ՇԱՏ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՒժԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆ ԵՆ

Մայրության և գեղեցկության տոների միամսյակի շրջանակներում  մայրանալու  հրաշքի և առողջական խնդիրների մասին զրուցեցինք Սիսիանի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ, բժիշկ Գոհար Առաքելյանի հետ:

-Նշում ենք կանանց միամսյակը. ի՞նչ է արվում Սիսիանի հիվանդանոցում կանանց գինեկոլոգիական առողջության առումով:
-35-65 տարեկան կանանցից, վեց ամիսը մեկ անգամ, անվճար,  ՊԱՊ քսուք է վերցվում` արգանդի քաղցկեղը հայտնաբերելու նպատակով: Կա նաև մամոգրաֆիկ կենտրոն` կրծքագեղձի ուռուցքի վաղ հայտնաբերման համար: Անընդհատ ընտանիքի պլանավորման իրազեկում ենք անում` զրուցելով կանանց հետ, ծանոթացնում ենք բեղմնականխման մեթոդներին, բուկլետներ ենք բաժանում, այդպիսով նվազեցնում ենք աբորտների ահռելի թիվը:
-Ձեր աչքի առջև գրեթե ամեն օր կինը մայր է դառնում, և Դուք, թերեւս,  բոլորից լավ կնկարագրեք կին-մայր տարբերությունները:
-Մայրությունը բնության մեծագույն հրաշալիքն է` շնորհված իգական սեռին: Հղիանալուց հետո օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում: Որոշ օրգան-համակարգեր սկսում են կրկնակի, եռակի ծավալով աշխատել: Հղի կանայք դառնում են ավելի զգայուն, նուրբ, հուզական, այդ իսկ պատճառով պետք է քնքշորեն վերաբերվել նրանց հետ: Ծննդաբերությունն էլ է հրաշք, իզուր չի ասված, որ կինը ազատվում է, իսկապես մայրն ազատվում է բռնող-թողնող ցավերից` կծկանքներից: Իսկ հինգ րոպե անց, քիչ առաջ ցավ քաշող կինը, իր ինքնազգացողության վերաբերյալ հարցին ի պատասխան ժպտում է ու ասում` «շատ լավ եմ»:
-Կանայք, երբեմն, նախընտրում են ծննդաբերել Գորիսում կամ Երևանում: Սիսիանի հիվանդանոցի մասնագիտական  կազմը և սարքավորումները  արդյոք չե՞ն զիջում Գորիսի կամ մայրաքաղաքի ծննդատներին:
-Սիսիանի ծննդատունը, եթե համեմատելու լինենք շրջանային այլ ծննդատների հետ, տարբերություն չկա: Մենք ունենք հագեցած լաբորատորիա, որտեղ ստուգվում են սեռավարակները և մնացած բոլոր բիոքիմիական անալիզները: Ծնարանում` կարդիոգրաֆն է, նորածնային վերականգնողական սեղանը, րեանիմացիոն բլոկը: Վերոնշյալները սարքավորումներ են, որոնք  շրջանային հիվանդանոցներից գուցե տասն ունեն: Մասնագիտական առումով ևս խնդիր չունենք: Կեսարյան հատումը կատարում ենք, կիստաները վիրահատում ենք, մնացած պլանային աշխատանքները կատարում ենք: Իսկ «մազից պրծած» դեպքերում կապվում ենք մայրաքաղաքի հետ, որտեղից հատուկ մասնագետների բրիգադը շտապում է օգնության: Բարդ դեպքերը նախապես ուղեգրում ենք Երևան. առողջապահության նախարարի հրամանն է:
-Ինչպես ասում են` տխուր է, բայց փաստ  այնպիսի երևույթի գոյությունը, ինչպիսին մեռելածնությունն է:  Կա՞,  արդյոք, հստակ թիվ կամ համեմատություն, ըստ որի այդ տխուր թիվը չի գերազանցում այլ վայրերի ծննդատներում գրանցված դեպքերը:
-Մենք ամեն տարի տարեվերջին հաշվետվություն ենք ներկայացնում  առողջապահության նախարարություն. հաշվետվությունը հանձնելուց հետո  եկա այն եզրակացության, որ մեզ մոտ մեռելածնության դեպքերն ավելի քիչ են եղել անցյալ տարի, այս տարի, բարեբախտաբար, չունենք: Իսկ նման դեպքերի եւ լուրերի մասին լսելիս միայն  սարսափում ես:
-Ձեր մաղթանքները
-Թող ծնունդները, որքան հնարավոր է, ավելանան: Շատ երեխաները ամուր ընտանիքի հիմքն են, իսկ ամուր ընտանիքը ուժեղ պետության երաշխիքն է:

Տիգրանուհի ԲԱԴԱԼՅԱՆ   
ԵՊՀ Ժուռ. ֆակ-ի ուսանողուհի   

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *