ՇԱՄԲ. ԵԶԵՐՔ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ

Ձորերի  մրգի ու բանջարեղենի համ ու հոտի համբավը Ձորերից դուրս էլ հայտնի է: Երեւի նաեւ նրանից է, որ հողի մեջ արեւն այստեղ ավելի շատ է, հողագործի սերն ու քրտինքը` ավելի շատ ու ապրեցնող հույսը` ավելի շատ:
Թեեւ այս տարվա բնակլիմայական անբարենպաստ եղանակները Ձորերում միրգ չթողեցին, բայց բանջարեղենը հուսախաբ չի անում: Այս տարին էլ, կարծես, լրիվ անակնկալ էր բանջարեղենի մշակությամբ զբաղվողների համար: Անցյալ տարվա` կարտոֆիլի չիրացումից հիասթափված շատ մենատնտեսներ կրճատեցին ցանքատարածությունները, եւ ահա… կարտոֆիլի գինը բարձրացել է: Ով ցանել էր, գոհ մնաց, ով քիչ էր ցանել, փոշմանեց, դե ով էլ չէր ցանել, չէր չանել…
Շամբում բնակվող Սոֆյա Գեւորգյան եւ Ալբերտ Հարությունյան ամուսինների բախտը այս տարի բերել է: Թեեւ արդեն 10 տարի է, ինչ զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մեծածավալ արտադրությամբ, բանջարեղենի գների այսպիսի բարձրացում առաջին անգամն են արձանագրում: Ե՛ւ ուրախանում են, ե՛ւ զարմանում: Ախր ամեն տարի էլ նույն քափ-քրտինքն են դնում հողի մեջ, նույն գիշեր ու զօր աշխատանքը կատարում, ի՞նչ է` տարին անբարենպաստ պիտի լինի, որ գյուղացու քրտինքը արժեք ունենա, աճեցրած բերքը` գի՞ն:
Սոֆյան ու Ալբերտն էլ, շատերի նման, հուսահատությունից, զբաղմունք, աշխատանք չլինելուց դրդված, ընտանիքը կերակրելու, 3 զավակներին պահել-մեծացնելու հոգսի տակից մի կերպ դուրս գալու մղումից են գնացել դեպի հողը…ինչը հետո դարձել է նրանց կենսակերպը:
Ավանային կյանքին, գրեթե քաղաքային կենցաղին մոտ շամբեցիներն էլ դժվար «հրաժեշտ տվեցին» պետական գործ, պետական աշխատատեղ բացվելու անցյալի մտածելակերպին եւ հասկացան, որ իրենց աշխատատեղն էլ, իրենց աշխատանքն ու աշխատավայրն էլ իրենք են ստեղծելու, եւ Միջնադաշտի հողն ու այգիներն են իրենց «գործարանը» եւ իրենց «աշխատատեղը»: Իսկ ով ավելի շուտ դա հասկացավ, հողն այնքան ավելի արագ ամրացավ նրա ոտքերի տակ:
Սոֆյա ու Ալբերտ ամուսինները 17 առու կաղամբ ու կարտոֆիլ ցանելուց սկսեցին: Ու մինչ օրս էլ, թեեւ նրանց ցանքատարածությունը հիմա 1,5 հեկտար է, չեն մոռանում այդ 17 առվից ստացած բերքի պատճառած բերկրանքն ու գոհացնող արդյունքը: Մինչ այդ Ալբերտը ուրիշ արտադրողներից էր գնում բանջարեղեն եւ ծանոթների, ընկերների միջոցով իրացնում մարզի տարբեր բնակավայրերում: Վերջնական արդյունքում տակը բան չէր մնում, բացի հոգնատանջ վազքից, ճանապարհների վրա սպառած թանկ ժամանակի կորստից, ու մի օր էլ, 10 տարի առաջ, որոշել է ինքն արտադրությամբ զբաղվել եւ կարճ ժամանակ հետո համոզվել է, որ ամենաձեռնտու քայլը դա էր:
Հողին եւ բնությանը մերձ այս բնակավայրում, բարեբախտաբար, մարդկային ու բարոյական մաքուր փոխհարաբերությունները դեռեւս պահպանվել են, եւ Շամբում հարգված այս ընտանիքին սկզբում շատերն էին օգնության ձեռք մեկնում, անգամ` դպրոցականներն էին մասնակցում բերքահավաքին: Բայց արդեն 4-5 տարի է, ինչ 5 կանայք` Լուսիկը, Զեմֆիրան, Անահիտը, Վարդիկը, Ռայան Սոֆյայի եւ Ալբերտի տնտեսության հիմնական աշխատողներն են ու գոհ են: Դաշտում աշխատելու ժամանակ էլ, Սոֆյան, ասել-խոսելով, սուրճ ու համեղ ուտեստներ հյուրասիրելով հետաքրքիր ու հաճելի է դարձնում նրանց օրը: Ուշադիր է նրանց նկատմամբ, մարտի ութերին անակնկալներ է մատուցում նրանց, 2008-ին նրանց Ջերմուկում հանգստանալու եւ էքսկուրսիա կազմակերտելու հնարավորություն ընձեռեցին, գտնելով, որ դա էլ է մտնում «բանվոր պահելու» պարտադիր պայմանների մեջ: Թեեւ սեզոնային է նրանց աշխատանքը, բայց սեզոնով չի ավարտվում նրանց մարդկային ու համագյուղացի լինելու փոխհարաբերությունները:
1,5 հեկտարի վրա Ալբերտն ու Սոֆյան մշակում են կարտոֆիլ, կաղամբ, ծաղկակաղամբ, գազար, բազուկ: Ծաղկակաղամբի պահանջարկը տեղում էլ կա. գնորդները Շամբ, Դարբաս, Որոտան գյուղերի բնակիչներն են: Ամուսինները չեն դժգոհում իրենց` տարիների աշխատանքի արդյունքից, մտադիր են նույնիսկ մոտ ապագայում ընտանիքով քաղաք տեղափոխվել, զավակների` Աննայի, Մարիամի, Արամի ապագան Շամբում անորոշ պատկերացնեով: Եթե իրենք հողին ու անցումային կոչվող հարատեւ ժամանակներին «զոհ» գնացին, նույնը չեն ցանկանում իրենց զավակների համար: Ճիշտ է, հողագործությամբ զբաղվելն է, որ նրանց համար քաղաքում ապրելու ճանապարհ ու հնարավորություն է ստեղծել, բայց այդչափ չարչարանքով ու այդքան տանջանքով քաղաքում ավելի շատ բանի կարելի է հասնել, որովհետեւ, միեւնույն է, հողի աշխատանքը շարունակում է մնալ ծանր ու դաժան: «Հողը վարձակալությամբ ենք վերցրել,- ասում է Սոֆյան,- աշխատողներին վճարում ենք, էլիտար սերմացու եւ թունաքիմիկատներ ենք ձեռք բերում, բայց ամեն տարի չէ, որ բանջարեղենը կարող ես բարձր գնով իրացնել, սա էլ ինչ բան էր, եւ ի՞նչ իմանաս, թե հաջորդ տարին ինչ է լինելու: Բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվողի խնդիրներն այնքան շատ են. բերքը վաճառելու պայմանագիր չունենք, իրացման շուկայից շատ ենք հեռու, տարածաշրջանը, հատկապես` մեր Ձորերը շատ են կտրված, եւ ոչ ոք այս բնակավայրին ուշադրություն չի դարձնում, ջրի վարձերն են թանկացնում, տեխնիկա չունենք, ինչի պատճառով երկակի, եռակի աշխատանք ենք կատարում: Եթե այս հարցերը լուծված լինեին ու արտադրողին մնար միայն արտադրանք տալը…բայց դա, երեւի, երազանք է մեզ համար: Դա է պատճառը, որ մարդ մտածում է թողնել-գնալու մասին, մեկ է, ամեն տեղ էլ դժվար ենք վաստակելու մեր հանապազօրյա հացը»:
…Բնության իսկական դրախտավայր է Շամբի տարածքը` ջրամբարով, մեղմ ու տաք կլիմայով, համեղ միրգ ու բանջարեղենով, մարդկանց պարզությամբ եւ շիտակությամբ, բայց Շամբ-դրախտավայրն էլ, կարծես, առկա դժվարությունների ճիրաններում, կորցնում է իր հրապույրը, երբ ծնողը դժվարանում է իր երեխայի համար նոր կոշիկ ու շոր գնել, դասագրքերի գումար հայթայթել, եւ դրանից է, որ օտար ափերի անորոշ, բայց շլացուցիչ լույսերի փայլը անդիմադրելի հրապույրով դեպի իրեն է ձգում անգամ հողն այնքան սիրող ու ոտքերով եւ մտքերով հողին ձուլված Ձորի մարդուն…

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *