ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Սիրելի՛ հայրենակիցներ, ահա վերստին կանգնած ենք տարեմուտի շեմին և ինքներս մեզ հաշվետվություն ենք տալիս մեր խղճի առաջ արդեն անցած տարվա կատարված գործերի համար և միևնույն ժամանակ մտովի ուրվագծում ենք ապագայում կատարվելիք գործերը: Մինչդեռ մենք մտածում ենք, դարերի խորքից մեզ են ձայնում հրեղեններն ի լուր աշխարհի. «Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար մի փրկիչ ծնվեց, որ Օծյալ Տերն է..»:
Նա իր եզակի ծննդյամբ եկավ փնտրելու ու փրկելու իր իսկ զավակներին, որոնք մեղքի պատճառով հեռացել էին հայրական օջախից: Տերը եկավ ոչնչացնելու թշնամությունն ու ատելությունը, քենն ու ոխակալությունը և փոխարենը պարգևելու հավատք, հույս, սեր և խաղաղություն: Եկե՛ք, սիրելինե՛ր, մենք էլ մեր սրտերը Նրա համար դարձնենք Բեթղեհեմյան մսուր, որպեսզի Քրիստոս Մանուկը ծնվի նաև մեր սրտերում և պարգևի մեր հոգիներին խաղաղություն, շենացնի մեր օջախներն ու հայրենին, խաղաղություն պարգևի  համայն աշխարհին` այն լցնելով իր Աստվածային սիրով և օրհնությամբ: Թող 2011 թվականը բոլորիս համար լինի աղոթքի, առողջության, խաղաղության, նորանոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՅԱՅՏՆԵՑԱՎ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

Լավագույն բարեմաղ-
թանքներով և օրհնությամբ`

Գրիգոր քահանա Հովսեփյան
Սիսիանի շրջանի հոգևոր հովիվ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *