ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՀԵՏ ՆՈՐԱՆԱԼՈՎ

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Հրաժեշտի ու հանդիպման
Երանելի մի ակնթարթ …
Զրը՜նգ, զրը՜նգ, – ծոր է տալիս
Ժամացույցի զանգը հանդարտ:
Սեղանների վրա թողած
Իր օրհնությունն ու իր բարին,
Հարազատի հոժարությամբ
Հեռանում է հոգնած տարին:
Մանուկ տարին իր սպիտակ
Խանձարուրից աչքը բանում,
Ուրախություն, ուրախություն,
Ուրախություն է խոստանում:
Ուրախանանք նոր տարու հետ-
Նոր տարու հետ նորանալով,
Հին հոգսի հետ մեր քունքերի
Ճերմակն անգամ մոռանալով …
Եկեք մաղթենք-այսպես կանգնած
Սեղանների շուրջը հարուստ-
Գնացողին՝ բարի ճամփա,
Ու եկողին՝ բարի գալուստ:
Խմենք կենացն այս նոր տարու,
Մի քիչ բացվենք ու արթնանանք,
Տխրությունը միշտ կը լինի,
Այսօր մի լավ ուրախանանք,
Մեր սրտերում ուրախության
Կրակն  այնպես թող ճարճատի,
Որ ծիծաղներ ծաղկին՝ ծալ-ծալ
Ակոսներում մեր ճակատի:

Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ նորանալով,
Դալարելո՛վ մեր կյանքն ապրենք,
Ոչ թե՝ դանդաղ չորանալով …
Խաղաղություն մաղթենք հողին,
Մաղթենք՝ ամեն սար ու ձորում
Բողբոջներին բացվելու բախտ,
Եւ ծիլերին՝ հասկավորում:
Սիրողներին մաքուր սիրո
Հավատ մաղթենք մի հաստատուն,
Իմաստունին կորով մաղթենք,
Եւ կտրիճին՝ իմաստություն:
Մերձավորին վստահություն,
Մեծավորին՝ ներող հոգի,
Բարուն ազատ թեւեր մաղթենք
Եւ բարություն՝ ամեն ոքի:
Բոլոր մարդկանց մաղթենք՝ իրար
Ջերմացնող մի ջերմություն,
Մի մտերիմ, մի մտերիմ,
Մի մտերիմ մտերմություն:
Ուրախանանք նոր տարու հետ
Նոր տարու հետ նորանալով,-
Մեզ ավելի լավ ճանաչենք
Մեր հուգու մեջ խորանալով…
Եկեք խմենք մեր այս միակ,
Անկրկնելի կյանքի կենաց,
Մեր ձեռքերի ճարտարության
Ու մեր արդար ջանքի կենաց,
Այս նոր տարվա առաջին ձյան
Եւ առաջին ծաղկի կենաց …
Զարկենք թասերն ու դատարկենք
Մեր այս սեղան-սինու կենաց,
Քանի գինին մեզ չի խմել,
Խմենք նաեւ գինու կենաց …
Մեր սրտերում ուրախության
Կրակն այնպես թող ճարճատի,
Որ էլ հոգսի հետք չմնա
Կնճիռներում մեր ճակատի:
Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ զորանալով,-
Շտկենք սապատն այս աշխարհի,
Թեկուզ մի քիչ կորանալով:

29.12.2014 թ.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *