ՆՐԱ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՈՉ ՈՔ ԴԺԳՈՀ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ…

Գուցե` տխրամած, գուցե` մտահոգ, բայց ոչ` դժգոհ: Նա հիանալի գիտի, որ աչքի լույսը նաեւ մտքի լույսն է, սրտի լույսն է, հոգու լույսն է, կյանքի լույսն է, ու իրեն դիմած բոլոր հաճախորդներին ընդունում եւ ճանապարհում է բարեհամբույր, սիրալիր, ժպիտով, քաղցրախոս, մեղմաբարո, ճերմակ խալաթի եւ ճերմակ խալաթավորի վայելչությամբ: Սիրված ակնաբույժ Աղուն (Վիկտորյա) Գեւորգյանն ասում է, որ աչքը մարդուն արտաքին աշխարհի հետ կապող, հաղորդակցող, ինֆորմացիա տվող կարեւոր օրգանն է, եւ այն պետք է փայփայել ու պահպանել լույսի պես` աչքի լույսի պես… Իզուր չէ, որ աչքի լույսի հետ է համեմատվում ամեն գեղեցիկն ու արժեքավորը, ամեն թանկն ու անփոխարինելին… «Մարդու աչքերին նայելով` կարող ես ճանաչել նրան: Աչքը հոգու հայելին է.- ասում է ակնաբույժ Աղուն Գեւորգյանը եւ հավաստիացնում, որ իրեն չափազանց գոհացած եւ երջանիկ է զգում, երբ կարողանում է օգնել մարդկանց` վերադարձնելու ամենաթանկը` աչքի լույսը:

Ակնաբույժի օգնությանն են դիմում թե մեծահասակները, թե` երեխաները: «Երեխայի առաջին այցը 45 օրեկանում է` վաղ հայտնաբերելու աչքի հիվանդությունները, եթե դրանք առկա են, եւ կանխելու անցանկալի հետեւանքները: Երբ նայում ես երեխայի աչքերին, կարծես քեզ հետ աչքերով խոսի, հաղորդակցվի, անբացատրելի զգացում է, անմեկնելի ոգեւորություն, որով համակվում ես թե աշխատանքիդ, թե մարդկանց, թե կյանքի հանդեպ, եւ այդ պահին ինչպիսի տրամադրության մեջ էլ լինես, անկարող ես չխանդավառվել, չուրախանալ»,– ասում է ակնաբույժը:

Տարեցներին զննելու մասին էլ ասում է` նրանք էլ աչքերով աղերսում են, որ լույս տաս իրենց աչքերին…. Փոքրիկների աչքերի արտահայտությունն ուրիշ է, մեծահասակներինը` ուրիշ: Մեծահասակներն օգնություն են աղերսում… Հիվանդ կա, որ 2 մետր է տեսնում, եթե կարողանում ես նրա տեսողությունն ավելացնել թեկուզ կես մետրով, դա էլ մեծ բան է նրա համար, որ կարողանա իր ոտքի տակը տեսնել, սեղանին դրված հացը տեսնել…

Աշխատանքային երկարամյա փորձի ընթացքում բազմիցս է համոզվել այն ճշմարտության մեջ, երբ լավություն անողին ժողովուրդն ասում է` ոնց որ աչքի բժիշկ լինես… Համամիտ է ժողովրդական այդ իմաստությանը: «Այո, դա տիպիկ արտահայտություն է, որը նշանակում է լույս տվող, ճանապարհ ցույց տվող, օգնող: Ամենակարեւորը եւ թանկը մարդու համար աչքի լույսն է…»: Ասում է` աչքի հետ այնքան նուրբ ու զգույշ պիտի աշխատես, որ օգնես ավելացնելու եւ աչքի, եւ հոգու լույսը…

Բժշկուհի Աղունը ծնունդով տաթեւացի է, բայց մի ողջ կյանք` 48 տարի, ապրում եւ աշխատում է Սիսիանում, ու իրեն սիսիանցի է զգում, ու շնորհակալ է այն ամենի համար, ինչ տվել են իրեն Սիսիանն ու սիսիանցիները: «Սիսիանն ինձ տվել է բժշկի համար ամենաթանկ բանը` իր սերն ու հարգանքը, իր անափ շնորհակալությունը: Բայց քանի որ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է, ես էլ նրան տվել եմ իմ անմնացորդ նվիրվածությունը, սրտացավությունը, օգնելու, կարեկից լինելու ճիգն ու ջանքը»,- ասում է բժշկուհին եւ հավաստում, որ 48 տարի շարունակ ամեն առավոտ տնից դուրս է գալիս եւ գնում աշխատանքի նույն խանդավառությամբ, ավյունով, պատասխանատվությամբ, եւ, անշուշտ, մարդկանց օգտակար լինելու ազնիվ ու բարի ցանկությամբ:

«Երբ 1970-ին ավարտեցի Երեւանի պետական բժշկական համալսարանը, առողջապահության նախարարությունն ինձ ու ամուսնուս` Սերգեյ Համբարձումյանին ուղեգրեց Սիսիան: Ես մանկաբույժ էի, ամուսինս` սանէպիդկայանի գլխավոր բժիշկ: 10 տարի մանկաբույժ եմ աշխատել: Սիսիանի հիվանդանոցում 4 տարի ակնաբույժ չկար, եւ ինձ առաջարկեցին վերապատրաստվել որպես ակնաբույժ, ու ահա արդեն 38 տարի ակնաբույժ եմ աշխատել հոսպիտալում, հիվանդանոցում, Սիսիանի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում: 38 տարիների իմ աշխատանքի ընթացքում բուժզննում անցած իմ գործերի մեջ ոչ մի վերադարձ չեմ ունեցել, ոչ մի խախտում չի արձանագրվել, դա իմ աշխատանքի ամենամեծ գնահատակններից է»,- ասում է բժշկուհին:

Ուսերին` տասնամյակների վաստակի բեռն է, թիկունքում` հարուստ մի կենսագրություն… Մոտ կես դար ձգվող աշխատանքային տարիները ի վիճակի չեղան  փոխել նրան… Էությամբ նույն լավատեսն է, նույն կարեկիցը, նույն հասնող-օգնողը, նույն սրտացավն ու բարեհոգին…

Քանի որ մեր զրույցն էլ կանանց տոների միամսյակի շրջանակներում է, ասում է, որ կինը միշտ պիտի գեղեցիկ լինի, կնոջ աչքերը պիտի փայլեն, երջանիկ լինի, որ լույսը չպակասի նրա աչքից, սրտից, մտքից, հոգուց ու աշխարհից…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

6 մեկնաբանություն ՆՐԱ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՈՉ ՈՔ ԴԺԳՈՀ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ… հոդվածին

  1. Julieta Muradyan says:

    Բժշկուհի ջան, քեզ ամուր առողջություն, եռանդ ու ջանասիրություն, ի նպաստ մեր ժողովրդի։

  2. Մեր բարեհոգի, սրտացավ, սիրառատ բժշկուհի ջան, որքան շատ ենք սիրում ձեր անմիջական և սիրալիր վերաբերմունքը…ապրեք առողջ և երկար՜…)))

  3. Marine Galstyan says:

    Bari,paycar bjshkuhi Axun jan

  4. Svetik Khachatryan says:

    Tox misht lusatu lines bolori hamar…

  5. Hermine says:

    Hmayich, kanaci , shat bari, qnqush im mayrik.ta astvac qez erkar kyanq,ev shat erkar tarineri ashxatanq. du shat es nvirvac qo joxovrdin, ev ches karox aranc irenc. hamburum em im kyanq!!!

  6. Դոնարա says:

    Մեր շատ սիրելի ակնաբուժ և տատիկ։😊
    Բոլորս հպարտանում ենք քեզնով և քո կատարած բարեսիրտ գործով։Աստված թող քեզ քաջ առողջություն եվ երկարատև կյանք տա։Թող քո բարի գործերն ավարտ չունենան և բարին հետ գա քո և քեզ շրջապատող մարդկանց մոտ։Թող միշտ հաջողությունն ու մեծ ձեռքբերումներն քեզ ուղղեկից լինեն ու թող միշտ գարնանային գեղեցիկ օրերն ամեն օր քեզ մի նոր բարի աշխարհ բերեն։Մենք քեզ շատ սիրում ու շատ համբուրում ենք։❤ 😚

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *