ՇԱՔԵԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Շաքեի համայնքի ղեկավար Վաղինակ Առաքելյանի հետ մեր զրույցը պայմանավորվեց նաեւ նրանով, որ նրա հետ մեկ էլ հարցազրույց էինք վարել նրա` պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ, եւ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ է փոխվել այս 3 տարիների ընթացքում, արդարացվե՞լ են նրա ակնկալիքներն ու պատկերացումները համայնքապետի պաշտոնի հանդեպ, եւ արդարացրե՞լ է ինքը ընտրողների հույսերը:
Հենց սկզբից ասենք, որ Վաղինակ Առաքելյանը պահպանել էր լավատեսությունը, քանի որ, իր խոսքերով, թեեւ ոչ հարյուր տոկոսով, բայց այս 3 տարիների ընթացքում կարողացել է կատարել նախընտրական իր հիմնական խոստումները եւ իրականացնել այն խնդիրները, որ նախատեսել էին քառամյա ծրագրով:
Համայնքի ղեկավարը համայնքի հաջողություններն առաջին հերթին պայմանավորեց գյուղատնտեսական բարենպաստ տարով, բայց չմոռացավ ասել, որ միայն դա քիչ կլիներ: Իրենք նաեւ արդյունավետ աշխատել են, եւ իրենց շատ են օգնել այլ կազմակերպություններ, մասնավորաբար` «Վորլդ Վիժնը», ում աջակցությամբ 2 մլն 300 հազար դրամի աշխատանք կատարելով` միավորվել են համայնքի` խմելու ջրի ավազանները` լուծելով համայնքի բնակչության 30 %-ի խմելու ջրի հարցը: Եվ կրկին «Վորլդ Վիժնի» աջակցությամբ ծրագիր են մշակում մնացած ավազանները եւս միավորելու` ամբողջությամբ լուծելով համայնքի` խմելու ջրի խնդիրը:
Մեր հարցին, թե առանց դոնոր կազմակերպության աջակցության, միայն սեփական եկամուտներով եւ պետական դոտացիայով, հնարավո՞ր է լուծել համայնքային կարեւոր ու կենսական խնդիրներ, Վաղինակ Առաքելյանը միանշանակ բացասական պատասխան տվեց` ասելով, որ համայնքային խնդիրներն այնքան շատ են եւ ծախսատար, որ առանց դոնորների հնարավոր չէ դրանք լուծել, ու դրա համար շատ հարցերի լուծում պայմանավորում են միայն նման աջակցություններով:
Համայնքի ղեկավարն ասաց, որ, այնուամենայնիվ, համայնքի բյուջեով նույնպես շատ հարցեր են լուծում, եւ առանձնացրեց ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը, եկեղեցի տանող ճանապարհահատվածն անցանելի դարձնելը, գյուղամիջում հանգստյան գոտու ստեղծումը, կանաչապատումը, Մեծ հայրենականում զոհված շաքեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատի` վթարված հատվածի վերականգնումը, ցանկապատումը, 2,5 կմ ոռոգման ջրի ջրագծի կառուցումը, որն իրողություն դարձնելուն ֆինանսապես օգնել է նաեւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: «Մեր սուղ բյուջի հաշվին անում ենք այն, ինչ կարողանում ենք»,- հավելում է համայնքի ղեկավարը` մեծ կարեւորություն տալով, անշուշտ, պետական դոտացիային: Պետական աջակցությունը համայնքին, ըստ համայնքապետի այն կլինի, որ դիզվառելիքն ու պարարտանյութը մատչելի լինեն, որ նոր գյուղտեխնիկա գնելու հնարավորություն լինի, որ համայնքների զարգացման ծրագիրը չմնա սոսկ խոստում, որ կարողանան արոտներ եւ խոտհարքներ տանող ճանապարհներ բացել, որ… «Թե չէ` ինչ կախված է մեզանից, ժողովրդին յոլա ենք տանում: Եթե բյուջեում 1-2 կոպեկ է գոյանում, մտածում ենք մի օգտակար հարց լուծել, լուսավորման մի կետ եւս ավելացնել, համայնքային մի փողոց էլ փոսալցնել, բայց` ընդհանուր առմամբ խեղճի վիճակ է»,- ասում է Շաքեի համայնքի ղեկավարը` ժպտալով Գետաթաղի համայնքի ղեկավար Արթուր Դավթյանի` «Արի մերը տանք ձեզ» դառը հումորի վրա:
Համայնքում լուծվող կամ չլուծվող խնդիրները որքանո՞վ են պայմանավորված համայնքի ղեկավարի ղեկավարման ձիրքով ու անհատական որակներով մեր հարցին Վ. Առաքելյանը տվեց անկեղծ պատասխան` ասելով. «Համայնքի ղեկավարի լավ ու վատով չի: Եթե ես լավը լինեմ, բայց` պարարտանյութը թանկ լինի, վառելիքը թանկ լինի, համայնքի ղեկավարն ի՞նչ անի: «Վորլդ Վիժն», Ակցիա սովի դեմ կազմակերպությունների, Վիվա Սելի, Սոցներդրումների հիմնադրամի միջոցով փորձում ենք խնդիրներ լուծել, գլոբալ խնդիրներ, մշակույթի տուն վերանորոգել, համայնքի վարչական շենք կառուցել, մանկապարտեզի շենք: Շատ հարցերի լուծում էլ մեզանից դուրս է: Բայց գոհանալու շատ տեղեր էլ ունենք. օրինակ` մանկապարտեզ, ուր  47 երեխա է հաճախում, չնայած շենքը չունենք, բուժկետ ունենք, դարձյալ շենքը չունենք: Սա է իրական համայնքային կյանքը»,- ասում է համայնքի ղեկավարը:
Շաքեի համայնքի բյուջեն 33 մլն դրամ է: Գետաթաղի համեմատ` թվում է ահռելի գումար: «Բայց դրանով լուրջ ու համայնքային գլոբալ խնդիրներ չենք կարող լուծել»,- ասում է Վ. Առաքելյանը: Շաքեն, իհարկե, Գետաթաղի համեմատ այլ առավելություններ էլ ունի. մայրուղուն, քաղաքին մոտ է, բանուկ է, բայց, միեւնույն է, համայնքային լիազորություններն են սահմանափակ: Ու Վ. Առաքելյանն իր առաջարկություններն է անում, ասելով, որ վատ չէր լինի, եթե համայնքին վերաբերող նոտարական, կադաստրային ծառայությունները սպասարկվեին հենց համայնքում, եւ դրա համար նախատեսված գումարներն էլ կգնային համայնքային բյուջե` նպաստելով համայնքային խնդիրների լուծմանը:
Մեր առարկությանը, որ դրա համար համայնքն անհրաժեշտ կադրեր պիտի ունենա, համայնքապետը հակադարձեց, ասելով, որ նախկինում էլ այդպես էր, եւ այդ աշխատանքները կատարում էին գյուղխորհուրդների քարտուղարները եւ վատ չէի կատարում: «Այդ դեպքում տեղական ինքնակառավարման իմաստը ո՞րն է, որ նրա գործառույթներն այլ կառույցներ պիտի կատարեն»,- պնդում է համայնքապետը: Նա կարծում է, որ դրանով կաշխուժանա նաեւ համայնքի բնակիչ-համայնք կապը, համայնքապետարանն ավելի ակտիվ կդառնա, գյուղի շունչը կթարմանա: Թե չէ` գյուղ ասելով հասկանում ես միայն հող, մեխանիզմ, ոռոգման ջուր, հոգս, հոգս ու էլի հոգս…
Շաքեի համայնքապետը տեղական ինքնակառավարման համակարգը համարում է արդյունավետ ու արդարացված, եթե… համայնքը կայուն ֆինանսական աղբյուրներ ունենա: Եթե… ու նորից ետ է գնում դեպի անցյալը, ասելով` այն ժամանակ ֆինանս կար, խնդիրները չեն լուծվել, հիմա ուզում ենք խնդիր լուծել, ֆինանս չկա: Բայց նաեւ չի հուսահատվում, ասելով` ՏԻՄ ղեկավարը պետության ներկայացուցիչն է, եւ ինքն է պարտավոր համայնքի բնակչին նեցուկ լինել, ոչ թե` տրտնջալ չեղած բաների ու լի ու լի դժվարությունների համար:
Թո՛ղ որ: Թող որ Շաքեի համայնքի ղեկավարի լավատեսությամբ բոլորենք ՏԻՄ 15, 16 եւ մնացյալ բոլոր ամյակները, հավատալով, որ Գետաթաղի համայնքի համայնքապետի հիասթափությունը  նրան, այնուամենայնիվ, դեռ չի սպառնում:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *