ Շնորհը (հանճարը) տրվում է Աստծո կողմից, մեր պարագայում Արտաշես Հովսեփյանը հայոց տարածքում Մաշտոցի, Նարեկացու, Շնորհալու, Թումանյանի եւ մեր մյուս մեծերի կողքին է, եւ նրա Թամանյանը հենց Տիրոջ կերպարն է մայրաքաղաքում եւ դրանով ենք նաեւ հավերժ ու հիմնավոր լինելու՝ երկնքի տակ ու երկրի վրա» տողերը պիտի գրեր մինչեւ նրա կյանքի վերջին պահը իրեն նվիրված արձակագիր Վանուշ Շերմազանյանը, հետո հավելեր՝ «Արտաշես Հովսեփյանը մեր վերջին հանճարներից էր, նա աստվածատուր էր, եւ նրա գնալը նրա սկիզբն է, ոչ թե՝ վերջը: Նա համարձակ քանդակագործ էր, համարձակ նկարիչ, մենք բոլորս մեծ պատիվ ունենք նրա բոլոր աշխատանքները մեզ վերադարձնելու, դա արդեն մեզ է պետք, ոչ թե իրեն: Նրա շատ աշխատանքների համար չի վարձատրվել…  Աշխարհի ոչ մի ժողովուրդ իր էպոսի քանդակը չունի, թեպետ քիչ ժողովուրդներ էպոս ունեն: Թամանյանի քանդակը ոչ թե Թամանյանի, այլ՝ տիրողջ արձանն է Երեւանի կենտրոնում: Հետաքրքիր զուգադիպությամբ երբ անցյալ տարի Կասկադում բացվում էր նրա «Սասունցի Դավիթը», այդ օրը սրահում Արտաշեսի նկարն էր՝ Թամանյանի հետ, ու ոմանք ասում էին, որ Արտաշն ինքն իրեն է քանդակել, բայց Արտաշեսն ինքն իրեն չէր կարող քանդակել, ժամանակները տարբեր էին, եւ անցել էր 40 տարի: Այդ հետո է նման զգացողություն առաջանում, եւ դա է նրա ու նրա արվեստի զորությունը… Արմեն Տիգրանյանի քանդակը միանշանակ՝ Հիսուս Քրիստոսի քանդակն է, որին վերջին տարիներին էլ չէր ասում Տիգրանյանն է, ասում էր՝ Նարեկացու քանդակն է: էն, ինչ որ աստված իրեն տվել էր, նա վերադարձրեց մեզ ու գնաց…»:

Եվ խոսքերը, որ ասվում էին, սրտաբուխ էին ու ինքնահորդ… «Ես շատ լավ գիտեմ համաշխարհային արձանագործության պատմությունն էլ, ներկան էլ: Արտաշես Հով10457780_1466452393608401_7976519267105505974_nսեփյանը 20-րդ դարի համաշխարհային մեծագործ արձանագործներից մեկն է: Նա միայն հայ ժողովրդինը չէ, այլեւ՝ ողջ մարդկությանը, որովհետեւ ինչ որ արել է իր ժամանակի մեջ, նման արձանագործ աշխարհում այսօր չենք կարող գտնել: Մենք մեծ մարդու ենք կորցրել, շատ մեծ պրոֆեսիոնալի: Դեռ ժամանակները կգնահատեն մարդկությանը նվիրաբերած նրա ծառայությունները: Նա մեծ տաղանդ էր եւ մեծ հանճար: Երիտասարդները սովորելու են նրանից, որովհետեւ նա դպրոց է ստեղծել»,- պիտի ասեր քանդակագործ Սահակ Պողոսյանը…

Կյանքի 86 ամյա բարձունքից իրենց ոտաբոբիկ, կիսաքաղց, պորտը բաց մանկության, կանաչ-կարմիր երազների, ձիաթռիչ երազանքների, հետո՝ ամբողջ կյանքում միմյանցից անբաժան լինելու մասին էր Մաեստրոյի ընկեր ու հայրենակից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանի հուզառատ խոսքը:

«Միասին ենք մեծացել, միասին ենք կարտոշկա խորովել Որոտանի ափին, հետո մասնագիտորեն բաժանվեցինք, բայց միշտ միասին էինք»,-ասաց նա: Եւ անբնական կլիներ, եթե չհիշատակեր նույն ընտանիքի մյուս նշանավոր արվեստագետին՝ Զաքար Խաչատրյանին, ում շիրիմը դեռ թարմ է: «Այսօր պետք է հատուկ հիշենք նաեւ Զաքար Ավագիչին: Նա շատ մեծ դեր է խաղացել Արտաշեսի կյանքում: Եթե Զաքարը չլիներ, դժվար է ասել՝ Արտաշեսը կլիներ-չէր լինի: Երկու հարազատ եղբայր: Նրանք տաղանդավոր էին, սկսեցին երաժշտությունից, ավարտեցին նկարչությամբ եւ քանդակով: Միշտ վեճի մեջ էին, նրանց բոլոր հանդիպումները սկսվում էր վեճով, ավարտվում էր լացով:  Փաթաթվում-լացում էին, նրանց սերը վերջին շրջանի լացն էր: Հիշում էին իրենց դաժան մանկությունը, 37 թվին հոր գնդակահարությունը, իրենց մորը, աներեւակայելի էր՝ ինչպես է մայրը մեծացրել նրանց: Մենք պետք է խոնարհվենք այդ մեծ գերդաստանի առաջ, նրանց մոր հիշատակի առաջ, որ միայնակ երկու հանճարեղ ժողովրդական նկարիչ տվեց: Ազգեր կան՝ ոչ մի այդպիսի նկարիչ չունեն, իսկ այս ընտանիքը երկուսը տվեց մեր ազգին: Նա մեծ արվետագետ էր, բայց այսօր, ցավոք սրտի, ըստ էության չի գնահատվում, սակայն դա Արտաշեսի համար բացարձակապես որեւէ նշանակություն չուներ: Նա չի արել այսօրվա գնահատողների համար, արել է ժողովրդի հավերժության համար: Արտաշեսը նոր է մեծարվելու, նոր է գնահատվելու: Ինչքան ժամանակն անցնի, Արտաշի եւ Զաքարի մեծությունն ավելի է երեւալու…»:

Արտաշես Հովսեփյանը որքան շքեղաշուք էր իր քանդակներում, նույն շքեղությամբ ապրել եւ ապրեցնում էր կյանքը: Ընկերները, արվետակիցները, աշակերտները աներկբայորեն փաստեցին, որ «Մաեստրոյի պալատում ով որ գինի չի խմել, նա չի տեսել դեռ խնդում, աշխարհ չի տեսել…», մարդ, ով արվեստ էր դարձնում կյանքը, գինեխմությունը, մարդկային հարաբերություններն ու ընկերությունը: Եվ երանի այն աշակերտներին, ովքեր նրա հետ գինեձոն են սարքել… եւ երանի այն ուսուցչապետին, ում աշակերտներն այսպես մերածել, սքանչանալ, կորուստը՝ սգալ ու փառավորել գիտեն… Երիցս երանի…

Եվ երանի այն արվեստագետին, ում մասին մեկ ուրիշ արվեստագետ՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը, արյունը թանաք դարձրած՝ կգրի՝ «Արտաշես Հովսեփյանը վաղուց մեզ հետ չէր… Նա մեկուսի իր զրույցն էր շարունակում մեր մեծերի ու մեծամեծ հերոսների հետ… Սյունյաց ժայռածերպերում ծվարած մենաստան կերտող քարգործ վարպետ էր ասես՝ իր ժայռապինդ կեցվածքով, ժայռաշունչ ասելիքով ու ժայռահունչ լեզվով… Մերթ վիպաս19238189_1725448597479946_8140305876407707984_oաց էր, մերթ՝ հեքիաթասաց, մերթ կոթողայնորեն ամեհի էր, մերթ՝ մանրանկարչորեն նուրբ, մերթ նախնյաց աստվածների հետ խնջույքի նստած հսկա էր, մերթ վահագնաբոց մորուքով հրահեր մանուկ, մերթ առյուծաձև Մհեր էր, մերթ Տիրամորը երկրպագող հրեշտակաթև պատանի, մերթ ինքնանկարված ճարտարապետ էր, մերթ՝ երգեցիկ մատներով երգահան… Մեր վերջին ոսկեդարի վերջին նահապետն էր՝ ուսերին առած մեր նախորդ ոսկեդարերի փառահեղ բեռն ու կատարելության դրոշմը, հեզության ու համեստության աստվածային շնորհն ու ժողովրդականության ծիրանին…
Քարի կախարդ էր ու քարի բանաստեղծ, քարի արքա էր ու քարի ծառա…Մարգարեի պես իմաստուն էր ու մանուկի պես շիտակ… Այսպիսին ենք տեսել Նրան շատերս՝ ճգնակեցության իր միշտ դռնաբաց հարկի տակ, չոր հացի ու գինու ընկերակցությամբ անձանձրույթ զրույցներում…
Նա մեզ թողեց մի աշխարհ, որ դեռ երկար պիտի վայելենք, իսկ մեր վայելքների աշխարհը իրենը չէր այևս…
Հեռացավ Վարպետը՝ մեզ թողնելով այդ աշխարհները հաշտեցնելու ծանրագույն բեռը…»:

Արտաշես Հովսեփյանի մահից հետո բուռն քննարկվեց նրա հուղարկավորման տեղի հարցը: Արվեստակիցները, աշակերտներն ու նրա արվեստի երկրպագուները պահանջեցին նրան հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում՝ Թամանյանի մոտ: Իրականում, շատ ցանկանալով, որ հայ քանդակի Միքելանջելոյին հենց այդտեղ էլ հուղարկավորեն, հոգուս խորքում ցանկանում էի, որ նա իր վերջին հանգրվանը գտներ այնտեղ, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ ամփոփվել էր նրա եղբայրը՝ ՀՀ ժողովրդական եւ ՀՀ ու ՌԴ վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանը: Զաքարը նրա համար ոչ միայն ավագ եղբայր է եղել, այլեւ՝ հայր է եղել եւ՝ ճակատագրի կերտողը: (Արտաշեսը 6 տարեկան էր, երբ զրկվել է հորից, իսկ Զաքարը՝ 12 տարեկան): Եւ Զաքարը շատ մեծ դեր է խաղացել Արտաշեսի կյանքում: Արտաշեսն աշխատել է Սիսիանի հրշեջում, կոշկակարություն արել, բայց Զաքարը իր հեռատես խորաթափանցությամբ տեսել է նրա բախտին ի վերուստ ագուցած արվեստի ոսկե բիլազուկը, ու աշակերտելու տվել Չուբարի մոտ՝ ուղենշելով նրա ճակատագիրը: Նրանք միասին են ապրել մանկության ողջ դառնությունը, միասին տարել «ժողովրդի թշնամու» զավակին հանիրավի բաժին ընկած ողբերգությունը, միասին ապրել նույն տան մեջ: Հենց ավագ եղբոր՝ Զաքար Խաչատրյանի նախաձեռնությամբ ու ջանքերով է (Արտաշես Հովսեփյանը վաղուց աշխարհաթող էր), որ Սիսիանի իրենց հայրական տանը ստեղծվում է նրանց երկուսի անունը կրող տուն-թանգարանը: Եւ թեպետ նրանք ավելի շատ վիճում էին, բայց նրանց սերն էլ միմյանց նկատմամբ գորովագութ էր՝ հոր ու զավակի, ավագի ու կրտսերի, ու բոլոր վեճերից հետո կրտսերի անչարությամբ, մեծին խոնարհվելու մեծությամբ, Արտաշեսը երկյուղածորեն համբուրել է ավագ եղբոր ձեռքը՝ երախտագիտությամբ, զավակի շնորհապարտությամբ…Նրանց սերն ու լացը պետք չէր բաժանել… Ճակատագիրը, արյունը, կյանքը նրանց չէր բաժանել, մահն էլ թող չբաժաներ նրանց…

Իսկ «կործանումից անգամ էլ ահուդող չունեցող» հայ քանդակի նահապետը Կոմիտասի անվան պանթեոնում կննջեր, թե ոչ, արդեն էական չէր… Նա «թաղված է» ամենուր, այնտեղ, ուր թաղված է Թամանյանը, այնտեղ, ուր իր անուշ մեղեդիներն է գրում «Անուշի» հեղինակը, նա թաղված է այնտեղ, որտեղ ճախրում են Սյունյաց բարձրաթռիչ արծիվները, նա թաղված է այնտեղ, որտեղ հավերժորեն խրախճանք են անում աստվածները, նա թաղված է այնտեղ, որտեղ փակված է Փոքր Մհերը…

-Տե՛ս, գնում է արդեն մանկան պես` կավոտ ձեռքերը գետնին քսելով: Գնում է անտարբեր հանդերձանքին ու կաղապարին հոգու, որի հետ կռվել է այսքան տարի: Հիմա այն մե՛ր գանձն է:

Վարվենք նրա հետ ըստ արժանվույն: Բայց հիշե՛նք: Առավոտյան հանդիպելու ենք նրան նորից:

Քաղաքը Նա՛ է:

Հ.Գ. Կառչենք հանդերձանքից: Այլապես ցեխն էլ է օծյալ, եթե նրա մեջ Սուրբ է պառկած,- գրել է բանաստեղծուհի Սոնա Վանը:

Սահյանով բացեցի խոսքս, եւ նրա ամենահաս օգնությամբ էլ ամփոփեմ՝ «Արտերս, արտերս վարած, պարտքերս մարած մեռնեի»: Արտաշես Հովսեփյանն իր արտը ցանել է, իր հունձքը արել է, կալը կալսել է… ու հոգեւորի անընդգրկուն, անպարագիծ մի թռիչք է թողել՝ ի վայելումն ներկա եւ գալիք սերունդների: Բայց… Բայց, ինչպես նշեցին արվեստակից ընկերներն ու աշակերտները, մե´նք ենք պարտք մնացել նրան… Պարտք ենք նրան՝ Մարքսի վերադարձը իր նախկին տեղը, պարտք ենք իր իսկ կողմից ջարդուփշուր եղած, բայց՝ էսքիզներում պահպանված Խորենացու եւ Սահյանի երկունքը, պարտք ենք նրան Փոքր Մհերի արթնացումը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչ

 

 

868 դիտում

3 մեկնաբանություն ՆՐԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԷԻՆ ՀԱՅ ՔԱՆԴԱԿԻ ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ… հոդվածին

  1. լևոն սարգսյան -ը գրել է:

    Ազնիվ-ազնվական նյութ է՝ ազնվազարմ արվեստագետի մասին: Հիացած եմ:

  2. Spartak Asoyan -ը գրել է:

    Բա որ համարում էին, հեչ արժանի՞ չէր Անդրանիկ Մարգարյանի կողքը հանգրվանելու:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *