Ո՛ՂՋ ԼԻՆԵՔ, ՏՂԵ՛ՐՔ…

Վաղ առավոտից Սիսիանի պանթեոնում եռուզեռ էր. ազատամարտիկները մաքրում էին նահատակ ընկերների տապանաքարերը, հնձում չորացած խոտը, ուղղում թեքված ու ծռված քարերը, հարթեցնում անցուղիները, թարմացնում խոտածածկը, ջրում տարածքը: Ազատամարտիկ Սեյրան Զաքարյանն ասաց, որ երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չի ապրում, բայց ամեն անգամ, երբ գալիս է Սիսիան, անհնարին է, որ չայցելի իր ընկերներին, մտովի չվերապրի այն հերոսական օրերը, ու նորոգված հույսով, որ զուր չի թափվել նրանց արյունը, հրաժեշտ չտա նրանց: «Այս տարի եկել էի Սիսիան, որ թոռնիկներիս ճանապարհեմ դպրոց, ու արդեն պատրաստվում էի մեկնել, բայց իմացա, որ տղաները որոշել են շաբաթօրակ կազմակերպել պանթեոնում, հետաձգեցի թռիչքս ու մնացի, որ օգնեմ, իմ պարտքը կատարեմ, հարգանքիս տուրքը մատուցեմ մարտական ընկերներիս»,- ասաց Սեյրան Զաքարյանը: Կողքից ընկերները հուշեցին, որ Սեյրանը հիշում է զոհված բոլոր ընկերների ծննդյան ու զոհվելու օրերը եւ Սոչիից զանգահարում է, հիշեցնում այ41801217_754338624914772_2411808777348055040_nցելել նրանց… «Սա մեր ապրած կյանքն է, մերն է, մեր պատմությունը, ու ապրողներս պարտավոր ենք հիշել, հարգել, խոնարհվել մեր նահատակ ընկերների շիրիմներին, նրանք զոհվել են, բայց ապրում են մեր մեջ, մեր պատմության մեջ, մեր հաղթանակի մեջ»,- ասում է ազատամարտիկը ու հավելում, որ Սոչի վերադառնալիս իր հետ կտանի այս հիշողությունը, օրվա տպավորությունը, ու մեկ անգամ կհավաստի, որ ինչպես միասին էին մարտադաշտում` հաղթանակը կռելիս, միասին են նաեւ հիմա, քանի որ իրենք` ազատամարտիկները, ճակատագրով են անբաժան:

«Հիմա կարող եմ բացճակատ նայել իմ զոհված ընկերների հարազատների աչքերին, ու մեղավոր չզգալ… Ուրիշ ո՞վ պիտի անի, եթե ոչ` մենք: Սա մեր հոգու պարտքն է»,- ասում է Հոպարը` Ֆելիքս Գրիգորյանը:

Զրույցին միանում է Աշոտ Մինասյանը եւ ասում, որ մեր կռիվը հարատեւ է, ասում, որ 2016-ի քառօրյան մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրենք` ազատամարտիկները, դեռ շարքերում են, դեռ անելիք եւ ասելիք ունեն, այսօրվա զինվորի կողքին կանգնելու, երկրի սահմանն անառիկ պահ41797666_543337089429679_4206045993910665216_nելու առաքելություն ունեն: «Պանթեոնները սովորեցնում են ապրել, սովորեցնում են հայրենասիրություն, սերունդների դաստիարակություն, պանթեոնները դաս են, ամբողջական դաս, ու, կարծում եմ, որ մեր պատմության, մայրենիի ուսուցիչները պետք է նաեւ այստեղ իրենց դասերն անցկացնեն, քանի որ այստեղ է նաեւ մեր եկեղեցին, Մեծ եղեռնի զոհերի հուշաքարը, սովորեցնեն, որ մեր կռիվը նաեւ հավատի համար էր»,- ասում է Աշոտ Մինասյանը եւ հավելում, որ սա սերունդներին կրթելու, դաստիարակելու, հայրենասիրությամբ տոգորելու սրբատեղի է: Շնորհակալություն հայտնելով մարտական ընկերներին միշտ իր կողքին լինելու, իրենց նահատակ ընկերների կողքին լինելու համար, նա շնորհակալություն է հայտնում նաեւ Սիսիանի զորամասի հրամանատարին, Սիսիանի համայնքապետին, կոմունալ բաժնին` իրենց օգնելու համար:

Աշխատանքն ավարտելուց հետո, օրվա վերջին, չխախտվող ավանդույթի համաձայն, տղաները կնստեն ընկերների շիրմաքարերի մոտ, բաժակ կլցնեն ու միմյանց կմաղթեն` ո´ղջ լինենք, տղե´րք…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *