Շնորհավոր ծնունդդ, Համո Սահյան

Մոտենում է ծննդյան տարեդարձդ. ձորում մասրենին իրար է անցել, Լորագետը աշխույժ է հոսում, ու քարափը լցվում է խինդով, ծիլերը սկսել են կանչել.
-Դռները բացեք, գարուն է գալիս։
Լռության համերգում Սահյանի ձայնն է.
-Ինձ բացակա չդնեե՜ք։
Եվ գյուղը, ձորը, քարափն ու կիրճը կանչում են ինձ քո համերգին, որի բեմում միայն նա է` քարափների երգիչ, մեր հայրենակից, Համո Սահյան բանաստեղծ- որդին, ով գիտի իր եզերքի ամեն քարն ու թուփը, ում քիմքը կարողանում է զգալ խնջլուզի բույրը, հայրենի Իլորի հացի համն ու հոտը, թանապուրի տաք գոլորշին և Սահակ դայու օջախի ծուխը։ Արևը բարձրանում է սարից, և ձորը` ծաղիկների ծովի մեջ ընկղմված, ուզում է համբուրել բանաստեղծ որդու ծնված օրը, հետո այդ օրվա շիրիմը, հետո Գայանե մամին, ով բանաստեղծ է երկնել։
Մայրի’կ, ինձ հաճախ ապտակում էիր,
Ու ցաված տեղս համբուրում էիր…
Այն մորը, ով վաստակած իրիկնահացին շարում էր իր զավակներին` մեծից փոքր ու պատվիրում սպասել պապին` տան նահապետին, ով կալ էր կալսել, արտ վարել ու սպասել, սպասել, սպասել… լավ օրվան, պայծառ գալիքին, իր զավակների աստեղային ժամին, ավագ որդու անմահությանը, որ փոքրիկ, ափաչափ Լորը ու նրա եզերքը բանաստեղծության տող դարձրած` շրջում է ամենքի շրթին, ծվարում ամեն գրքի էջին և քերականական հարց դառնում հայոց լեզվի շտեմարաններում։ Սահյանը ոչ միայն բանաստեղծ է, այլև հիանալի լեզվաբան` իր կառուցած խոսքով, իր կերտած տողով, իր ողջ էությամբ։
Բանաստեղծությունն ամենից առաջ
Ինձանից պոկված իմ էությունն է։
Ապրում եմ այս եզերքում, վայելում լուռ ներկայությունդ, ըմբոշխնում ծաղկած մասրենու` ձոր բերած բույրը և լսում Գյազբելի հովերի չոբանների կանչը, որ միշտ քո ականջում է, էս դժվար ճամփեն քեզ ուր էլ տանի։
Ապրում եմ միայն քո տողերով և քո իմաստնությունը, անարդարության փարոս դարձրած, ուզում եմ ասել.
Շնորհավոր ծնունդդ, պոե’տ,
Շնորհավոր օրդ պայծառ,
Ձորը տոնում է տոնդ
Հորովելներով պարզ ու կայտառ։
Պոետ է ծնել Լորը,
Պոետ է երկնել ձորը,
Լեռներից կանչող,
Քարափը երգող,
Անմահ պոետ է ծնել
Այս Լորը։

Լուսինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *